Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղատոմսին: Ինչն օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դեղատոմսերը գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:
Եվ սնունդ, եւ դեղ
Ահա թե ինչ է գրում մեր նամակագիրներից մեկը. «Ես վաղուց եկել եմ այն համոզման, որ ցանկացած հիվանդություն կամ վատ ինքնազգացողություն պետք է բուժել համակարգային, պետք չէ հույսը միայն դնել դեղերի վրա, որոնք նշանակել է բժիշկը: Այստեղ պետք է հիշել, եթե չեմ սխալվում, Սոկրատի խոսքերը՝ «դեղամիջոցը պետք է սնունդ լինի, իսկ սնունդը` դեղամիջոց»: Իսկապես շատ իմաստուն է ասված: Այսօր ես ուզում եմ խոսել լոբու մասին: Լոբին հաճախ ոչ միայն որպես սնունդ է օգտագործվում, այլ նաեւ՝ որպես դեղամիջոց: Ընդ որում, բուժման նպատակով ավելի շատ ոչ թե սերմերն են օգտագործվում, այլ այն փեղկիկները, որոնց մեջ լոբու հատիկներն են: Օրինակ` ես ունեմ սրտային անբավարարություն, եւ հատկապես այտուցներ` այդ ֆոնի վրա, իսկ դրանից պատրաստված թուրմը բավականին թեթեւացնում է իմ վիճակը: 1 ճաշի գդալ մանրացրած լոբու չորացրած պատյանների` պատիճների վրա լցնել 2 բաժակ եռջուր, թողնել 1 ժամ եւ խմել կես բաժակից, օրը 3 անգամ` ուտելուց կես ժամ առաջ: Իսկ լոբու հատիկների ջուրը, որ մենք թափում ենք եփելուց հետո, շատ լավ է միզուղիների բորբոքային հիվանդություններին: Այն շատ լավ օգնում է նաեւ փորլուծության դեպքում: 1 ճաշի գդալ լոբու հատիկների վրա լցնել 1 բաժակ եռջուր եւ եռացնել գոլորշու վրա 30 րոպե եւ քամել տաք վիճակում: Երեխաներին տալ 2 ճաշի գդալից, 3-4 անգամ, ուտելուց հետո, իսկ մեծերը կարող են խմել բաժակի 1/3-ը»: Լոբու հատիկները պարունակում են 20 տոկոս բուսական սպիտակուց, մոտ 2 տոկոս ճարպ, ածխաջրեր` մոտ 58 տոկոս, եւ A,B1, B2, B6, K, PP, C վիտամիններ: Լոբին իր մեջ պարունակում է ամենաշատ բնական հակաօքսիդանտը` վիտամին E-ն, որը շատ լավ է մաշկին, մազերին ու եղունգներին: Լոբու հատիկների փոշին օգտագործվում է մաշկային հիվանդությունների դեպքում: Լոբու պատիճները շատ հարուստ են ֆոլաթթվով, որի պակասն օրգանիզմում հանգեցնում է էրիտրոցիտների ու լեյկոցիտների առաջացման պրոցեսի խանգարմանը: Իսկ լոբու մի քանի տեսակների մեջ էլ հայտնաբերվել են հակաուռուցքածին ազդեցություններ: Հետազոտությունները ցույց են տվել, որ լոբու ու ոսպի օգտագործումը՝ շաբաթվա մեջ երկու անգամ, կարող է կանխել կրծքի քաղցկեղի առաջացումը կանանց մոտ: Եվ բացի այդ, լոբազգիների սիստեմատիկ գործածությունը երիտասարդացնող ազդեցություն ունի: Լոբին խորհուրդ չի տրվում օգտագործել տարեցներին, քանի որ այն պարունակում է շատ պուրիններ: Բժիշկները նաեւ խորհուրդ չեն տալիս լոբի օգտագործել գաստրիտի սրացումների, ստամոքսի խոցի, պանկրեատիտի, խոլեցիստիտի եւ կոլիտի ժամանակ: Իսկ ահա շաքարային դիաբետով հիվանդներին խորհուրդ է տրվում շատ ուտել լոբի, քանի որ այն իջեցնում է արյան մեջ եղած շաքարի քանակը: Շաքարախտի դեպքում լոբին օգնում է հատկապես տվյալ բաղադրության մեջ` լոբու պատիճները, հապալասենու տերեւները, խատուտիկի արմատն ու եղինջի տերեւները: Յուրաքանչյուրից հավասարաչափ վերցնել, լավ խառնել իրար, ավելացնել 2 բաժակ եռջուր ու թույլ կրակի վրա եփել եւս 15 րոպե: Սառեցնել, 45 րոպե հետո քամել ու խմել կես բաժակից՝ օրը 3 անգամ:
Խորհուրդներ ընթերցողներից
Ծորենու (բարբարիս) չոր պտուղների (20 գ) վրա լցնել երկու բաժակ տաք ջուր, եփել 10 րոպե մարմանդ կրակի վրա, փակ կաթսայի մեջ, թրմել՝ փաթաթելով սրբիչով: Խմել կոլիտի (հաստ աղիի բորբոքման) դեպքում` կես բաժակ, օրը 3 անգամ` ուտելուց առաջ:
Օգտակար եփուկ ապագա մայրիկների համար
Մասուրի օգտակարության մասին գիտեն բոլորը: Մասուրի թեյն ու հյութերն օգտակար են հատկապես վաղ գարնանը, երբ օրգանիզմը շատ վիտամինների կարիք ունի: Առաջարկվող բաղադրատոմսը ողջ հղիության ընթացքում կարելի է կիրառել 2 շաբաթ, ավելին պետք էլ չի: 2-3 ճաշի գդալ մասուրի պտուղները լցնել կես լիտր եռջրի մեջ եւ 10 րոպե եփել թույլ կրակի վրա: Հետո թրմել 2 ժամ եւ քամել, խմել կես բաժակից: Թուրմի մեջ խմելուց առաջ 1 թեյի գդալ մեղր լցնել: Այս հասարակ բաղադրատոմսը սնուցող նշանակություն ունի:
Շաքարախտի համար
Շաքարախտի համար խորհուրդ է տրվում ընկույզի եւ հնդկաձավարի խառնուրդը 1:5 հարաբերությամբ աղալ, դարձնել ալյուր: 1,5 ճաշի գդալ ալրախառնուրդը լավ ծածկել մածունով, իսկ առավոտյան այդ խառնուրդն ուտել` վրայից 1 հատ քերած խնձոր: Օրվա ընթացքում ուտելուց 30 րոպե առաջ ընդունել այդ ալրախառնուրդից:
Ինչպես լոբազգիները, սմբուկով պատրաստված ճաշատեսակները եւս պետք է ներառել շաքարախտով տառապող մարդկանց սննդակարգի մեջ:
***
Հազարը` մարոլը, որ դժվար չէ այսօր ձեռք բերել, պատկանում է արժեքավոր դիետիկ բանջարեղենների թվին եւ ունի շատ բուժիչ հատկություններ: Այն եւս խորհուրդ են տալիս ընդգրկել շաքարով հիվանդների դիետիկ սննդի մեջ: