Քլինթոնը` «Ազատությունում»

07/04/2009

Կիրակի օրը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայան է այցելել ԱՄՆ պետքարտուղար, Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի նախագահ Հիլարի Քլինթոնը: «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նորակառույց շենքում շրջելուց եւ ռադիոկայանի նախագահ Ջեֆրի Գեդմինի հետ զրուցելուց հետո Հիլարի Քլինթոնը հանդիպել է ռադիոկայանի աշխատակազմի հետ: Իր ելույթում ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի դերն աշխարհում ժողովրդավարության տարածման եւ ամրապնդման գործում: «Վերջին անգամ ձեզ 12 տարի առաջ եմ հանդիպել, այդ ընթացքում դուք տեղափոխվել եք այս հոյակապ գերարդիական շենքը, ստեղծել եք Իրաքի, Իրանի, Հյուսիսային Կովկասի եւ Աֆղանստանի ծառայությունները, ապահովել եք լսարանի շեշտակի աճ եւ շարունակում եք մրցունակ լինել մամուլի արագ փոփոխվող դաշտում: Դրանք լուրջ նվաճումներ են»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը: Ընդգծելով, որ ռադիոկայանի աշխատակիցները հաճախ բռնությունների եւ հետապնդումների են ենթարկվում` Հիլարի Քլինթոնը նրանց երախտագիտություն է հայտնել իրենց մասնագիտական պարտքը բարեխղճորեն կատարելու համար: Նա վստահեցրել է, որ ամերիկյան ներկայիս վարչակազմը ուշադրության կենտրոնում կպահի «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը եւ նրա գործունեությունը: Հիլարի Քլինթոնը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայան վերջին անգամ այցելել էր 12 տարի առաջ` ԱՄՆ առաջին տիկնոջ կարգավիճակում: