Սահմանափակ օգտագործման կախարդական փայտիկներ

04/04/2009

ՀՀ օրենսդրության համաձայն՝ դատավորները ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունեն: Սակայն, ինչպես հայտնի է, շատ դատավորներ, հատկապես՝ դատարանի նախագահներ, ունեն սրճարաններ, ռեստորաններ, խաղատներ ու այլ օբյեկտներ: Ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս առնչությամբ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: «Մենք ազատվելու ենք բոլոր այն դատավորներից, ովքեր զբաղված են ձեռնարկատիրական գործունեությամբ: Ինչ վերաբերում է բիզնեսի վերաբերյալ տեղեկատվությանը, ապա բոլոր դատավորները հարկային հայտարարագրեր են ներկայացնում: Եվ եթե դուք այդ հայտարարագրերում գտնեք, որ որեւէ մի դատավոր, որը բիզնես ունի, չեմ կարծում, որ այդպիսին կլինի»,- երեկ հրավիրված ասուլիսում մեր հարցին ի պատասխան՝ ասաց Ա.Մկրտումյանը: Ըստ որոշ տեղեկությունների, Զովունիում գտնվող «Միլիոն» խաղատունը պատկանում է ՀՀ Վճռաբեկ դատարանի Քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանին: Կոմիտաս փողոցում գտնվող «777» ռեստորանն էլ պատկանում է Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանին: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը ներկա էր նաեւ Դ.Ավետիսյանը, ով հերքեց, թե այդ խաղատունն իրեն է պատկանում: «Ես ի՞նչ կապ ունեմ «Միլիոն» խաղատան հետ: Դրա հետ նույնիսկ եղբայրս կապ չունի, ուր մնաց՝ ես: Այդ տարածքը պատկանում է եղբորս, եւ նա վարձակալությամբ է տվել: Հետաքրքրվեք, տեսեք, թե ովքեր են աշխատացնում այդ խաղատունը»,- ասաց Դ.Ավետիսյանը: Բարձրաստիճան դատավորների ասուլիսը նվիրված էր դատական համակարգի բարեփոխումների գործընթացի ավարտական փուլին: Ա.Մկրտումյանի խոսքերով՝ այդ բարեփոխումների արդյունքում վերականգնվել է այն ամենը, «ինչը նպաստում է թափանցիկ եւ արդյունավետ արդարադատության իրականացմանը, եւ վերացվել է այն ամենը, ինչը խանգարում էր դրան»: Նրա կարծիքով՝ բարեփոխումների ձեռքբերումներից է դատավորների աշխատավարձերի կրկնակի բարձրացումը, մասնագիտացված դատարանների լուծարումը: Հիշեցնենք, որ մասնագիտացված դատարանները ստեղծվեցին ընդամենը 1 տարի առաջ, նույն բարեփոխումների ժամանակ եւ փակվեցին ընդամենը 1 ամիս առաջ, կրկին նույն բարեփոխումների շրջանակներում: Այս նույն բարեփոխումների արդյունքում դատական համակարգում ներդրվեց դատական կարգադրիչների ինստիտուտը: Այսօր 1 դատական նիստը հսկում են երբեմն մի քանի տասնյակի հասնող կարգադրիչներ: Ու որոշ դեպքերում նրանք ոչ թե կարգուկանոն են պահպանում, այլ սադրանքներ են հրահրում ու միջադեպեր ստեղծում հատկապես մարտի 1-ին առնչվող գործերից որեւէ մեկի դատավարության ժամանակ: Կարգադրիչները, մեղմ ասած, բարեհամբույր չեն նաեւ լրագրողների նկատմամբ ու գրեթե միշտ խոչընդոտում են նրանց աշխատանքը: Ի պատասխան, Ա.Մկրտումյանը նշեց, որ իրենք տեղյակ են կարգադրիչների աշխատանքի վերաբերյալ դժգոհություններին: «Դատական կարգադրիչների հետ կանցկացվեն հատուկ էթիկայի, ինչպես նաեւ՝ իրավական մշակույթի մասին դասընթացներ, որպեսզի նրանք դատական նիստերի ժամանակ կարողանան ըստ պատշաճի շփվել լրագրողների հետ եւ չխոչընդոտեն նրանց աշխատանքը: Դատական կարգադրիչների ինստիտուտը նոր է, ու ոչ մեկս չունի կախարդական փայտիկ, որ դատական համակարգում մի հատ շարժումով վերացնի բոլոր թերությունները»,- ասաց նա: Իսկ կախարդական փայտիկներն առայժմ ծառայում են զանազան օբյեկտներն ամենատարբեր զոքանչների անուններով գրանցելու գործին: