ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից իրեն վերագրած այն հայտարարությունը, թե «Հայաստանը չի կարող դադարել բանակցություններ վարել, քանի որ նրա վրա մնում են ճնշման լծակները»: Պատասխանելով «ԱրմԻնֆոյի» հարցին` արդյո՞ք իրականությանը համապատասխանում է այդ հայտարարությունը, Մերզլյակովն ասել է. «Դա բոլորովին էլ այդպես չէ: Ես ցանկանում եմ պաշտոնապես ասել, որ ես նման խոսքեր չեմ ասել: Ենթատեքստը բոլորովին այլ է եղել: Հարցը հետեւյալն էր. թե ինչպես կարող է հայ-թուրքական հարաբերությունների սպասվող կարգավորումն անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, եւ ես ասացի, որ համանախագահները ենթադրում են, որ դա կարող է միայն նպաստել կարգավորման գործընթացին: Հարց հնչեց, թե հայերն այդ դեպքում կարո՞ղ են դուրս գալ բանակցային գործընթացից: Ես պատասխանեցի, որ դա տեղի ունենալ չի կարող»: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ռուսական համանախագահն ընդհանրապես օգտագործել է «լծակներ» բառը, Մերզլյակովն ասել է, որ այդ բառը հնչեցվել է թղթակցի կողմից: «Թղթակիցը հարցրեց. «նրանք կարող են դուրս գալ գործընթացից, մենք ճնշման լծակներ չենք գործադրի», սակայն ես նման բան չեմ ասել»,- արդարացել է Մերզլյակովը: