Օմբուդսմենը` ԱՄՆ-ում

04/04/2009

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ապրիլի 9-ին ու 10-ին այցելելու է ԱՄՆ-ի Անն Արբոր քաղաք եւ ծանոթանալու է Միչիգանի համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների ծրագրին: ՀՀ օմբուդսմենը ԱՄՆ-ում է ԱՄՆ Պետքարտուղարության հովանավորած ծրագրի շրջանակներում եւ միջազգային, համազգային ու տեղական մակարդակներում մարդու իրավունքներին առնչվող հանդիպումներ է ունենալու ԱՄՆ եւս երեք քաղաքում: Միչիգանում գտնվելու ընթացքում Արմեն Հարությունյանը հյուրընկալվելու է Միչիգանի համալսարանի Միջազգային կենտրոնի կողմից: Անն Արբորում նրա առաջին օրվա ծրագիրը կազմվել է Հայագիտական ուսումնասիրությունների ծրագրի կողմից: Ըստ «Ա1+»-ի, Միչիգանի համալսարանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Թեեւ իր պաշտոնավարման սկզբից իսկ Պրն Հարությունյանը քննադատել է մարդու իրավունքների հարցում Հայաստանի կառավարության կեցվածքը, սակայն մամուլը եւ ընդդիմությունը նրան նաեւ քննադատել են Հայաստանի առջեւ ծառացած երկու հիմնական խնդիրների` 2008 թ. մարտի 1-ին խաղաղ ցուցարարների սպանությունների եւ մեծաթիվ քաղաքական բանտարկյալների հարցերի անտեսման համար»: Ա. Հարությունյանն ապրիլի 9-ին Միչիգանի Լիգայի Քեսլեր սենյակում հանրային դասախոսություն կկարդա Հայաստանում ու Հարավային Կովկասում մարդու իրավունքների հարցերի մասին: Դասախոսությունն ուղիղ կհեռարձակվի ինտերնետով: «Սա հազվադեպ հնարավորություն է` Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանից ուղղակիորեն լսելու Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի մասին եւ աշխարհով մեկ կառուցողական երկխոսություն ծավալելու նրա հետ»,- ասել է Հայագիտական ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը: