Բժիշկները նաեւ սխալվում են

19/07/2005 Հասմիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

«Նման դեպքերն այնքան են շատացել, որ հանձնարարել եմ մեր դոցենտներից
մեկին այդ թեմայով դոկտորական գրել: Բոլոր մարզերից սկսած՝ մենք ուզում
ենք վերլուծել, թե ինչպիսի սխալներ կան մեր բժշկության մեջ»,- տեղեկացրեց
ԱՆ Դատական բժշկության հանրապետական գիտագործնական կենտրոնի տնօրեն Շոթա
Վարդանյանը:

Սխալ բուժման վերաբերյալ տուժածի հարազատների բողոքի, բժշկի կողմից
անբարյացակամ վերաբերմունքի վերաբերյալ փաստերի հիման վրա Դատախազությունը
գործ է հարուցում եւ ուղարկում է կենտրոն՝ փորձաքննություն կատարելու: Եթե
այստեղ հանձնաժողովը գտնում է, որ բժիշկը սխալվել է, եւ դա հանգեցրել է
առողջական վիճակի վատթարացման կամ մահվան, ապա հարուցվում է քրեական գործ:

Այս տարվա ընթացքում հանրապետության արդեն 5 բուժհիմնարկներում գրանցվել
են բժշկական սխալներով դեպքեր, սակայն պրն Վարդանյանը չմասնավորեցրեց, թե
որոնք են այդ բուժհիմնարկները: «Ես հիշում եմ, մեր ժամանակներում այսքան
ժամանակակից տեխնիկա չկար, բայց ախտորոշումներն 99 տոկոսով ճիշտ էին: Ես
զարմանում եմ՝ բժիշկն ինքը պիտի ախտանիշները նայի եւ ասի, թե ինչ
հիվանդություն է դա: Իսկ լաբորատորիաները տվյալ ախտորոշումը հիմնավորելու
համար են: Հիմա, սակայն, տարբեր բաներ են պահանջում ախտորոշում անելու
համար»,- նկատեց կենտրոնի տնօրենը:

Յուրաքանչյուր տարվա վերջին կենտրոնն Առողջապահության նախարարությանը
ներկայացնում է հաշվետվություն, որտեղ դեպքերը վերլուծվում են եւ
համապատասխան ուղեգրեր ուղարկվում բուժհիմնարկներ:

Ընդունված է տարբերակել բժշկական սխալների 2 խումբ. առաջին՝ երբ բժիշկը
բարեխիղճ է, բայց սխալ է տեղի ունենում: Այս դեպքում «ՀՀ Քրեական
օրենսգրքի» 130-րդ հոդվածի 1-ին մասով բուժօգնություն իրականացնողը
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից
երկուհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով:
Բժշկական սխալների երկրորդ խումբը հանդիպում է այն ժամանակ, երբ բժիշկն
անփույթ է վարվում հիվանդի հետ եւ թույլ է տալիս մասնագիտական կոպիտ
սխալներ: Մեր «Քրեական օրենսգիրքը» բժիշկների համար այս դեպքում սահմանել
է պատիժ՝ ազատազրկում՝ 2-6 տարի ժամկետով: Փորձեցինք ՀՀ Գլխավոր
դատախազության Հասարակական կապերի եւ լրատվության բաժնի պետ Գուրգեն
Ամբարյանից պարզել՝ քանի՞ բժիշկ է այս տարի ենթարկվել քրեական
պատասխանատվության: Սակայն վերջինս տեղեկացրեց, որ Դատախազությունում
մասնագիտությունների գծով քրեական պատասխանատվության ենթարկվածների
վիճակագրություն չի անցկացվում: Երեւանի պետական բժշկական համալսարանի
Հանրային առողջության եւ առողջապահության ամբիոնի վարիչ Ալբերտ
Հարությունյանը վստահեցնում է, որ «բժշկական սխալներն ամենեւին էլ չեն
բխում հիվանդի նկատմամբ անփույթ եւ անբարեհոգի վերաբերմունքից»:

Դատական բժշկության հանրապետական գիտագործնական կենտրոնի աշխատակիցների
առջեւ խնդիր է դրված վերլուծել՝ բժիշկների կողմից թույլ տրված սխալները
ավելի շատ ամբուլատոր օղակի՞ց են բխում, թե՞ հիվանդանոցներից:

Այնուամենայնիվ, բժշկի գործունեության համար այսօր՝ գիտատեխնիկական
հսկայական առաջադիմության պայմաններում, բնորոշ է լատինական հին
ասացվածքը՝ «Սխալվելը մարդկային է» (“Errare humanum est”): «Բժշկական
սխալն այնքան հին է, որքան հին է ինքը՝ բժշկությունը»,- նշեց Ալբերտ
Հարությունյանը:

Բռնաբարությունը նաեւ անգործության հետեւանք է

Դատաբժշկության ոլորտի մի մասնագետի (որը չցանկացավ ներկայանալ) կարծիքով՝
Հայաստանում բռնաբարություններ մեծամասամբ տեղի են ունենում հեռավոր
գյուղերում: Մասնագետները դա բացատրում են նրանով, որ այստեղ երիտասարդ
բնակչության հիմնական մասն անգործ է եւ չունի զբաղմունքի հիմնական միջոց:

Նրա տվյալներով, բռնաբարության են ենթարկվում հիմնականում 16-22 տարեկան
աղջիկներ: Բռնաբարությունները հաճախ «երջանիկ» ավարտ են ունենում զույգերի
համար, եւ նրանք ամուսնանում են. «Վերջին 2-3 տարիների ընթացքում զույգերի
ընտանիքների փոխհամաձայնությամբ ամուսնություններով են ավարտվել
բռնաբարությունների 15%-ը: Բռնաբարության հետեւանքով աղջկա մոտ առաջանում
է նեյրոհորմոնալ եւ հոգեկան վիճակի բնական ընթացքի շեղում նորմայի
սահմաններից: Հոգեբանորեն անպայման հետազոտվում է բռնաբարության զոհ
դարձած յուրաքանչյուր անձ եւ, եթե կան հոգեկան շեղումներ, ապա նրանք
ենթարկվում են դատահոգեբանական փորձագիտության»: Այդպիսի դեպքերը, սակայն,
մեր զրուցակից մասնագետի հավաստմամբ, չնչին տոկոս են կազմում:

Իսկ խմբակային բռնաբարության տեսակը Հայաստանում շատ քիչ է տարածված եւ կազմում է ընդհանուր երեւույթի 0,3%-ը:

Հեռավոր շրջաններում հաճախ բռնաբարությունները թաքցվում են, քանի որ դրանք
հիմնականում ավարտվում են ամուսնությամբ: Այստեղ կա նաեւ ուղղակի
ծնողներից թաքցնելու խնդիր, եւ անելանելիության պատճառով նրանք հայտնվում
են բժշկի ընդունարանում: Չունենալով ուսման հանդեպ լուրջ վերաբերմունք եւ
աշխատանք, 13-14 տարեկանից մարդիկ սկսում են մտածել ամուսնանալու կամ
սեռական կյանքով ապրելու մասին:

Բռնաբարությունից հետո շատ հաճախ տղայի դեմ բողոքարկում է մի ամբողջ
ընտանիք: Սակայն դատաբժշկության ոլորտի պատասխանատուներն այդ գործընթացում
չեն բացառում կնոջ մեղավոր ճանաչվելու հնարավորությունը:

Եթե կա բողոքարկում, բժիշկը փաստը թաքցնելու իրավունք չունի: Սակայն
լինում են դեպքեր, երբ աղջկա խնդրանքով գալիս են փոխհամաձայնության՝ դեպքը
թաքցնելու պայմանով:

Նշենք, որ որպես մարդու դեմ ուղղված հանցագործություն, բռնաբարության
համար «ՀՀ Քրեական օրենսգրքի» 112-րդ հոդվածի 2-րդ կետի 11-րդ ենթակետով
«բռնաբարությամբ կամ սեքսուալ բնույթի բռնի գործողություններով
զուգորդված» արարքի համար սահմանվում է ազատազրկում 3-7 տարի ժամկետով:

Դատական բժշկության հանրապետական գիտագործնական կենտրոնի տնօրեն Շոթա
Վարդանյանը չհամաձայնեց մեր վկայակոչած մասնագետի տվյալների հետ եւ շտապեց
ավելացնել. «Փառք Աստծո, այժմ քչացել են բռնաբարության դեպքերը: Երեւի դա
նրանից է, որ շուտ են լեզու գտնում միմյանց հետ»: Սակայն վերջինս դեպքերի
քչացման վերաբերյալ հստակ վիճակագրություն չբերեց՝ ասելով. «Հատուկ
աշխատանք չեմ արել»: