Հրաշքներ չեն լինի

04/04/2009

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Լոնդոնում կայացած «G-20»-ի գագաթաժողովից հետո կայացած ասուլիսում ամփոփելով դրա արդյունքները, հայտարարել է, որ աշխարհի երկրներն այդ գագաթաժողովում «անհրաժեշտ» քայլեր են կատարել, սակայն այն, թե բավարար կլինե՞ն արդյոք այդ քայլերը` «ցույց կտա ապագան»: Այդ թեմայի շուրջ հետագա դատողությունների ընթացքում նա հնարավոր է համարել, որ շուկաները կարող են վերստին «խուճապի մատնվել»: Այդ դեպքում, նրա խոսքով, «քսանյակի» ղեկավարները պատրաստ կլինեն «հակազդելու՝ ինչպես հարկն է»: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին իր հերթին գոհունակություն է հայտնել «Մեծ քսանյակի» լոնդոնյան գագաթաժողովի արդյունքների առիթով: Նա հայտարարել է, որ գագաթաժողովը «գերազանցեց բոլոր սպասումները»: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը «քսանյակի» հանդիպումը որպես քայլ առաջ է գնահատել նախորդ գագաթաժողովի համեմատությամբ: Նրա խոսքերով՝ գագաթաժողովում ընդունված հայտարարությունն այն թեմաների եւ որոշումների միանգամայն կոնկրետ հավաքածու է բովանդակում, որոնք վերաբերում են գլոբալ ֆինանսական ու տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը: Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն էլ հայտարարել է, որ «G-20»-ի գագաթաժողովի արդյունքները շատ կարեւոր են, սակայն մոտալուտ հրաշք չպետք է ակնկալել: «Մենք չենք կարող հրաշքներ ակնկալել արդեն վաղը, սակայն մենք ճիշտ որոշումներ ենք ընդունել համաշխարհային տնտեսության խթանման վերաբերյալ»,- ասել է Բարոզուն: Ի դեպ, նույն ասուլիսում Բարաք Օբաման հայտարարել է, թե վստահ է, որ ԱՄՆ-ը կպահպանի համաշխարհային առաջատար տերության իր դիրքերը, սակայն պետք է հաշվի առնի մյուս պետությունների դիրքորոշումները: «Ես համաձայն չեմ, որ Ամերիկան չի կարող լինել համաշխարհային առաջատարգ Մենք արդեն տեսնում ենք աշխարհում ԱՄՆ դիրքերի վերականգնումը»,- ասել է Օբաման` պատասխանելով այն դիտարկմանը, որ Ջորջ Բուշի վարչակազմի օրոք ԱՄՆ-ը կորցրեց իր նախկին դիրքերն աշխարհում: Օբամայի կարծիքով՝ շատ կարեւոր է, որ ԱՄՆ-ը իր որոշումները չթելադրի մյուս երկրներին, այլ բարեկամական հարաբերություններ հաստատի նրանց հետ, եւ, որ ինքը ցանկանում է հենց այդպիսի արտաքին քաղաքականություն վարել: Օբաման վստահ է, որ նման քաղաքականությունը կամրապնդի ԱՄՆ-ի առաջատարությունը: «Ես այստեղ եմ եկել ոչ միայն հիմնախնդիրները լսելու եւ ուսումնասիրելու մտադրությամբ, այլեւ ապահովելու ԱՄՆ-ի առաջատարությունը»,- նշել է նա: