«Մենք ուզում ենք հայտարարել, որ չենք պատրաստվում քննիչի հրավերով ներկայանալ եւ մասնակցել որեւէ քննչական գործողության, քանի որ մենք ավելի քան բավարար հիմքեր ունենք Ոստիկանության քննիչի իրավասությունը չընդունելու: Հետագա քննչական գործողության կմասնակցենք միայն այն դեպքում, երբ հավասարության պայմաններում կքննարկվի եւ մեզ վերագրվող հանցագործությունը, եւ մեր բողոքը»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել են փաստաբաններ Արա Զաքարյանը, Արթուր Գրիգորյանը եւ Դիանա Գրիգորյանը` մեկնաբանելով դատավոր Եվա Դարբինյանի կողմից Դատախազություն ներկայացրած բողոքին: Հիշեցնենք, որ այդ բողոքի հիման վրա փաստաբանների նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Իսկ դատավորի կողմից կարգապահական վարույթ սկսելու որոշումը կայացվել էր «Պիցցա դի Ռոմա» ընկերության աշխատակիցներ Անուշ Ղավալյանի եւ Գեւորգ Սաֆարյանի դատավարություններից մեկի ժամանակ: Փաստաբանները, ընդդիմանալով դատավորի կողմից կատարվող ապօրինություններին, լքել էին դատական նիստերի դահլիճն ու չեն մասնակցել մի քանի դատական նիստերի: Նշենք, որ փաստաբաններն իրենց կողմից եւս բողոք են ներկայացրել դատավոր Եվա Դարբինյանի դեմ: Երեկ փաստաբանները նաեւ հայտարարել են, որ քննչական մարմին չեն ներկայանալու անգամ, եթե այն որոշի իրենց նկատմամբ կիրառել հարկադրանքի միջոցներ` ընդհուպ մինչեւ կալանավորման ձեւով խափանման միջոցի կիրառումը: «Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ: Այսօր գործ ունենք միահյուսված փտած դատախազադատական մի համակարգի հետ: Կամ այն պիտի այսուհետ վերածվի արդարադատություն իրականացնող դատական համակարգի, կամ մենք թույլ կտանք հայտարարել, որ ՀՀ-ն հակաժողովրդական պետություն է»,- հայտարարել է Արթուր Գրիգորյանը: Այս գործընթացի մասին փաստաբանները տեղեկացրել են Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանին, ով մտահոգություն է հայտնել կատարվածի կապակցությամբ: «Անհրաժեշտության դեպքում մեր գործընկերները կիրականացնեն մեր պաշտպանությունը թե՛ քրեական դատավարության շրջանակներում, թե՛ որպես պալատ` դիմելով համապատասխան միջազգային, տեղական կառույցներին` օժանդակելու այս խայտառակ իրավիճակի փոփոխությանը»,- ասել է Արթուր Գրիգորյանը` հավելելով, որ դատավոր Եվա Դարբինյանը կատարում է Դատախազության պատվերները: Նշենք, որ անցած տարի փաստաբաններն այս խնդրի հետ կապված դիմել էին ՀՀ նախագահին եւ համապատասխան պետական գերատեսչություններին, սակայն որեւէ արձագանք չեն ստացել: Եվ այսօր նրանք օրենքով չարգելված բոլոր հնարավոր միջոցներով շարունակելու են իրականացնել իրենց իրավունքների պաշտպանությունը: «Դատախազությունը շատ հաճախ մոլորության մեջ է հայտնվում, եւ բոլորին փորձում մի արշինով չափել: Նրանք մոռացել են, որ մենք այն անձինք ենք, որ իրենց եւ իրենց նմանների ճիրաններից կոչված ենք ազատելու մարդկանց»,- երեկ հայտարարել են փաստաբանները` հատուկ ընդգծելով, որ «ինչ էլ անեն, լինելու է ծայրաստիճան գրագետ ձեւով, իրավաբանորեն չափված»: