Պայքար կազմակերպված հանցավորության դեմ

04/04/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Իշխանությունները վերջին մեկ տարվա ընթացքում մեր օրենսդրությունը մոտեցրել են բռնապետական երկրի օրենսդրության»,- երեկ հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Ըստ նրա, վերջին մեկ տարվա ընթացքում, սկսած 2008թ. մարտի մեկից, ՀՀ առաջին նախագահի դեմ ընդունած օրենքներից, հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի օրենսդրությունում: «Արտակարգ դրությունը, Քրեադատավարական օրենսգրքի փոփոխությունները, երթերի եւ ցույցերի վերաբերյալ փոփոխություններն ուղղակիորեն ապացուցում են, որ իշխանությունները ցանկանում են օրենսդրությունը հարմարեցնել, այսպես ասած, մարտիմեկյան իրավիճակների»,- հայտարարեց Դ. Շահնազարյանը: Նրա կարծիքով` իշխանությունների այս գործողությունների արդյունքում Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը գնալով խորանում է: Դրա պատճառներից մեկն էլ, ըստ ՀԱԿ ներկայացուցչի, այն է, որ մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված դատավարությունները իշխանություններն այդպես էլ օրինական դաշտ չբերեցին: «Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածները փոփոխելով, իշխանությունները բացահայտեցին իրենց նպատակները: Շատ լավ հասկանալով, որ մարտի 1-ին իրենց կատարած դաժան ոճրագործություններն ամբողջովին բացահայտվելու են այդ դատավարության ընթացքում, նրանց նպատակն էր սպանությունների մասն ամբողջովին անջատել, որպեսզի հիմա արդեն պաշտպանական կողմը հնարավորություն չունենա դատարանում ներկայացնելու այն բազմաթիվ ապացույցները, որոնք ուղղակիորեն կվկայեին իշխանությունների կատարած ոճրագործությունների մասին»,- հայտարարեց Դ. Շահնազարյանը:

Այսինքն` ըստ նրա՝ իշխանություններն ամեն ինչ արեցին, որ «սպանությունների, բանակի եւ ոստիկանության հակասահմանադրական եւ հակաօրինական օգտագործման փաստերը դատարանում չհնչեն»: Բայց, ըստ Դ. Շահնազարյանի, նրանք իրենց նպատակին չեն հասել: «Մոտ ապագայում այդ բոլոր դրվագները մենք մամուլի համար կբացահայտենք, իսկ մենք շատ փաստեր ունենք»,- հայտարարեց նա:

Մյուս կողմից, Դ. Շահնազարյանը համոզված է, որ ընդդիմության պայքարն արդյունք տվել է, եւ որ համաժողովրդական Շարժման ճնշման տակ է իշխանությունը հրաժարվել 300 հոդվածով (իշխանության յուրացում) նախատեսված մեղադրանքից: «Դրանով նրանք փաստեցին, որ մարտի 1-ի իրենց բոլոր գործողությունները եղել են ապօրինի»,- հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչը: Ըստ նրա` իշխանության յուրացմանը վերաբերող մեղադրանքը հանելով` իշխանությունը նաեւ նահանջեց իր դիրքերից: «Բայց դա չեմ համարում հաջողություն: Հաջողություն կհամարեի, եթե նրանք իրենց հետ չտանեին նաեւ քաղաքական պատանդներին»,- շեշտեց Դ. Շահնազարյանը: Նա անդրադարձավ ԵԽ ԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի ու Ջոն Պրեսկոտի հայտարարությանը, որում վերջիններս ողջունել էին Քրեական օրենսգրքի 255 եւ 300 հոդվածների փոփոխությունները եւ միաժամանակ կրկնել էին, որ անհրաժեշտ է ազատ արձակել «մարտի 1-ի դեպքերի հետ կապված անազատության մեջ հայտնված բոլոր այն մարդկանց, ովքեր անձամբ հանցանքներ չեն կատարել»: Ըստ նրա՝ այդ հայտարարության մեջ ուղղակի եւ բավական խիստ պահանջ է դրված ՀՀ իշխանությունների առաջ` քաղբանտարկյալներին ազատ արձակելու առումով: Եվ ինչպես ասում է Դ. Շահնազարյանը, «իշխանության շուստրիության ռեսուրսը», այդպիսով, արդեն սպառվում է, քանի որ համազեկուցողները Քրեական օրենսգրքի այդ հոդվածների փոփոխություններն ուղղակիորեն կապել են քաղբանտարկյալների ազատ արձակման խնդրի հետ: Իսկ որ քաղբանտարկյալները ազատ են արձակվելու, եւ նրանց փոխարեն բանտում են հայտնվելու համապատասխան մարդիկ, Դավիթ Շահնազարյանը չի կասկածում: Նա անդրադարձավ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացման խնդրին: Հիշեցնենք, որ ըստ ամերիկյան «The Wall Street Journal» թերթի՝ հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ համաձայնագիր կարող է ստորագրվել ապրիլի 16-ին: Դ. Շահնազարյանը հիշեցրեց, որ նաեւ այդ հրապարակման մեջ հստակ նշված են համաձայնագրի 4 հիմնական կետերը` սահմանների բացում, սահմանների փոխադարձ ճանաչում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ վիճելի հարցերի շուրջ հանձնաժողովի ստեղծում: ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ իրենք միշտ էլ դեմ են արտահայտվել հանձնաժողովի ստեղծմանը եւ, որ խոհեմ լինելու դեպքում իշխանությունները գոնե կաշխատեին, որ նման հանձնաժողովի ստեղծման մասին առանձին փաստաթուղթ կազմվեր: «Եթե այդքանը չեն մտածել, ապա էլի ուշ չէ, եւ ես ձեր միջոցով հուշում եմ իրենց, որ առանձնացնեն այդ կետը»,- ասաց Դ. Շահնազարյանը: Ըստ նրա` Թուրքիան, ապրիլի 24-ից հետո, երբ պարզվի, որ Օբաման չի օգտագործել «ցեղասպանություն» բառը, բավական կաշխուժանա ԼՂ հարցի կարգավորման գործընթացում: «Թուրքիան նույնիսկ լուրջ հավակնություն ունի ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարքում եւ ամերիկյան փորձագիտական որոշ շրջանակները Բարաք Օբամային խորհուրդ են տալիս նույնիսկ այդ մասին բանակցել Ֆրանսիայի հետ»,- հայտարարեց Դ. Շահնազարյանը: Նա նաեւ ընդգծեց, որ լեգիտիմ չլինելու պատճառով անցանկալի զարգացումներից խուսափելու համար Սերժ Սարգսյանը մանեւրելու երկու ռեզերվ ունի` ցեղասպանության հարցը եւ ԼՂ հակամարտությունը, որոնց հետ կապված էլ լուրջ զիջումներ է անում: Խոսելով Երեւանի քաղաքապետի ընտրությունների մասին, Դ. Շահնազարյանը նշեց, որ իրենք ո՛չ Գագիկ Բեգլարյանին, ո՛չ Հանրապետական կուսակցությանը մրցակից չեն համարում: «Նախագահական ընտրություններին էլ մենք Սերժ Սարգսյանին մրցակից չենք համարել: Մեր մրցակիցը, ավելի ճիշտ՝ հակառակորդը, թշնամին եղել են այն այլանդակությունները, բռնությունները, կեղծիքները, որոնք կատարվում են մեր երկրում»,- ասաց Դ. Շահնազարյանը` հավելելով, որ իր համոզմամբ` Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր 75%-ից ավելի ձայն ունի: Դ. Շահնազարյանը շեշտեց, որ իշխանությունները, ինչպես միշտ, փորձելու են կեղծել ընտրությունները: «Նրանք մտածում են` մի 30 տոկոսը բացակայողներն են, դրանք մեր ձայներն են, մի 21 տոկոս էլ կկեղծենք»,- կարծում է Դ. Շահնազարյանը: Ուստի, ըստ նրա, ընտրություններին իրենք մասնակցում են` համարելով դա նաեւ որպես կազմակերպված հանցագործության դեմ պայքարի ինչ-որ ձեւ: «Մենք գնում ենք հասարակությունն ազատելու այս օկուպացիոն ռեժիմից, մենք գնում ենք կազմաքանդելու այս ավազակապետությունը»,- հայտարարեց Դ. Շահնազարյանը: