Թուրքիայի վարչապետ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը վճռականորեն է տրամադրված որպես լիիրավ անդամ անդամագրվելու Եվրամիությանը եւ ակտիվորեն շարունակելու է եվրաինտեգրման գործընթացը:
«Չնայած այն արգելքներին, որ ժամանակ առ ժամանակ դրվում են Թուրքիայի ճանապարհին, եւ բանակցային գործընթացի դանդաղմանը, Անկարան կշարունակի ճանապարհը եվրաբարեփոխումների ծրագրի շրջանակներում»,- երեկ հայտարարել է Էրդողանը: «Թուրքիան, լինելով մահմեդական երկիր, ակտիվ ջանքեր է գործադրում իր տեղը գրավելու Եվրամիության շարքերում: Նրա ջանքերին ուշադիր հետեւում են Եվրոպայի եւ իսլամական աշխարհի երկրների ժողովուրդները: Եվրամիության հետ Թուրքիայի բանակցային գործընթացի օրինակով հօդս են ցնդում այն դատողությունները, թե Արեւմուտքը եւ Արեւելքը, իսլամը եւ մյուս կրոնները չեն կարողանա ընդհանուր լեզու գտնել, ինչպես նաեւ՝ «քաղաքակրթությունների բախման» վերաբերյալ պնդումները»,- ասել է Էրդողանը: Ի դեպ, այդ մասին Էրդողանը հայտարարել է ելույթ ունելով բրիտանական Օքսֆորդի համալսարանում: Նա հերթական անգամ կարեւորել է իսլամական աշխարհի եւ Արեւմուտքի միջեւ երկխոսության անհրաժեշտությունը` նշելով, որ կողմերը պետք է հասկանան միմյանց: «Իսլամական աշխարհը եւ Արեւմուտքը պետք է հասկանան միմյանց»,- ասել է Էրդողանը` ավելացնելով, թե չի կարելի թույլ տալ, որ վիրավորեն իսլամը՝ քողարկվելով մարդու իրավունքներով ու ժողովրդավարությամբ: