Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների եւ հաղորդակցության նախարար Համիդ Բեհբահանիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման նախագիծը: Հ. Բեհբահանիին ասել է, որ այցի ընթացքում գործնական հանդիպումներ է ունեցել ՀՀ էներգետիկայի, տրանսպորտի եւ կապի նախարարների հետ, որի արդյունքում հիշյալ նախագծի գործնական նախապատրաստման համար արդեն իսկ ստեղծվել է աշխատանքային խումբ: Ըստ նրա, աշխատանքները կարող են իրականացվել 3 փուլով` երկաթուղու կառուցման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրություն, ֆինանսավորման աղբյուրների հստակեցում, ամենաօպտիմալ ուղղության ընտրություն եւ շինարարության իրականացում: Նա ընդգծել է, որ Իրանը պատրաստակամ է այդ 3 փուլերում էլ հնարավորինս օժանդակել Հայաստանին` սեղմ ժամկետներում կյանքի կոչելու կարեւոր այդ նախագիծը: «Հայաստանի հարավային ճանապարհն այսօր առավել քան հուսալի է, եւ մենք ձգտելու ենք ամեն ինչ անել, որ կապը, երթեւեկությունը մեր երկու երկրների միջեւ հնարավորինս դյուրացվի»,- ասել է ԻԻՀ ճանապարհների եւ հաղորդակցության նախարարը: Տիգրան Սարգսյանը եւս նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Իրանի հետ ուղիղ կապով երկաթգծի կառուցմամբ, որի բացակայությունը թույլ չի տալիս լիովին օգտագործել երկու կողմերի ունեցած ողջ ներուժը: Նշենք նաեւ, որ երեկ Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների եւ հաղորդակցության նախարարը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի հետ նախաստորագրել է Հայաստանի եւ Իրանի միջեւ ուղիղ երկաթուղային գիծ կառուցելու մասին փոխըմբռնման հուշագիր, որն առաջիկայում կստորագրվի երկու երկրների նախագահների կողմից` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Իրան կատարելիք այցի ընթացքում: Գ. Սարգսյանն ասել է, որ երկաթգծի կառուցման հետ կապված բոլոր գործընթացների կազմակերպման նպատակով երկու երկրների նախարարությունների փոխնախարարների մասնակցությամբ որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կապահովի նախագծի իրականացման բոլոր նախապատրաստական աշխատանքները:
Երկու երկրների նախարարները քննարկել են նաեւ մի շարք այլ հարցեր Հայաստան-Իրան տրանսպորտային հաղորդակցության, մասնավորապես մաքսային անցակետերում առկա գործընթացների վերաբերյալ խնդիրներ: «Մենք արձանագրեցինք, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ տրանսպորտային համագործակցությունն այսօր շատ կարեւոր է երկու երկրների համար, եւ Հայաստանն Իրանի տարածքով հնարավորություն կունենա դուրս գալ Պարսից ծոցի բոլոր նավահանգիստներ, ինչը կապահովի նոր ուղիներ բեռնափոխադրում»։ Համիդ Բեհբահանին էլ հայտարարել է, որ քննարկումներ կանցկացվեն եւ կորոշվի, թե որ ուղղությունով է կառուցվելու երկաթգիծը: Այն ունենալու է շուրջ 470 կմ երկարություն, որից 60-ը կլինի Իրանում, մնացածը` Հայաստանում: Երկաթգծի կառուցման ընդհանուր արժեքը 1-1.2 մլրդ ԱՄՆ դոլար է: «Իրանը նպատակ ունի այս կերպ տնտեսական զարգացման ավելի լավ պայմաններ ստեղծել Հայաստանի համար: Պարսից ծոցի նավահանգիստները մատչելի կլինեն Հայաստանի համար: Հայաստանում ես 3 հանդիպում եմ ունեցել ՀՀ վարչապետի, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների ու տրանսպորտի եւ կապի նախարարների հետ: Բոլոր հանդիպումներն, իմ գնահատմամբ, արդյունավետ են: Երկու կողմերն էլ պատրաստակամ են բոլոր ոլորտներում լուրջ հարաբերություններ ձեւավորել: Իրանը նմանատիպ այլ նախագծեր ունի, եւ մենք դրանք չենք դիտարկում որպես մրցակիցներ: Յուրաքանչյուր երկիր այլընտրանքային բազմաթիվ ուղիներ է ունենում»,- ասաց Հ. Բեհբահանին: