Գողության հետքերով

04/04/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Գողերին չեն բռնել

Մարտի լույս 31-ի գիշերը Հայաստանի ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղում կատարված գողության մասին հրազդանցիներից շատերն իմացան օրեր անց, երբ արդեն ամբողջ հանրապետությունը տեղյակ էր դեպքի մասին: Հիշեցնենք, որ անհայտ անձինք, ջարդելով պատկերասրահի առաջին հարկի ապակին, ներս էին մտել ու գողացել ճանաչված նկարիչներ Հմայակ Հակոբյանի, Սուրեն Սաֆարյանի, Մարտիրոս Սարյանի, Փանոս Թերլեմեզյանի, Ստեփան Աղաջանյանի, Հովհաննես Այվազովսկու, Սեդրակ Առաքելյանի, Մարիամ Ասլամազյանի, Գեւորգ Բաշինջաղյանի, Խաչատուր Եսայանի` ընդհանուր թվով 18 գեղանկար աշխատանքներ: Այդ բոլոր նկարներից միայն մեկը չէր բնօրինակ` Հովհ. Այվազովսկու «Նավաբեկությունը»: Հաջորդ օրը գողության առթիվ Կոտայքի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Այս դեպքից անցել է արդեն երեք օր, բայց իրավապահ մարմիններին դեռեւս չի հաջողվել գտնել հանցագործներին: Իրավիճակի մասին մանրամասները փորձեցինք պարզել հենց Հրազդանում: Ամենազարմանալին, թերեւս, այն էր, որ մեզ հանդիպած հրազդանցիներից գրեթե բոլորը չգիտեին նույնիսկ պատկերասրահի գոյության մասին: «Ի՞նչ պատկերասրահ: Մեր քաղաքում էդպիսի բան կա՞»,- ասում էին բնակիչներից շատերն` առանց նկատելու, որ կանգնած են հենց պատկերասրահի մոտ: Այս մասին չգիտեին նաեւ Հրազդանի 3-րդ երթուղային տաքսիների վարորդներից շատերը: Վերջիններս էլ փորձում էին ճշտել պատկերասրահի գտնվելու վայրը: «Դպրոցական տարիներին եմ եղել այս պատկերասրահում: Հիմա էլ երեւի մարդ չի գնում: Հա, մեկ-մեկ դպրոցի երեխեքին են տանում»,- ասաց հարցվածներից մի կին: Ավագ սերնդի ներկայացուցիչներից մեկն էլ պատասխանեց, որ արդեն յոթ տասնամյակ է` ապրում է քաղաքում, բայց երբեւէ չի ցանկացել պատկերասրահ գնալ: «Էս պատկերասրահի շենքը նախկինում շրջկոմի շենք էր: Ես էնտեղ էի աշխատում: Ու հենց կարգերը փոխվեցին` ես էդ շենքը էլ չեմ մտել»,- նշեց հարցվածներից մեկը: Իսկ կատարվածի մասին նրանցից շատերը խուսափեցին որեւէ բան ասել, միայն ոմանք հետաքրքրվեցին գողացված կտավների գներով: Խիստ խուսափողական էր նաեւ պատկերասրահի հարեւանների վերաբերմունքը: Պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղի շենքը գտնվում է քաղաքի Հարավային թաղամասում, ավելի ճիշտ` քաղաքի մուտքի մոտ: Շենքի մի հատվածում գործում է Հրազդանի պետական պատմա-երկրագիտական թանգարանը, իսկ մյուսում` պատկերասրահը: Մեկը մյուսի հետ որեւէ առնչություն չունեն: Երկուսն էլ ունեն տարբեր մուտքեր ու պայմաններ: Տարբեր են նաեւ տոմսերի գները: Պատկերասրահի մեկ տոմսի գինը 500 դրամ է, իսկ թանգարանինը` արդեն մի քանի տարի է, 30-50 դրամից դարձել է 200 դրամ: Թանգարանի տնօրեն Աշոտ Գեւորգյանն ասում է, որ իրենց շենքն ունի ազդանշանային համակարգ, բոլոր պատուհաններն էլ ճաղավանդակներով են: Մինչդեռ պատկերասրահի շենքում ոչ մեկը կա, ոչ էլ մյուսը: «Դեպքի հաջորդ օրն իմացա, թե ինչ է տեղի ունեցել: Այս մասին դեռ ոչ մեկը որոշակի տեղեկատվություն չունի: Ես էլ չգիտեմ: Մենք հաջորդ օրն ենք լսել»,- նշեց Հրազդանի պետական պատմաերկրագիտական թանգարանի տնօրենը: Ըստ վերջինիս` իրենց շենքը վերահսկվում է անմիջապես Հրազդանի Ներքին գործերի պահպանության բաժնի կողմից, չնայած իրենք էլ պահակ ունեն: Նա նաեւ ասաց, որ առավոտյան պատկերասրահի աշխատակիցներն ու տնօրեն Մանվել Վարդանյանը գնացել են Ոստիկանություն: «Ժամը 10:30-ից պատկերասրահը փակել են ու դեռ չեն եկել: Երեւի հարցաքննության են կանչել նրանց»,- ավելացրեց պատկերասրահի հարեւանը: Մինչդեռ մյուս հարեւանները, ովքեր բնակվում են պատկերասրահի դիմաց գտնվող բազմաբնակարանային շենքում, դեպքի գիշերը որեւէ աղմուկ չեն լսել: «Գիշերը քնելու համար է: Մենք ոչ մի ձայն չենք լսել: Ամեն դեպքում շատ էլ մոտ ենք ապրում, բայց ոչ մի բան չի լսվել»,- ասում էին Սպանդարյան փողոցի թիվ 1 շենքի բնակիչները: Իսկ թաղամասի խանութների վաճառողները կատարվածի մասին իմացել են առավոտյան: «Ի՞նչ իմանանք: Պետք է իրավապահները պարզեն: Ուղղակի ամոթ է այդ մարդկանց համար, որ ձեռքները եկել էր նշանավոր նկարիչների գործերը գողանար»,- ասաց թերթի կրպակի վաճառողուհի տիկին Արաքսյան:

Իրավապահները խուսափում էին

Մինչ Կոտայքի մարզի ոստիկանության վարչություն գնալը, կրկին զանգահարեցինք պատկերասրահի տնօրեն Մանվել Վարդանյանին: Վերջինս նախ ասաց, որ ինքը Հրազդանի ոստիկանության քննչական բաժանմունքում է, ու չգիտի, թե ե՞րբ է այնտեղից դուրս գալու: Ապա ավելի ուշ մեջբերեց նույն նախադասությունը: Եվ մինչ պարոն Վարդանյանը կավարտեր իր հարցաքննությունը, մենք փորձեցինք Կոտայքի քննչական բաժանմունքի պետից ճշտել կատարվածի մասին վերջին լուրերը: «Մենք երկու օր առաջ ասել ենք այդ մասին, ու հիմա որեւէ տեղեկատվություն տալ չենք կարող»,- պատասխանեց Վալենտին Պապյանը: Իսկ մեր այն հարցին, թե արդյոք կասկածյալներ կա՞ն, վերջինս պատասխանեց, որ չի կարող որեւէ բան ասել: «Միջոցառումները շարունակում ենք իրականացնել: Ես որեւէ բան չեմ կարող ասել»,- հրաժարվեց քննչականի պետը: Այս նույն պատասխանը լսեցինք նաեւ Հրազդանի ոստիկանության շենքում, որտեղ Մ. Վարդանյանը դեռ չէր ավարտել հարցաքննությունը: Նրա հետ այդպես էլ մեզ չհաջողվեց հանդիպել, քանի որ հետո տնօրենը կամ անջատում էր հեռախոսը, կամ էլ անհասանելի էր դառնում: Ինչո՞ւ եւ ինչի՞ց էր նա խուսափում` առայժմ հայտնի չէ: Հրազդանի ոստիկանության շենքի աշխատակիցները, իմանալով, որ լրագրող եմ, պահանջեցին տնօրենին սպասել բակում` ազատելով շենքը: Իսկ դրսում ոչ միայն ցուրտ էր, այլեւ անձրեւում էր: Ու հենց բակում ոստիկանության բարձրաստիճան որոշ աշխատակիցներ սկսեցին մոտենալ ինձ ու հարցուփորձ անել, թե ո՞վ եմ եւ ո՞ւմ եմ սպասում (չնայած այն բանին, որ ներկայացել էի, թե որ լրատվամիջոցն եմ ներկայացնում եւ ինչու եմ ոստիկանություն գնացել): Այս ընթացքում միակ մարդը, ով սիրով պատասխանեց մեր հարցերին, պատկերասրահի պահակ Աշոտ Կարապետյանի եղբայրն էր: Վերջինիս հանդիպեցի պատկերասրահի մոտ: «Երկու օր առաջ հեռուստատեսությամբ եմ իմացել էս դեպքը: Հիմա էլ ուզում եմ մտել ներս` չեն թողնում: Ասում են, որ ոչ մեկին չեն թողնում: Ախպերս հիվանդ մարդ ա: Երկու անգամ խոցն ա պայթել: Չգիտեմ` ի՞նչ ա լինելու հետո: Դուք գիտե՞ք»,- հարցրեց պատկերասրահի պահակի եղբայր պարոն Հովհաննեսը, ով անհանգստանում էր, թե գողության գործը կարող են ջարդել իր անպաշտպան եղբոր վրա, ով 10 տարուց ավելի աշխատել է այդ պատկերասրահում: Իսկ երբ մենք փորձեցինք մտնել պատկերասրահ` մեզ արգելեցին: «Ո՞ւր եք գնում` արգելված ա: Տնօրենը էստեղ չի»,- պատասխանեցին շենքի ներսից: Իսկ դրսում հրազդանցի երեխաները փորձում էին գտնել այն ջարդված պատուհանը, որտեղից գողերը հանել էին կտավները: