Ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլերի համատեքստում «Մեծ 20-յակի» անդամ երկրների առաջնորդները հայտարարեցին, այսպես կոչված, հարկային օազիսների դեմ պայքարելու մտադրության մասին: Դրան հետեւեց «Տնտեսական համագործակցության եւ զարգացման» կազմակերպության հայտարարությունը` հարկերի ցածր մակարդակ ունեցող այն երկրների մասին, որոնք խոչընդոտում են համաշխարհային տնտեսության զարգացմանը: Ավելի ուշ պարզ է դարձել, որ այդ ցուցակում ընդգրկվել են չորս պետություններ` Կոստա-Ռիկան, Մալազիան, Ֆիլիպինները եւ Ուրուգվայը: Ըստ «Associated Press» գործակալության, եթե «G-20»-ը իրագործի իր որոշումները, ապա նշված 4 երկրների նկատմամբ կկիրառվեն որոշ պատժամիջոցներ: Նրանց կընձեռվի իրավիճակը փոխելու հնարավորություն մինչեւ այս տարվա սեպտեմբեր: Դրանից հետո, ինչպես հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, «G-20» կքննարկի պատժամիջոցների հարցը: Հետաքրքիր է, որ այդ սեւ ցուցակում չեն հայտնվել 20-րդ դարի հարկային օազիսների համարում ունեցող պետությունները: Շվեյցարիան եւ Լիխտենշտեյնը հայտարարել են, որ պատրաստ են կատարել «G-20»-ի բոլոր պահանջները, իսկ Մոնակոյի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել բացել դռները այլ երկրների հարկային մարմինների ներկայացուցիչների առաջ: Իսկ Հոնկոնգի եւ Մակաոյի` սեւ ցուցակում հայտնվելուն կտրականապես դեմ է եղել Չինաստանը: