Ընդամենն անփո՞ւյթ ենք

04/04/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Ազգային պատկերասրահի` Հրազդանի մասնաճյուղի թանգարանի տնօրեն Մանվել Վարդանյանն օրերս նկարների գողության կապակցությամբ մամուլում ասել էր, որ գողերը կոտրել են առաջին հարկի պատուհանի ապակիներն ու անարգելք մուտք գործել երկրորդ հարկ, որտեղ եւ ցուցադրվում էին հայ նկարիչների կտավները։ Ավելի մեծ չափերի կտավները հանվել են իրենց շրջանակներից (նկատենք, որ գող (երը) ոչ միայն պրոֆեսիոնալ (ներ) են եղել, այլեւ դա արեն են հանգիստ` առանց շտապելու), քանի որ դրանք այլ կերպ պատուհանից դուրս բերելը անհնար կլիներ։ Այդ կիրակնօրյա գիշերը թանգարանի պահակը տեղում չի եղել, մի քանի ժամով տուն է գնացել՝ քնելու։ Բոլորին է հայտնի, որ թանգարանները մարզային քաղաքներում երբեք մարդաշատ չեն լինում։ Ինչպես ասում են՝ մարդիկ թանգարան գնալու ցանկություն ու սիրտ չունեն։ Գրեթե բոլոր թանգարանները «ննջում» են առանց այցելուների։ Եվ պահակն էլ գիտակցելով, որ կերպարվեստը մեծ հաշվով ոչ մեկին այս գիշեր չի գայթակղի, հանգիստ սրտով տուն է գնացել։ Իսկ գողության փաստի մասին Ոստիկանություն է հայտնել հաջորդ օրը՝ առավոտյան։ Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, ով երեկ այցելել էր Հրազդան, նման աշխատաոճը «անփութություն» անվանեց։ «Այդ գողությունը միանշանակ անփութության արդյունք է։ Պատկերասրահի այլ մասնաճյուղերը բավականին ապահով պաշտպանություն ունեն ու վերանորոգված են, իսկ Հրազդանի թանգարան մտնելը շատ հեշտ էր»,- ասաց նա։

Տարբեր քաղաքներում մասնաճյուղեր ունենալու պարտադրանքը ձգվում է խորհրդային տարիներից, երբ արվեստը մասսայական դարձնելու ցանկությունը ստիպում էր որոշ արվեստի գործեր անպայման ցուցադրել նաեւ մայրաքաղաքից դուրս։ Սակայն վաղուց արդեն պարզ էր, որ այդ պրակտիկան բոլորովին իմաստազրկվել է Հայաստանի անկախությունից հետո, քանի որ թանգարաններն այցելուներ չէին ունենում, իսկ ցուցադրությունները շատ հազվադեպ էին թարմացվում։ Փ. Միրզոյանն ասաց, որ իրենց վաղուց էին առաջարկում փակել այդ մասնաճյուղերը, իսկ մարզեր տարեկան 1-2 ցուցադրություն, կամ արդեն իսկ մայրաքաղաքում ցուցադրված թեմատիկ կամ հոբելյանական ցուցահանդեսները ուղեւորել։ «Շատ բարդ է թանգարանի տարածքը վերահսկել, բացի դրանից, թանգարանների շենքերը չունեն ջեռուցման ու օդափոխության համակարգեր, ինչը վնաս է հասցնում նկարներին»,- ասաց նա։ Արդեն իսկ Երեւան են բերվել Հրազդանի, Ալավերդիի մասնաճյուղերում պահվող կտավները։ Ըստ Փ.Միրզոյանի՝ Սիսիանի ու Ջերմուկի թանգարանները նման կտրուկ միջամտության կարիք չունեն, քանի որ շենքերը ապահով են։ Պատկերասրահի մասնաճյուղերում պահվում է հայ ու արտասահմանյան վարպետների մոտ 200 աշխատանք։

Այժմ աշխատանքներ են ընթանում կտավները գտնելու համար։ Ըստ Փ.Միրզոյանի՝ արդեն զգուշացվել են մաքսակետերը, որոնք պետք է թույլ չտան կտավների դուրսբերումը ՀՀ տարածքից։ Հասկանալի է, որ հետաքննության մանրամասները գաղտնիք են հանդիսանում, եւ դեռ չեն հրապարակվում։ Սակայն պարզ է, որ գողերն արվեստի գիտակներ են եղել ու իսկապես թանկարժեք աշխատանքներ են դուրս բերել։ Նկարիչների միության շենքից վերջերս գողացված կտավների շարքում նման թանկ գործեր չեն եղել։

Բոլոր գողացված կտավները բնօրինակներ էին, բացառությամբ Այվազովսկու «Նավի խորտակումը» հայտնի կտավի, որը լավ արված պատճեն էր։ Շատ մասնագետներ պնդում են, որ նույնիսկ պատճեն լինելու դեպքում այդ կտավի շուկայական գինը հասնում է 50 հազար դոլարի։ Սակայն Փ.Միրզոյանն ասաց, որ կտավի գինը չի գերազանցում 2 հազար դոլարը։ Գողացված կտավների շարքում կան այնպիսի աշխատանքներ, որոնք միջազգային աճուրդներում կարող են վաճառվել կես միլիոն դոլարով։ «Գազետա.ռու» կայքի փոխանցմամբ՝ ամենաէժան կտավի մեկնարկային գինը սկսվում է 50 հազար դոլարից։ Մեր փորձագետները, սակայն, հրաժարվում են գնահատել կտավները, ասելով, որ դրանք անգին են։ Ընդհանրապես այդ գողությունը լայնորեն լուսաբանվում է ռուսական մամուլում։ Եվ տարօրինակ զուգադիպությամբ, մենք՝ հայաստանցիներս ավելի շատ բան իմանում ենք «դրսից», քան «ներսից»։