Հրդեհից տուժել է 230 բնակիչ

19/07/2005

Բանավան փողոցի 16 շենքի տանիքի այրման հետեւանքով տուժել է շուրջ 230
բնակիչ: «Սպասում ենք, թե թաղապետարանը ինչեր կանի մեզ հասցված վնասի
դիմաց: Ամբողջ պատերը ջրից խոնավացել են, ջուրը լցվել էր տան մեջ»,-
պատմում էր շենքի բնակչուհիներից մեկը: «Հիմա արդեն վախենում ենք
անձրեւներից. ջուրը կլցվի մեր տները եւ ստիպված կլինենք ապրել խոնավության
մեջ»,- ասում է տիկին Մարիամը:

Շենքը լամպերի գործարանի հանրակացարանն է, որտեղ ապրում են անապահով
մարդիկ, գործազուրկներ, միայնակ թոշակառուներ: Հունիսի լույս 30-ի գիշերվա
ժամը 2:30-ին հանրակացարանի շենքում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով
այրվել է 600 քառակուսի մետր մակերեսով տարածք: Բնակիչ Արմեն Ազոյանի
վկայությամբ՝ հրդեհի մարումը տեւել է մինչեւ առավոտյան ժամը 6-ը:

Արտակարգ իրավիճակների վարչության Լրատվության հետ կապերի բաժնից
փորձեցինք պարզել հրդեհի պատճառները եւ պատճառված վնասի չափը: Սակայն
բազմաթիվ զանգերից հետո մեզ պատասխանեցին, որ 7 օր առաջ տեղի ունեցած
հրդեհի պատճառները դեռ պարզ չեն, իսկ հասցված վնասները՝ չճշտված: Սակայն
Արաբկիրի 5-րդ հրշեջ կետում աշխատողները կարծում են, որ հրդեհի հիմնական
պատճառը հոսանքի մաշված լարերն են:

Նշենք, որ հրդեհը 2-րդ աստիճանի է եղել, որի մարմանը մասնակցել է 6 հրշեջ մեքենա եւ ջրի 10 տոննա տարողությամբ 2 մեքենա:

Հ. Հ.