Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է «7-ի գործով» վերջին դատավարությունը: Սակայն ոչ թե 7 քաղբանտարկյալների նկատմամբ քրեական հետապնդումն է դադարեցվել, այլ ընդամենը դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակել է իր որոշումը «7-ի գործով» անցնող քաղբանտարկյալների գործերն առանձնացնելու եւ դրանք առանձին-առանձին քննելու վերաբերյալ: Միայն Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործերն են քննվելու միասնական վարույթում: Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի 225-րդ եւ 300-րդ հոդվածներում կատարված փոփոխություններից հետո Հատուկ քննչական ծառայությունը հետ էր վերցրել մեղադրանքը` փոփոխություններին համապատասխան նոր մեղադրանք առաջադրելու նպատակով: Եվ երեկ մեղադրող Կորյուն Փիլոյանը ներկայացրել է նոր մեղադրանքը, որից արդեն հանվել է «պետական իշխանությունը յուրացնելու» մեղադրանք պարունակող 300-րդ հոդվածը: Երեկվանից բոլոր 7 քաղբանտարկյալները մեղադրվում են 225-րդ հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեղադրանքով: Մ.Մարտիրոսյանը որոշել է նաեւ քաղբանտարկյալներից Սասուն Միքայելյանի գործն ուղարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Մյուսների գործերը թողնվել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Ակնհայտ է, որ «7-ի գործը» մասնատելով՝ իշխանությունները ցանկանում են նվազեցնել քաղբանտարկյալների դատավարությունների հասարակական հնչեղությունը: Թե որքանով դա կհաջողվի` դժվար է ասել. բացառված չէ, որ այդ քայլը բումերանգի էֆեկտ ունենա եւ, ի հեճուկս իշխանությունների հաշվարկների` ոչ թե նվազեցնի, այլ ավելացնի քաղբանտարկյալների դատավարությունների ժամանակ տեղի ունեցող բողոքի ակցիաների մասնակիցների թիվը: