Ավտոտնակները հեռացվելու են բակերից

03/04/2009

Օրերս Երեւանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը հրավիրած ասուլիսի ժամանակ ոլորտի խնդիրներին անդրադառնալով` նշեց, որ Երեւանում էկոլոգիական վատ վիճակ է:

Օդային ավազանում փոփոխություն չի գրանցվել: Այն աղտոտող աղբյուրների քանակը մնացել է նույնը` 450: Այստեղ էլ ազոտի երկօքսիդի պարունակությունը 1,2 տոկոսով նվազել է, բայց հիմնականում աղտոտվածության աստիճանը չի փոխվել: Ջրային ավազանի աղտոտվածությունն էլ չի փոխվել, քանի որ պատճառները դեռեւս չեն լուծվում, որոնցից է արդյունաբերական կոյուղու չմաքրված կամ ոչ բավարար մաքրված ջրերի արտահոսքը: Ներկայումս 33 ջրային ավազաններից առավել կարեւոր է Երեւանյան լիճը, որը եւս բարվոք վիճակում չէ: Այս ուղղությամբ էլ ձեռնարկվում են մի շարք միջոցառումներ, որոնք նախատեսված է ավարտել մինչեւ 2020թ.: Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանը սկսել է Երեւանի ծաղկազարդման ու կանաչապատման աշխատանքները: Արդեն 15 օր է, ինչ Երեւանում կատարվում են ծառերի էտման ու երիտասարդացման աշխատանքներ, որը սկսել են Նոր Նորք համայնքից: Միոջոցառումների ծրագրում նախատեսված է նաեւ Երեւանի 9 կամուրջների ծաղկազարդումը Բոլոնիայից բերված ծաղիկներով, բակերի կանաչապատումը Ռեգրադ խոտատեսակով: Ըստ Բնապահպանության վարչության պետի` Երեւանի բակերը, որ բարձիթողի վիճակում են, շատ շուտով կբարեկարգվեն:

Գ. Բեգլարյանը երեկ մի շարք թաղապետերի եւ քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի ուղեկցությամբ այցելել էր Նոր Նորք, եղել Նորքի զանգվածներում` տարբեր բակերում, ծանոթացել իրականացվող բարեկարգման, կանաչապատման, շինբարեկարգման եւ լուսավորության աշխատանքների ընթացքին եւ առկա խնդիրներին: Աշխատանքներում ներգրավված են Երեւանի բոլոր 12 համայնքների տեխնիկական եւ մարդկային ռեսուրսները, որոնք համատեղ մի համայնքում աշխատանքներն ավարտելուց հետո պետք է անցնեն մյուս համայնքներում աշխատանքների իրականացմանը: Աշխատանքների հիմնական շեշտը դրված է բակային տարածքների բարեկարգման վրա: Ծրագիրը մեկնարկել է Նոր Նորք համայնքից, ուր ներկայում ընթացքի մեջ են բակերի ասֆալտապատման, կանաչապատման եւ ծառերի սանիտարական հատման աշխատանքները: «Բակերում այսօր աշխատում են սանմաքրման աշխատողները, իսկ կենտրոնական փողոցները դեռ աղբի մեջ կորած են: 20 տարի շարունակ մեր բակերում ասֆալտապատում չէր արվել, եւ լուսավորություն չկար, իսկ դա անհրաժեշտ է նաեւ անվտանգության համար,- ասել է Գ. Բեգլարյանը: -Վեց տարի շարունակ աշխատել եմ որպես Կենտրոն համայնքի ղեկավար եւ գիտեմ մեր համայնքների խնդիրները. յուրաքանչյուր համայնքի ղեկավար փորձում է այս ծանրաբեռնվածությունը վերցնել սեփական ուսերին եւ միայնակ իրականացնել այս աշխատանքները: Իսկ սա միայնակ անելու աշխատանք չէ: Մենք բոլորս միասին պետք է հաջողության հասնենք: Միշտ խոսում ենք Երեւանից, սակայն չենք խոսում բնակչի հոգսերից: Համաքաղաքային ծրագրեր ենք իրագործում քաղաքի կենտրոնում, իսկ Նոր Նորքի բնակչի համար խաղահրապարակ էլ չենք կառուցում»: Նոր Նորքում աշխատանքների ավարտից հետո դրանք կշարունակվեն արդեն Ավանում, ապա՝ Քանաքեռ-Զեյթունում, եւ այլն: Յուրաքանչյուր համայնքի աշխատանքներում կներգրավվի 286 միավոր տեխնիկա` հավաքված բոլոր համայնքներից: Նախնական հաշվարկներով` աշխատանքների արդյունքում մայրաքաղաքից պետք է տեղափոխվի 141 հազար խ/մ աղբ, նախատեսվում է մաքրել 4700 բակային տարածքներ, հարյուրավոր նրբանցքներ ու փողոցներ: Տեղադրվելու են 1200 նոր տիպի մեծ եւ 2000-ից ավելի փոքր աղբամաններ: Սանմաքրման եւ բարեկարգման աշխատանքները մայրաքաղաքի բոլոր 12 համայնքներում պետք է ավարտվեն ապրիլի 25-ին:

Նախատեսվում է ավելացնել կանաչ տարածքները, հատվածաբար անցկացնել ոռոգման նոր ջրագծեր, բարեկարգել շուրջ 145 հա սիզամարգեր:

Կանաչապատման ընթացքում կօգտագործվի հոլանդական բարձրորակ խոտի սերմ` հարմարեցված Երեւանի բնակլիմայական պայմաններին: Կտնկվեն 1 մլն 800 հազար ծաղկասածիլներ, զուգահեռաբար քաղաքային ջերմատանը աճեցված հոլանդական ծաղիկներով կհամալրվեն քաղաքի ծաղկային տարածքները, հրապարակներն ու կամուրջները: Այդ նպատակով արդեն իսկ ձեռք է բերվել 2000 խմ նոր սեւահող եւ 400խմ կարմիր ավազ:

Կլուսավորվի շուրջ 700 բակ եւ միջբակային փողոց, կտեղադրվի շուրջ 8000 նոր հենասյուն եւ 12 հազար նատրիումային ժամանակակից լուսատու: Համայնք առ համայնք կասֆալտապատվի ընդհանուր առմամբ 380 հազար քմ բակային տարածք, նորերով կփոխարինվեն համայնքային փողոցների մաշված ու վնասված եզրաքարերը, բակերում կտեղադրվեն նոր տաղավար-զրուցարաններ եւ նստարաններ: Ըստ Գ. Բեգլարյանի` հաջորդ քայլը պետք է լինի ավտոտնակների հեռացումը բակերից: