Պասկալ Բրյունկեր. չե՞նք դարձել ինքնասպաններ

19/07/2005

Ըստ երեւույթին, Եվրոպան հրաժարվում է գոյություն ունենալուց։ Ծայրահեղ
դեպքում, նրա արեւմտյան մասը՝ հարգելի բացառությամբ Միացյալ
Թագավորության, որն այդպես էլ ամեն ինչից առաջ մնում է անգլիական եւ իր
պատմությամբ ու հաստատություններով պահպանում է կենսունակությունը։ Հենց
որ մեր աշխարհամասը ստանում է քաղաքական սուբյեկտ դառնալու
հնարավորություն, նա ընկնում է բաժանարար իշխանության ազդեցության տակ։

Վերջին հանրաքվեի կեղծ պրոբլեմը, շուկան կամ սոցիալական հարցերը (կարծես
դրանք փոխկապակցված չեն) դժվարությամբ են քողարկում հարուստ եւ զարգացած
պետությունների՝ ամեն ինչ ձախողելու ծարավը։ Ամեն անգամ որեւէ ճգնաժամ
(Հարավսլավիա, Իրաք) մեզ ստիպում է միավորվել, բավական է հաղթահարվի այն,
եւ մենք դառնում ենք պառակտված՝ քան երբեւէ։

Իսկապես, արդեն կես դար Եվրոպան չի կարողանում հաշտվել, նրան տանջում է
զղջումը։ Մշտապես վերապրելով իր անցյալ հանցանքները՝ ստրկություն,
գաղութարարություն, ֆաշիզմ, կոմունիզմ, նա իր երկար պատմության մեջ
տեսնում է միայն թալան ու սպանություն։ Նա ակամա առիթ է տալիս իր
հակառակորդներին իր մասին այնպես մտածելու, ինչպես ինքն է իրեն դատում։ Դա
նկատելի էր 2004 թվականի մարտի 11-ին Մադրիդում։ Ուժգին հարվածին Իսպանիան
անհապաղ արձագանքեց իր մեղքի համընդհանուր ընդունմամբ եւ Իրաքից զորքերը
դուրս բերելով՝ մոռանալով, որ ահաբեկիչների մեծամասնության
գործողություններն ուղղված էին ոչ այնքան Բաղդադում իսպանական ռազմական
ներկայության դեմ, որքան նպատակ ունեին վերանվաճելու մուսուլմանների՝
15-րդ դարում կորցրած Անդալուզիան։

Կասկած չկա, որ նույն տրամաբանությունն է գործելու, եթե վաղը ռումբ
տեղադրեն Էյֆելյան աշտարակի կամ Նոտրդամի տակ։ Գեղահոգի գործիչները՝
ինչպես աջ, այնպես էլ ձախ, մեզ անմիջապես կառաջարկեն զբաղվել
ինքնախարազանմամբ։ Քանի որ մեզ հարվածում են, ուրեմն մենք մեղավոր ենք,
որովհետեւ նրանք, ովքեր հարձակվում են մեզ վրա, իրականում մերժվածներ են,
ովքեր բողոքում են մեր անիմանալի հարստության դեմ, կյանքի մեր կերպի դեմ։
Ամբողջ Եվրոպան համակված է կասկածներով, որոնք կասկածելի են դարձնում նրա
գոյությունն իսկ եւ ընդունում անխնա մեղադրողի ծակող հայացքը։

Որովհետեւ այն, ինչ տեսնում ենք այսօր, աշխարհ է եկել ոչ թե էնտուզիազմի
ավելցուկից, այլ զոհաբերություններից հոգնած։ 20-րդ դարի համընդհանուր
աղետն էր պետք, որպեսզի Եվրոպան բարիանար, հար ու նման այն պոռնիկներին,
ում տարիքը ստիպում է փողոցի կնոջից վերածվել կեղծավոր միանձնուհու։ Առանց
համաշխարհային այդ երկու աղետների եւ դրանց ուղեկցող սարսափների, երբեք
չէր ծնվելու խաղաղության ձգտումը, որը զուգորդվում է հանգստության
ձգտմամբ։ «Հանգիստ թողեք մեզ»,- հնչում էր 2003 թվականին Իրաքի պատերազմի
դեմ հանրահավաքներում։

Եվրոպական ժողովրդավարությունն առողջացման է կոչում, ինչն այդքան
անհրաժեշտ է երբեմնի անդադար ժողովուրդներին, քանի որ նրանք կորցրել են
ճակատամարտերի համը։ Այդ ժողովրդավարությունը միակն է, որ մնում է երբեւէ
երազածից հրաժարվելուց հետո։ Դա մի տարածք է՝ լի զանազանությամբ, որտեղ
հաճելի է ապրել մշակույթի մեծ ձեռքբերումների կողքին։ Անկասկած
զարմանահրաշ ծրագրեր, որոնք չեն պահանջում առանձնահատուկ
ջերմեռանդություն։ Բայց այդ հանգիստն իդեալական կլիներ, եթե եկած լիներ
մեծ խոնջանքի ժամանակը, եթե ամբողջ հողագնդի վրա թագավորեր «հավերժական
խաղաղությունը» (Կանտ)։ Սակայն այն հովվերգության, որով ներշնչված են
եվրոպացիները՝ օրինապահություն, երկխոսություն, հարգանք,
հանդուրժողականություն եւ այն ողբերգության, որն ապրում է աշխարհը, միջեւ
հակադրությունն ահռելի է՝ ագրեսիվ Ռուսաստան, միջուկային տերություն
դառնալ ձգտող Իրան, քայքայված Մերձավոր Արեւելք, անկայուն Աֆրիկա։

Բայց Եվրոպան չարին չի հավատում։ Նրան ծանոթ են միայն
թյուրիմացությունները, որոնք կարելի է լուծել փոխըմբռնման,
համաձայնեցվածության շնորհիվ։ Եվրոպան այլեւս չի սիրում պատմություն։ Չէ՞
որ այն ականադաշտ է, որը մեծ դժվարությամբ հնարավոր է եղել հաղթահարել
1945 եւ 1989 թվականներին։ Հիմա թող դրանով ուրիշները զբաղվեն, իսկ ինքը
կառանձնանա արխաիզմի համար ուրիշներին քննադատելով։ Եվրոպացիները գտնում
են, որ իրենք արդեն ամեն ինչ ասել են՝ կարծրացնելով «Ոչ պատերազմին»
անքննելի դոգման։ Բայց նման նշանավոր եւ այլոց համար ուսանելի արդյունքը
բավարար չէ։ Քիչ է աշխարհի ունայնությամբ, թոշակներով, տնտեսական աճով,
համաշխարհային սուպերմարկետով ու զվարճանքների կայսրություններով
սահմանափակվելը։

Անվստահությունը, որ ճնշում է մեր բոլոր փայլուն հաջողությունները, միշտ
կարող է վերածնվելով դառնալ ինքնատելություն ու պարտվողականություն։
Ամբողջ Եվրոպան ամաչում է իր անցյալի համար եւ ապրում ապագայի պատրանքով՝
վերազգային, վերժամանակային, վերպատմական։ Վերցնենք մեր ընդհանուր փողը։
Ի՞նչ է պատկերված 10, 20, 50, 100 եվրոյի վրա։ Ոչինչ։ Կամարներ,
կամուրջներ, դարպասներ, ասես եվրոպան աշխարհին ձեռքը պարզած կիսակայարան
է։ Չկան Դանթեն, Սերվանտեսը, Վոլտերը, Գյոթեն, Ռեմբրանդտը, Բախը, Մոցարտը,
Դա Վինչին։ Դատարկություն է։ Եվրոպան ձգտում է չվերամարմնավորվել այն
աստիճան, որ պատրաստ է վերածվելու սահմանները գերազանցող պարզ գաղափարի։

Այդտեղ էլ նրա ծայրահեղության հասնող համեստությունը զուգորդվում է
ծայրահեղության հասնող անկշտության հետ, քանի որ ոմանք արդեն երազում են
այնպիսի անծայր ընդլայնման մասին, որի դեպքում վաղը հնարավոր կլինի կուլ
տալ Մարոկկոն, իսկ ինչո՞ւ ոչ Ադրբեջանը կամ Բրազիլիան։ Որքան ավելի
ընդլայնվի Եվրոպան, այնքան ավելի կկեղեքվեն նրա հիմքերը։ Կընկնի նրա
միջուկը՝ ֆրանս-գերմանական միությունը՝ կրկնակի էներգիայից դառնալով
կրկնակի իներցիա։

Նրանք, ովքեր կանգնած են սուվերենության պահպանման դիրքերում, ճշմարտացի
են նրանով, որ ընդհանրությունը չի կառուցվում ցանկացած կամային
դրսեւորումից, աֆեկտիվ հիշողությունից ազատ վերացականության վրա եւ ոչ էլ
մեր սեփական պատմական ու աշխարհագրական փաստերի բացասմամբ։ Մենք ապրում
ենք ինքնամեղադրման հաշվին, դարձել ենք ցանկացած առիթով զղջման
փորձագետներ, եւ ոչ այն պատճառով, որ այդպիսիք են մեր համոզմունքները,
այլ՝ որովհետեւ այդպես հարմար է։

Պատրաստեց Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆԸ