Չինական ճգնաժամ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ցզինտաոն հայտարարել է, որ համաշխարհային տնտեսության անկումը եւ ֆինանսական ճգնաժամը հարաճուն բացասական ազդեցություն են գործում Չինաստանի տնտեսության վրա: «Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը եւ համաշխարհային տնտեսական աճի տեմպերի նկատելի դանդաղումը տանում են այն բանին, որ չինական տնտեսությունում էապես ավելանում են դժվարությունները»,- ասել է Չինաստանի նախագահը G-20-ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոն մեկնելու նախօրեին: Ըստ նրա` այդ ազդեցության հիմնական դրսեւորումներն են. «Արտաքին առեւտրի աճի տեմպերի դանդաղումը, արդյունաբերական արտադրության նվազումը, երբ արդյունաբերական ձեռնարկությունների մի մասը լուրջ խնդիրներ ունի, աճող դժվարություններն աշխատանքի տեղավորման բնագավառում եւ այլն»: Դրա հետ մեկտեղ, ՉԺՀ նախագահի խոսքով, «Չինաստանում ճիշտ ժամանակին միջոցներ ձեռնարկվեցին մակրոտնտեսական քաղաքականության կատարելագործման, ֆինանսական ու դրամական համակարգի աշխուժացման, ներքին սպառումը խթանելու ուղղությամբ, ինչն արդեն առաջին արդյունքներն է տվել»: Հու Ցզինտաոն ընդգծել է, որ Չինաստանը շարունակելու է արտաքին աշխարհի համար բաց լինելու քաղաքականությունը, քանի որ «Չինաստանի ամբողջովին բաց ու ակտիվ քաղաքականությունը ոչ միայն համապատասխանում է երկրի կայուն ու արագ զարգացման շահերին, այլեւ ճգնաժամի հաղթահարման, ամբողջ աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման գործում համաշխարհային հանրության շահերին»: Անդրադառնալով G-20-ի գագաթաժողովում Չինաստանի դիրքորոշմանը՝ Հու Ցզինտաոն նշել է, որ ներկա փուլում անհրաժեշտ է «ամենակարճ ժամկետում կայունացնել համաշխարհային ֆինանսական շուկան, ըստ ամենայնի պաշտպանել ֆինանսների դերն իրական տնտեսության զարգացման գործում»: «Պետք է ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք համապատասխանում են յուրաքանչյուր կոնկրետ երկրի կոնկրետ իրադրությանը, եւ միաժամանակ ակտիվացնել տարբեր երկրների մակրոտնտեսական քաղաքականության համաձայնեցումը՝ զարգացման ապահովման, աշխատանքի տեղավորման, բնակչության կյանքի բարելավման հարցերի համատեղ լուծման համար»,- հայտարարել է Հու Ցզինտաոն` ավելացնելով, որ «անհրաժեշտ է ամեն կերպ զսպել առեւտրական ու ներդրումային հովանավորչությունը, նվազեցնել ճգնաժամի ազդեցությունը տարբեր երկրների, նախեւառաջ զարգացող երկրների վրա»: Այսօր, ՉԺՀ նախագահի խոսքով՝ «հարկավոր է համակողմանիության, հավասարակշռության, աստիճանականության եւ արդյունավետության սկզբունքներին համապատասխան համաշխարհային ֆինանսական համակարգի անհրաժեշտ բարեփոխում իրականացնել այսօրինակ ճգնաժամերի կրկնվելուց խուսափելու համար»:
Ուշադրություն չեն դարձնում
Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն հայտարարել է, որ մեծ քսանյակի երկրների` G-20-ի` Լոնդոնում բացվող գագաթաժողովը վճռորոշ նշանակություն ունի համաշխարհային տնտեսության զարգացման համար, սակայն հանրային կարծիքն անբավարար ուշադրություն է դարձնում դրան: «Երբ խոսքը տնտեսության մասին է, երբ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք վճռորոշ նշանակություն ունեն ամբողջ աշխարհի համար, պարզվում է, որ մատների վրա կարելի է հաշվել նրանց, ովքեր հետաքրքրվում են այդ հարցերով»,- գրել է Կաստրոն իր «Խորհրդածություններ» շարքի հերթական հոդվածում, որը հրապարակվել է կուբայական ԶԼՄ-ներում: «Ես մեր թերթերում հաղորդումներ էի փնտրում «քսանյակի» գագաթաժողովի վերաբերյալ եւ դրա մասին ոչ մի հիշատակում չգտա: Նույնը տեղի է ունենում մյուս երկրներում»,- նշել է Կաստրոն: «Սակայն այն որոշումներից, որոնք ընդունվելու են աշխարհի ամենազարգացած տնտեսական տերությունների այդ հանդիպմանը, կախված կլինի սեփական աշխատանքով ապրող միլիարդավոր հասարակ մարդկանց ապագան»,- գրել է Ֆիդել Կաստրոն:
Կրճատել են նախարարների աշխատավարձը
Լատվիայի կառավարությունը որոշել է 20 տոկոսով կրճատել նախարարների աշխատավարձը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Լատվիայի վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսը: Լատվիայում նախարարը ստանում է 2 հազար 147 լատ, ինչը համարժեք է 4 հազար 294 դոլարին: Նշենք, որ Լատվիան Եվրամիության երկրներից ամենախորը տնտեսական անկումն արձանագրած պետությունն է: 2008 թվականի չորրորդ եռամսյակում երկրի ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկել է 10,5 տոկոսով:
Նավթը էլի էժանանում է
Նավթի գինը երեքշաբթի օրը հերթական անգամ անկում է ապրել` հասնելով մինչեւ 1 բարելի դիմաց 46.65 դոլար մակարդակին: Այս մասին ասված է OPEC-ի քարտուղարության` նախօրեին տարածած հաղորդագրության մեջ: Մեկ օր ավելի վաղ OPEC-ի «նավթային զամբյուղի» 1 բարելը, որը բաղկացած է այս կազմակերպության բոլոր անդամ-պետությունների կողմից արտահանվող նավթի 12 հիմնական տեսակներից, արժեր 47.72 դոլար/բարել: Համաշխարհային տնտեսության բարելավման հեռանկարների բացակայության ֆոնին նավթի գների իջեցման լրացուցիչ խթան է դարձել ԱՄՆ-ի նավթային պաշարների աճի սպասումները:
Մի՛ տարեք ձեր փողերը
Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգխը «ֆինանսական պրոտեկցիոնիզմի» տագնապալի տենդենց է համարում զարգացող երկրներից արեւմտյան ֆինանսական ինստիտուտների կապիտալի արտահոսքը: Նրա կարծիքով՝ զարգացած պետություններին անհրաժեշտ է խրախուսել վերսկսելու նոր տնտեսությամբ երկրների վարկավորումը: «Զարգացած պետությունների կողմից իրենց բանկերը ճնշելու երեւույթը իրենց իսկ տանը բիզնեսի նախընտրելի վարկավորման նպատակով մեծ խնդիրներ է ստեղծում»,- նշել է Սինգխը «The Financial Times»-ին տված հարցազրույցի ժամանակ: Վարչապետը կողմ է նաեւ փորձագետների միջազգային խումբ ստեղծելուն, որը կգնահատի առաջատար երկրների գործողությունները իրենց տնտեսությունները ճգնաժամից դուրս բերելու հարցում: Սինգխի խոսքերով, զարգացող երկրներին վնաս չհասցնելու համար զարգացած պետությունները պարտավոր են «մաքրել համաշխարհային բանկային համակարգը եւ խրախուսել վերսկսելու նոր տնտեսությամբ երկրների վարկավորումը»:
Իրենք մեղավոր չեն
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է ընդունել, որ Միացյալ Նահանգները պատասխանատու է ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի համար: Նրա կարծիքով, այժմ պետք չէ մեղավորներ փնտրել, անհրաժեշտ է լուծել ծագած խնդիրները: Լոնդոնում կայացած մամլո ասուլիսի ընթացքում, պատասխանելով լրագրողի հարցին մեղքի այն բաժնի վերաբերյալ, որն ընկած է Միացյալ Նահանգների վրա ճգնաժամի առաջացման համար, Օբաման հայտարարել է, որ «պետք չէ ետ նայել եւ մեղավորներ փնտրել, այժմ անհրաժեշտ է զբաղվել խնդիրների լուծմամբ, որոնք առաջացել են ճգնաժամի հետեւանքով»: Ընդ որում, նա ընդունել է, որ անհրաժեշտ է ամրապնդել այն համակարգը, որը թույլ կտա մոնիտորինգ իրականացնել եւ կարգավորել ազգային ֆինանսական շուկաները, ինչպես նաեւ իրականացնել երկու երկրների միջեւ տեղեկատվության փոխանակություն: Նա հաղորդել է, որ ներկայիս G-20 գագաթաժողովի ընթացքում խորհրդակցություններ կանցկացվեն համաշխարհային ֆինանսական շուկայի կարգավորման հարցերի վերաբերյալ: «Գործողությունների ավելի սերտ եւ արդյունավետ կոորդինացիա է անհրաժեշտ»,- ասել է Օբաման:
5.1 մլրդ դոլար՝ Ասիային
Ճապոնիան երեք տարիների ընթացքում ասիական երկրներին կտրամադրի 5.1 մլրդ դոլար՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի դեմ պայքարելու համար, հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Տարո Ասոն, «The Financial Times» թերթին տված հարցազրույցում: Ասոն այս կերպ մեկնաբանել է Ճապոնիայի դիրքորոշումը Լոնդոնում տեղի ունենալիք G-20-ի գագաթաժողովի նախաշեմին:
Փոխեք արժութային համակարգը
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կարծում է, որ համաշխարհային պահուստային արժույթների համակարգը ոչ թե ճշտման կարիք ունի, այլ հիմնովին փոփոխման: «Այս առումով ծավալվում է քննարկում: Մի շարք մեր գործընկերներ այն տեսակետին են, որ այս ոլորտում ամեն ինչ կարգին է, որ ընդամենը պետք է ամրապնդել հիմնական համաշխարհային արժույթները, այդ թվում եւ՝ դոլարը, որպեսզի ամեն ինչ իր տեղը գա: Մենք այլ կարծիքի ենք»,- հայտարարել է Մեդվեդեւը ԱՊՀ ֆինանսների նախարարների հետ հանդիպման ժամանակ: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի դիրքորոշմամբ, համաշխարհային ֆինանսական ճգնաժամը կապված է համաշխարհային պահուստային արժույթների գործողություններով պայմանավորված խնդիրներով: «Պետք է մտածել այն մասին, որպեսզի ստեղծել հավասարակշռված համաշխարհային պահուստային արժույթների համակարգ եւ որոշել, թե ինչ կերպ պետք է աշխատի այս համակարգը հետագայում»,- հայտարարել է Մեդվեդեւը:
«Ford»-ը օգնություն չի խնդրի
ԱՄՆ-ի «Ford» ավտոկոնցեռնը չի հետեւի իր մրցակիցներին եւ օգնություն չի խնդրի պետությունից: Այդ մասին CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ընկերության գործադիր փոխնախագահ Մարկ Ֆիլդսը: Ավելի վաղ համերկրային կառավարությունը 25 միլիարդ դոլար է հատկացրել «Ford»-ի երկու հիմնական մրցակիցներին` «General Motors» եւ «Chrysler» ավտոարտադրողներին: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դրա դիմաց նրանցից պահանջել է ամենակարճ ժամկետներում իրականացնել վերակառուցում, իսկ GM-ից` նաեւ գործադիր տնօրեն Ռիկ Վագոների արձակում:
Այս պահին «Ford»-ը մնացել է ամերիկյան ավտոարդյունաբերության հսկաներից միակը, որը հրաժարվել է պետության օգնությունից եւ ֆինանսական ճգնաժամի հետեւանքները հաղթահարում է իր ուժերով: «Մենք այլ վիճակում ենք, քան մեր որոշ մրցակիցներ, եւ մենք հրատապ օգնություն չենք խնդրում հարկատուներից»,- ասել է Ֆիլդսը: Պատասխանելով հարցին, թե դժվարին ժամանակներում «Ford»-ին ինչպես է հաջողվում չխորտակվել, ընկերության գործադիր փոխնախագահը նշել է, որ ամբողջ գաղտնիքը շեշտը վառելիքի նվազ սպառմամբ արդյունավետ բարձրորակ ավտոմոբիլների վրա դնելն է, ինչպես նաեւ գնորդների նկատմամբ բարեկամական քաղաքականությունը: «Մենք շարունակում ենք իրականացնել մեր այն պլանը, որը ներառում է գործարարության վերակառուցման վճռական գործողություններ, բայց նաեւ շուկայում լավ բարձրորակ, վառելիքի ծախսման առումով խնայողական ավտոմոբիլների տարածում: Մենք այս պլանի վրա աշխատել ենք վերջին երեք տարիներին եւ հասել ենք հաջողության»,- ասել է Ֆիլդսը: Նա խոստովանել է, որ այս պահին ավտոարդյունաբերության ամենամեծ հիմնախնդիրը գնորդների վստահությունն է: «Լավ նորություն է այն, որ մեր նոր մարդատար ավտոմեքենաներն ու բեռնատարները լավ վերաբերմունքի են արժանանում գնորդների կողմից: Վաճառքների շուկայում մեր բաժինը վերջին չորս ամիսներից երեքում աճել է: Մենք ակնկալում ենք, որ մարտ ամսին վաճառքների մեր ցուցանիշները վերստին վեր կբարձրանան»,- հայտարարել է Ֆիլդսը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ ընկերությունը չի կարող եւ չպետք է կանգ առնի ձեռք բերվածի վրա: «Ահա թե ինչու այսօր մենք նոր պլան ենք հայտարարում յուրաքանչյուր գնորդի համար, որն ավտոսալոն է գալիս «Ford», «Lincoln» կամ «Mercury» գնելու համար: Այժմ, եթե գնորդը կորցնում է աշխատանքը, մենք, քանի դեռ նա գործազուրկ է մնում, մինչեւ 12 ամիս նրա փոխարեն կվճարենք ավտոմեքենայի վարկը` հանուն նրա հոգեկան հանգստության»,- ասել է Մարկ Ֆիլդսը: