«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի սեփականատեր Սերգեյ Վլադիմիրովիչ Կուլիկովի («Նաիրիտի» բաժնետոմսերի 90 տոկոսի սեփականատեր «Ռայնովիլ» ընկերությունը պատկանում է հենց այս անձնավորությանը) դրությունը, կարծես, գնալով ավելի աննախանձելի է դառնում:
ԱՊՀ Միջպետական բանկի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնող այս մարդը իր պաշտոնական դիրքն օգտագործելով` ժամանակին իրականացրել է բազմաթիվ կասկածելի գործարքներ, որոնցից մեկն էլ եղել է «Նաիրիտի» բաժնետոմսերի ձեռքբերումը` բոլորովին անհայտ «Ռայնովիլ» ընկերության կողմից: Կուլիկովի գործելաոճը բոլոր դեպքերում գրեթե նույնն է եղել. ԱՊՀ Միջպետական բանկը զանազան վարկեր է տրամադրում նոր ստեղծված եւ Կուլիկովին կամ նրա տիկնոջը պատկանող ընկերություններին: Հետագայում ինչ-ինչ ներդրումային ծրագրերի ֆինանսավորման անվան տակ ձեւակերպված այդ վարկային պարտավորությունները նպատակին չեն ծառայում, այսինքն` այդ գումարի զգալի մասը ոչ մի ներդրում էլ չէր դառնում (օրինակ` «Նաիրիտի» պարագայում կաուչուկի արտադրության ացետիլենային եղանակից բութադիենայինին անցնելը ներդրումային ծրագրով նախատեսված կետերից մեկն էր): Վարկի զգալի մասը անհետ կորում է («Նաիրիտի» դեպքում անհետացավ ԱՊՀ Միջպետական բանկից վերցված 70 մլն դոլար վարկի 30 մլն-ը, այսինքն` ավելի քան 45 տոկոսը), իսկ վարկային պարտավորությունը ոչ միայն չէր մարվում, այլեւ տարեցտարի մեծանում էր տոկոսագումարների ու ժամկետանց պարտքերի համար սահմանված տույժ-տուգանքների հաշվին: Պատահական չէ, որ «Նաիրիտի» պարտավորությունը ԱՊՀ Միջպետական բանկի նկատմամբ այսօր արդեն կազմում է ավելի քան 140 մլն դոլար: Ինչեւէ, ԱՊՀ Միջպետական բանկը որոշել է դատի տալ իր նկատմամբ ժամկետանց պարտավորություններ ունեցող Կուլիկովին պատկանող ընկերություններին, եւ ներկայացված 3 հայց արդեն բավարարվել է Ռուսաստանի արբիտրաժային դատարանի կողմից: Խոսքը «կՐՏՎՁՐՈվրխՌջՌվչ» եւ դրա դուստր ընկերությունը հանդիսացող «ՁցՈտրՌվրՍՌռ ֆՍրտՏՐՑվօռ ՑպՐՎՌվՈս» ընկերությունների դեմ ուղղված հայցերի մասին է: Ինչպես հաղորդում է «Կոմերսանտը», առաջին հայտով բավարարվել է 123 հազար դոլար գումարի պահանջ, երկրորդով` 681 մլն ռուբլու պահանջ, իսկ երրորդ հայտը վերաբերում է 59 մլն ռուբլի կազմող ժամկետանց վարկային պարտավորություններին: Բոլոր երեք հայտերն էլ բավարարվել են առաջին ատյանի դատարանում: Բայց սա ընդամեն այսբերգի երեւացող մասն է, քանի որ ԱՊՀ Միջպետական բանկից վերցված վարկերի քանակը, ընդհանուր գումարը եւ դրանց ներգրավման պայմանները դեռեւս չեն հրապարակվել: Դատական գործընթացի նյութերի համաձայն` վարկերից մեկը 3.5 մլն դոլար ընդհանուր գումարով վերցվել է 2005 թվականին` տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով եւ նախատեսված է եղել մարել 2009թ. ապրիլին: Հայտնի է նաեւ, որ Միջպետական բանկի կողմից «կՐՏՎՁՐՈվրխՌջՌվչ»-ին տրված վարկերը շուրջ 200 մլն դոլար ներդրումային ծրագրի իրականացման համար են նախատեսված եղել: Ըստ այդ ծրագրերի, Տուապսեում դիզելային վառելիքի (հզորությունը տարեկան շուրջ 2 մլն տոննա) եւ հեղուկացված ջրածնային գազերի (հզորությունը տարեկան 1.5 մլն տոննա) բեռնահամալիր պետք է կառուցվեր: Դիզելային վառելիքի մասով շինարարությունը պետք է ավարտվեր այս տարվա վերջին, իսկ ածխաջրածնայինի մասով` 2011 թվականի վերջին: Մի խոսքով` կուտակված ավելի քան 140 մլն դոլար վարկի հետ կապված կարող ենք նշել, որ հերթը շուտով կհասնի նաեւ «Ռայնովիլին»: Հիշեցնենք, որ ԱՊՀ Միջպետական բանկի նախագահին վերջերս հեռացրել են պաշտոնից: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` շուտով պաշտոնից կհեռացվի նաեւ Կուլիկովը: Դրանից հետո, ամենայն հավանականությամբ, ինչ-որ փոփոխություններ կլինեն նաեւ «Նաիրիտում»՝ կապված մասնավորապես վերջինիս տնօրեն Վահան Մելքոնյանի գործունեության հետ: Սակայն պետք է հաշվի առնել նաեւ այն, որ ԱՊՀ Միջպետական բանկի տրամադրած վարկերի հետ կապված մութ պատմություններում ներգրավված են բազմաթիվ խիստ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչը դժվարացնում է այդ կծիկը քանդելու գործընթացը:
Հ.Գ. Երեկ հայտնի դարձավ, որ «Նաիրիտի» ղեկավարությունը վճարել է հարկադիր պարապուրդում գտնվող աշխատակիցների աշխատավարձերի գծով կուտակված ողջ պարտքերը: Հայտնի է, որ ընկերությունը կարողացել է ստանալ շուրջ 1 մլրդ դրամ գումար, որը, սակայն, այսպես ասած, բացառապես «հայաստանյան ծագում» ունի: Այսինքն` ԱՊՀ Միջպետական բանկը վարկ տրամադրելու համար 140 մլն դոլարի պարտավորությունը վճարելու պահանջը չի կասեցրել: Իսկ թե ինչ մեքենայությունների միջոցով է «Նաիրիտը» կարողացել ստանալ այդ 1 մլրդ դրամը, կամ թե հայաստանյան ո՞ր բանկն է տրամադրել այդքան կանխիկ գումար, դեռեւս հայտնի չէ: