Կռվախնձոր

03/04/2009

Արդեն տեղեկացրել ենք, որ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը ցանկանում է փակել Սեւան քաղաքում գտնվող իր հյուսիս-արեւելյան մասնաճյուղը: Ընկերության մոտ 60 աշխատողներ անցած շաբաթ եկել էին մայրաքաղաք ու հանդիպել էին «Հայջրմուղկոյուղու» ֆրանսիացի տնօրեն Պատրիկ Լորենի հետ: Նա բացատրել էր, որ ճգնաժամի ազդեցության պատճառով որոշել է կառուցվածքային փոփոխություններ կատարել: Պ.Լորենը սեւանցիներին ասել էր նաեւ, թե իրեն չի հետաքրքրում, որ նրանք այդպիսով կզրկվեն աշխատանքից ու ապրուստի միջոցներից: Երկուշաբթի օրը սեւանցիները նորից են եկել Երեւան` այս անգամ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի հետ հանդիպելու համար: Պարոն Անդրեասյանը ընդամենը կես ժամով է հանդիպել նրանց հետ ու խոստացել է խնդիրներին ծանոթանալու համար մեկնել Սեւան: Ջրպետկոմի մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ առաջիկա 10 օրվա ընթացքում տեղի է ունենալու «Հայջրմուղկոյուղու» կառավարման խորհրդի նիստը, որի նախագահն Ա.Անդրեասյանն է: Նիստի ժամանակ քննվելու է Սեւանի մասնաճյուղի փակման հարցը: Իսկ մինչ կքննվի այդ հարցը, մեզ հայտնի դարձան այս հարցի հետ կապված այլ մանրամասներ: «Հայջրմուղկոյուղու» մեր աղբյուրների փոխանցմամբ, ճգնաժամը կամ կառուցվածքային փոփոխությունները չեն Սեւանի մասնաճյուղի փակման իրական պատճառը: Ըստ մեր աղբյուրների, որքան էլ զարմանալի է, Պ.Լորենը որոշել է 4 մասնաճյուղերից մեկը` Կոտայքի, Լոռու եւ Գեղարքունիքի մարզերի մոտ 70.000 բաժանորդներ համակարգող մասնաճյուղը փակել, որովհետեւ չի կարողանում լուծել տնօրենի նշանակման խնդիրը: Մոտ 7-8 ամիս է, ինչ ընկերությունը չունի մշտական տնօրեն: Այդ ընթացքում մասնաճյուղը մի քանի տնօրեն է փոխել: Եվ այդ «կարճաժամկետ» տնօրեններից մեկին էլ նշանակել են «Հայջրմուղկոյուղու» Սիսիանում գտնվող մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարյանի առաջարկությամբ: Մեր տեղեկություններով՝ Ջ.Մարգարյանը ազդեցություն ունի ոչ միայն Սիսիանի մասնաճյուղի, այլեւ ողջ «Հայջրմուղկոյուղու» ղեկավարման գործընթացի վրա: Ու հիմա նա ուզում է իր ազդեցության ոլորտում պահել նաեւ Սեւանի մասնաճյուղը: Ի դեպ, Ջ.Մարգարյանը ղեկավարում է ոչ միայն ֆրանսիական «Սաուր» ընկերության կառավարմանը հանձնված «Հայջրմուղկոյուղու» Սիսիանի մասնաճյուղը, այլ նաեւ ռուսական ընկերությանը պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Սիսիանի տարածքային կառույցը: ՀԷՑ-ի մամուլի ծառայությունից հաստատեցին, որ իրենք ունեն նման աշխատող: Իհարկե, տարօրինակ է, որ հանրային նշանակության մի ոլորտի ղեկավար անձը համակարգում է նաեւ մեկ այլ ոլորտ: Ասում են, որ Ջ.Մարգարյանը ազատամարտիկ է եղել, ու հիմա Սիսիանում տեղական նշանակության հեղինակություն է: Այնպիսի հեղինակություն, որ այդ տարածքում վերահսկում է գրեթե յուրաքանչյուր բնակչի տուն մտնող ջրի ու հոսանքի մատակարարման ծառայությունները, որոնք մատուցում են երկու խոշոր երկրների` իրենց ոլորտներում խոշորագույն ընկերություններին: Ավելորդ է նշել, որ այդ ոլորտները շատ գրավիչ են, որովհետեւ հայտնի է, որ ստվերային ֆինանսական հոսքերի մեծ հնարավորություններ ունեն: Այնպես որ, «Հայջրմուղկոյուղու» Սեւանի հավանաբար ոչ պակաս եկամտաբեր մասնաճյուղի տնօրենի պաշտոնը դեռ երկար կշարունակի կռվախնձոր լինել մարզային տարբեր իշխանիկների միջեւ: Ի դեպ, մեր աղբյուրները նշում են նաեւ, որ տարբեր մարդիկ Սեւանում տնօրեն նշանակվելու համար Պ.Լորենին տարբեր` 30-50 մլն դրամի կաշառք են առաջարկում եւ նրա վրա ճնշումներ են գործադրում: Եվ ահա, ֆրանսիացի տնօրենն էլ որոշել է հարցը լուծել մասնաճյուղը փակելու միջոցով: Բնականաբար, «Հայջրմուղկոյուղու» մամուլի ծառայությունից այս տեղեկությունները հերքեցին` ասելով, որ Սեւանի մասնաճյուղը ցանկանում են փակել ընկերության աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: