2005 թվական, հուլիսի 1։ Շանսերը, թե Իրանի նորընտիր նախագահ
Ահմադինեջադը, ով քառորդ դար առաջ Միացյալ Նահանգներին ավանում էր «մեծ
սատանա», կջերմացնի այդ երկրի հետ հարաբերությունները, հենց սկզբից էլ շատ
փոքր էին։ Բայց դրանք կարող են ավելի բարակել այն բանից հետո, երբ մի քանի
ամերիկացիներ հաստատեցին, որ Մահմուդ Ահմեդինեջադը մեկն էր նրանցից, ովքեր
1979 թվականին իրենց պատանդ էին վերցրել եւ 444 օր պահել Ամերիկյան
դեսպանատան շենքում։
Նոր նախագահի կենսագրության մեջ գրված է, որ նա եղել է արմատական
խմբավորման անդամ, որը գրավել է դեսպանատունը, սակայն Ահմեդինեջադի
կողմնակիցներն ասում են, որ մարքսիզմի դեմ իր պայքարի շրջանակում նա
մտադիր է եղել գրավել սովետական դեսպանատունը եւ ամենեւին միտք չի ունեցել
ամերիկյանի վրա հարձակվելու։ Անգամ այսօր այդ արտահայտությունն այնքան էլ
լավ չի ընդունվելու Մոսկվայում։ Ռուսաստանն Իրանում ատոմային էլեկտրակայան
է կառուցում, ինչը շատ պետք է Թեհրանին եւ ամենեւին պետք չէ ԱՄՆ-ին։
Այսպիսով, Իրանի նախագահը կարող է բարիկադի նույն կողմում տեղադրել ԱՄՆ-ին
ու Ռուսաստանին։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սքոթ ՄըքՔլելլանն ասել է, որ ԱՄՆ վարչակարգը
լրջորեն է վերաբերվում նախկին պատանդների հայտարարություններին եւ
անցկացնում է հետաքննություն։ Ազգային անվտանգության գծով խորհրդական
Սթիվեն Հեդլին ավելի զգուշավոր է եւ ասում է, որ այդ հայտարարություններն
առայժմ մերկապարանոց են, եւ անհրաժեշտ է ավելի մանրակրկիտ
ուսումնասիրություն։
Եթե անգամ չլինեին նախկին պատանդների վկայությունները, Ահմեդինեջադի
նախագահությունն արդեն իսկ բերում է Վաշինգտոնի հետ հարաբերությունների
վատթարացմանը։ Նա ոչ մեկի կողմից չընտրված հոգեւորականության մերձավորն է,
իսկ այդ հոգեւորականությունն իրական իշխանություն ունի Իրանում եւ պնդում
է ատոմային էներգետիկա, եթե ոչ՝ միջուկային զենք ունենալու
անհրաժեշտությունը։ Ահմեդինեջադի կողմնակիցները հույս են հայտնում, որ նրա
օրոք երկիրը կվերագտնի 1979 թվականի հեղափոխության ոգին։
Ընտրություններից առաջ Բուշի վարչակարգի այն մարդիկ, ովքեր ուզում էին
բարելավել հարաբերություններն Իրանի հետ, կարծես ճիշտ դուրս եկան։ ԱՄՆ
նախագահը համաձայնել էր աջակցել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի՝
Թեհրանին միջուկային զենք ստեղծելու մտքից հետ պահելու ջանքերին։ Բայց եթե
պարզվի, որ Ահմեդինեջադը պատանդներ է վերցրել, ԱՄՆ վարչակարգի կոշտ կուրսի
կողմնակիցներն ավելի մեծ ազդեցություն ձեռք կբերեն եւ կհայտնվեն նպաստավոր
դիրքում՝ քարոզելով «չարիքի առանցքը» մեկուսացնելու անհրաժեշտությունը։
Տ.Պ.