Ասում են` Պերմ, հասկանում են` Ուրալ, Ռուսաստանի Դաշնություն: Նաեւ` նավթ, հարուստ արդյունաբերական քաղաք, ցուրտ երկարատեւ ձմեռ եւ երկար, գրեթե առանց մութն ընկնելու մեկ ամիս տեւող ամառվա սպիտակ գիշերներ:
Դե, հիմա պատկերացրեք, որ շատերը Պերմ քաղաքի մասին լսելով (որը գտնվում է Պերմի մարզում)՝ հայերին են հիշում: Ինչո՞ւ: Այսօր մոտ 60.000 հայ է բնակվում Պերմի մարզում: Հիմա կասեք` հայերը էլի իրենց ամեն տեղ ցույց են տալիս: Ճիշտ եք` տաղանդը դժվար է թաքցնել (լավ իմաստով, իհարկե, նկատի ունեմ): Օրինակ` Պերմի Պյոտր Իլյիչ Չայկովսկու անվան Օպերայի եւ բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավարը ազգությամբ հայ է` Գեորգի Իսահակյանը, ով արդեն 18 տարի ամբողջ աշխարհում բարձր է պահում Պերմի Օպերայի եւ բալետի թատրոնի անունը, լինելով «Դյագիլեւի եղանակները» Պերմ-Պետերբուրգ-Փարիզ միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավարը եւ «Արաբեսկ» միջազգային բալետի մրցույթի կազմակերպիչներից մեկը: Թատրոնի որոշ ներկայացումներ այնքան են սիրված տեղի բնակիչների (տարբեր ազգությունների) եւ քաղաքի հյուրերի կողմից, որ նախապես վաճառվում են գրեթե բոլոր տոմսերը:
Իսկ մյուս հայերը ինչո՞վ են ապրում Պերմում, ինչպե՞ս են փող վաստակում: Գաղտնիք չէ, որ հայերը միշտ էլ լավ են իրենց դրսեւորել շինարարության ոլորտում: Այսօր Պերմում հաջողության հասած հայ գործարարների 90 տոկոսը զբաղվել է կամ շարունակում է զբաղվել շինարարությամբ: Ազգությամբ հայ են Պերմի Ալեքսադրովսկի մեքենաշինական եւ «Մետաֆրաքս» քիմիական արտադրության գործարանների ղեկավարները: Հայերը այստեղ նաեւ զբաղվում են առեւտրով: Ի դեպ, առաջին բանիմաց հայը, որ հայտնվել է Պերմի մարզի Չորմոզ քաղաքում` Իվան (Հովհաննես) Լազարեւն էր: Նա, լինելով Նոր Ջուլֆայում բնակվող հայազգի ծնողների որդի, խոշոր անհատականություն եւ գործարար է եղել: 1778թ. նա գնել է բարոն Ստրոգանովի տունը` Չորմոզի գործարանի հետ միասին: Իսկ 1789թ. հիմնել է Կիզելի չուգունաձուլական եւ մետաղարտադրական գործարանները: Այսօր Իվան Լազարեւի առանձնատուն-թանգարանը այցելուներին պատմում է այս Ռուսաստանի պատմության մի մասը կազմող հայազգի գործարարի մասին:
Դե, իսկ այսօրվա Պերմում կամ մարզի մյուս քաղաքներում ապրող հայերը փորձում են հետ չմնալ իրենց նախնիներից: Օրինակ, Պերմի (մարզի մայրաքաղաքը) ամենաշքեղ եւ մոդայիկ գիշերային ակումբը եւս պատկանում է հայազգի գործարարի եւ այնտեղ հաճախում են ինչպես Պերմի բնիկները, այնպես էլ հայերը: Կրթական ասպարեզում էլ են հայերը հաջողության հասել. Գորկու անվան պետական եւ գյուղատնտեսական համալսարաններում, Դեղագործական ակադեմիայում եւ բարձրագույն մի շարք կրթական այլ հաստատություններում դասավանդում են հայազգի դասախոսներ: Գրեթե բոլոր բուհերում սովորում են բազմաթիվ հայ ուսանողներ, հիմնականում` օտար լեզուների, բժշկական, իրավաբանական եւ տնտեսագիտական մասնագիտություններով բուհերում:
Պերմում հայերը ձգտում են միմյանց հետ շփվել, կապի մեջ լինել, նույնիսկ խմբավորումներ են կազմում` որպես հիմք վերցնելով ծննդյան կոնկրետ վայրը: Պերմի հայ տղամարդիկ միանում են միմյանց՝ աշխատատեղ ստեղծելու կամ համատեղ գործ սկսելու համար, իսկ կանայք իրենց հերթին շփվում են՝ ընդհանուր հետաքրքրություններ եւ ժամանցային վայրեր գտնելով: Պերմում, թերեւս, հայ կնոջ ամենամեծ առաքելությունն է՝ պահպանել օջախը, խրախուսել երեխաներին ուսման հարցում եւ ամուր հենարան լինել ընտանիքի համար:
Այդ հարցում նրանց փորձում է օգնել Պերմի մարզի հայ համայնքը` առաջարկելով կիրակնօրյա դպրոցի ծառայությունները, որոնց մեջ մտնում են նաեւ մշակութային միջոցառումները, տոներին նվիրված հատուկ արարողությունները: Հայկական դպրոցը եւ վերջերս կառուցված հայկական եկեղեցին այն եզակի վայրերից են, որտեղ համախմբվում են Պերմում ապրող բոլոր հայերը: Փորձեք կռահել` ո՞րն է երրորդ վայրը, որտեղ հավաքվում են հայերը: Դե, իհա՛րկե հայկական հարսանիքը: Տեղի բնակիչների համոզմամբ՝ հայկական հարսանիքից ավելի ուրախ, աղմկոտ, շքեղ (հնարավորության դեպքում), երգող ու պարող հարսանիք չկա: Այդ խնջույքների ժամանակ Պերմի հայերի` կողք կողքի շարված արտասահմանյան թանկարժեք մեքենաները ժամանակին գրավում էին տեղացիների ուշադրությունը: Հիմա թեեւ այլեւս որեւէ մեկին, այդ թվում` Պերմի ոչ հայազգի բնակիչներին, հնարավոր չէ զարմացնել թանկարժեք մեքենաներով, նման ունեցվածքով, բայց միեւնույն է` մի վայրում գտնվող այդքան մեծ քանակությամբ ավտոմեքենաները նրանց մոտ կարծիք են ստեղծում, թե հայերից հարուստ մարդ չկա: Իրականում, սակայն, այստեղ էլ կյանքը հեշտ ու հարթ չէ: Առավել եւս, որ հայրենիքից դուրս ապրելը պահանջում է սեր եւ հավատ սեփական ուժերի նկատմամբ, որոնք էլ օգնում են նրանց օտար երկրներում հաջողության հասնել` հնարավորինս պահպանելով լեզուն եւ մշակույթը:
Զարուհի ԱՎԵՏԻՍՅԱՆ
Պերմ-Երեւան