Առաջիկայում Ավագ շաբաթն է կամ Փոքր Պահքի շրջանը, շուտով նաեւ Սբ. Զատիկն ենք նշելու: Այս առիթով զրուցեցինք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աճապահյանի հետ: Թեմի առաջնորդը համոզված է, որ տարիների ընթացքում եկեղեցական տոները շատ ավելի մեծ ոգեւորությամբ են նշում. որոշակի տեղաշարժ կա, բայց, ըստ նրա` բավարար չէ: Դեռեւս սովետական դաստիարակություն ստացած սերունդը աթեիստական ոգին չի կարող հաղթահարել, եւ ինչպես թեմի առաջնորդն է վստահեցնում` երիտասարդներն ավելի տրամադիր են այդ տոները նշելուն, քան տարիքով ավելի ավագները: «Չնայած երիտասարդների շրջանում մոմավառությունը կամ ծոմապահությունը, կարելի է ասել, շատ դեպքերում մակերեսային է եւ խորքային չէ, բայց այդ ամենն իրենց մեղքը չէ, քանի որ իրենց էլ սովորեցնել է պետք: Մենք շատ լավ երիտասարդություն ունենք, իսկ մնացած բոլոր թերությունները գալիս են իրականությունից: Այսօր մեր կյանքում շատ արագ ռոմանտիկան վերանում է, իսկ ռեալ կյանքը շատ դաժան մարտահրավերներ է առաջ քաշում: Կարող եմ վստահ ասել, որ երիտասարդությունը ավելի ու ավելի է կապվում եկեղեցուն»,- ասում է Մ. եպիսկոպոս Աճապահյանը: Թեմակալ առաջնորդի խոսքերով` թեմի կարեւորագույն խնդիրներից է կադրերի բացակայությունը: Եթե թեմում յուրաքանչյուր գյուղ պետք է ունենա գոնե մեկ քահանա, ապա հիմա մեկ քահանան սպասարկում է ավելի քան 25 գյուղերի, իսկ թեմն ունի ընդամենը 16 քահանա: Եվ, որպեսզի թեմը կարողանա օպտիմալ գործել, պետք է ունենա առնվազն 140 քահանա, եւ յուրաքանչյուր գյուղում պետք է լինի եկեղեցի, գրասենյակ եւ կիրակնօրյա դպրոց, որի համար անհրաժեշտ է մոտ 150մլն դոլար: Թեմում կադրային պակասը եպիսկոպոս Աճապահյանը բացատրում է Սովետական Միության 70 տարիների ազդեցությամբ, երբ ճեմարանը սահմանափակ թվով հոգեւորականներ էր պատրաստում: «Անշուշտ, լուրջ խնդիր է, երբ մեկ քահանան ծառայում է 20-ից ավելի գյուղերի, բայց կարծում եմ, որ այդ խնդիրն իսկապես ժամանակի ընթացքում կկարգավորվի: Մեզ համար առաջնային խնդիր է այն, որ շատ գյուղեր այսօր պարզապես եկեղեցիներ չունեն»: Շիրակի թեմում ավելի քան տասնյակ եկեղեցիներ են վերանորոգվել` Լեռնակերտում, Հայրենյացում, Սարատակում, Փոքր Մանթաշում ընթանում են վերակառուցման աշխատանքները, Մեծ Մանթաշ, Սպանդարյան, Ախուրյան, Հայկավան, Ղարիբջանյան, Այգաբաց, Ամասիա, Բենիամին, Ոսկեհասկ գյուղերում վերանորոգվել են հին եկեղեցիները կամ կառուցվել են նորերը, եւ գյուղերն այսօր եկեղեցիներ ունեն: Սակայն Արթիկ քաղաքը եւ որոշ գյուղեր դեռեւս եկեղեցիներ չունեն: Արթիկն ունի երկու պատմամշակութային արժեք ներկայացնող` Սբ. Աստվածածին 5-րդ դար եւ Սբ Գեւորգ 7-րդ դարի եկեղեցիներ, հարակից Պեմզաշեն գյուղն ունի երեք հնադարյան եկեղեցիներ`11-րդ դար Մակարավանք, Սբ. Աստվածածին 17-րդ դար, 5-րդ դարի Առաքելոց վանքերը, որոնց վերակառուցման համար մեծ ծավալի աշխատանքներ ու ֆինանսներ են անհրաժեշտ: «Բավականին անմխիթար վիճակում են այդ եկեղեցիները, բայց նրանց սիրողական մակարդակով մոտենալ հնարավոր չէ, այսինքն՝ պետական միջամտություն է պետք, քանի որ դրանք ոչ միայն եկեղեցիներ են, այլ պատմամշակութային լուրջ կոթողներ, կարեւորագույն հուշարձաններ: Արթիկի եկեղեցիները խոնարհված են: Եվ դրանք թեմի առաջնահերթ խնդիրներից են»,- ասում է թեմի առաջնորդը: Արթիկում այս տարի կսկսվեն նոր եկեղեցու կառուցումը, չնայած, Սրբազան հոր խոսքերով, ինքը կգերադասեր, որ խոնարհված եկեղեցիներից մեկը վերակառուցվի. «Ես չեմ քաջալերում նոր եկեղեցու կառուցումը, եթե հնարավորություն կա վերանորոգելու պատմամշակութային լուրջ կոթողները: Բայց եթե մարդիկ ցանկանում են նորը կառուցել` իրենցն է կամքը: Ես իբրեւ թեմի առաջնորդ՝ չպետք է հետաքրքրվեմ ճարտարապետական կոթողների ճակատագրերով, այսինքն` ինձ համար եկեղեցին ժողովրդին հավաքելու մի վայր է, եւ նորի կառուցմամբ խնդիրը կարող եմ լուծված համարել, բայց ես իբրեւ հայ մարդ՝ մտահոգվում եմ նաեւ այդ եկեղեցիների ճակատագրով»: Սրբազան հայրը վստահեցնում է, որ չնայած այն բանին, որ Արթիկը եկեղեցի չունի, ունի քահանա, եւ ամռանը նույնիսկ խոնարհված եկեղեցում` բաց երկնքի տակ, պատարագներ են մատուցվում: Իսկ այն, որ մեր մեծահարուստները սովորաբար եկեղեցիներ են կառուցում իբրեւ ապաշխարության նոր ձեւ, առաջնորդը առաջարկում է այդ մտայնությունը թողնել կառուցողներին եւ Աստծուն, պարզապես պետք է մտածել, որ այդ եկեղեցու կառուցման օգուտը համընդհանուր է: «Անշուշտ, ցանկալին այն է, որ բարերարները, ովքեր եկեղեցիներ են կառուցում, իսկապես մոտ լինեն հավատքին, ապաշխարությանը, շատ ավելի գիտակցաբար լինի այդ ամենը, ինչպես նախկինում տասանորդի գաղափարն է եղել, երբ մարդիկ իրենց շահույթի տասներորդ մասը վճարել են եկեղեցուն: Պետք է այդ հոգեւոր գիտակցությամբ առաջնորդվել, եւ ոչ թե միմյանց նայելով` եկեղեցի կառուցել»: