«Ժողովրդավարության դպրոց» նախագծի շրջանակներում եւ Ժողովրդավարությանն աջակցության ազգային հիմնադրամի (NED) օժանդակությամբ վերջերս լույս է տեսել Անահիտ Բայանդուրի կազմած «Հոդվածներ ժողովրդավարության մասին» գիրքը։ «Ժողովածուի հոդվածների ընտրության առաջին պահից սկսած, առ այսօր, երբ ստացա նմուշ օրինակը, սա իմ ամենասիրելի եւ ամենագլխավոր գիրքն է դարձել»,- խոստովանում է Անահիտ Բայանդուրը գրքի նախաբանում: Եվ իրոք, գիրքը հետաքրքիր է նախ՝ հեղինակներով: Բավական է նշել, որ ժողովածուն ընդգրկում է Լարրի Դայմոնդի («Ունիվերսալ ժողովրդավարությո՞ւն»), Իվան Կրաստեւի («Ժողովրդավարության նմանակներ», «Հակաամերիկյան դար»), Ֆրենսիս Ֆակույամայի («Նեոկոնսերվատիզմն իր այսօրվա տեսքով ընդունել չեմ կարող»), Ռիչարդ Փայփայի («Ինչո՞ւ է մռնչում արջը»), ռուս հայտնի լրագրող Աննա Պոլիտկովսկայայի («Երկրորդ Չեչենական»), «Չեչնիա. անհետացումները հանցագործություն են մարդկության դեմ», «Մենք նորից սովետական լյումպեններ ենք»), Յուրի Աֆանասեւի («Գիտենալ՝ ընտրյալ դառնալու համար»), Սերգեյ Կովալյովի «Քաղաքական ընդդիմությունը Ռուսաստանում պարտված է» եւ էլի շատ հեղինակների հետաքրքիր եւ լուրջ վերլուծությունները: Շապիկի ձեւավորման համար օգտագործվել է նկարիչ Աշոտ Բայանդուրի «12» գործը:
ԱՄՆ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի եւ «Ժողովրդավարության դպրոց» նախագծի շրջանակներում լույս է տեսել եւս մեկ հետաքրքիր գիրք՝ Աննա Ժամկոչյանի եւ Էվելինա Գյուլխանդանյանի «Ընտրական խճանկար, Ազգային ժողով 2007» խորագրով: Ինչպես հեղինակներն են նշում իրենց նախաբանում. «Աշխատանքի առանցքն են կազմում երկրի առաջատար քաղաքագետների, քաղաքական գործիչների, վերլուծաբանների, ԶԼՄ-ների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հարցազրույցները, ինչպես եւ լրատվամիջոցներում նրանց հրապարակած տեսակետները՝ Հայաստանի իրականության եւ նախանշվող զարգացումների մասին: Փորձագետների գնահատականները բազմակողմանի են, փոխլրացնող, որոշ դեպքերում՝ նույնիսկ իրարամերժ, քանի որ արտահայտում են քաղաքական համակարգի տարբեր կողմերի դիրքորոշումները»: Գրքույկը նպատակ ունի լրացնել Հայաստանում 2007-ի սոցիալ-քաղաքական գործընթացների եւ ընտրական ինստիտուտի մասին ընթերցողների պատկերացումները, հետեւաբար ուղղված է ընթերցողների լայն հանրությանը: Այս գրքի շապիկը եւս ձեւավորված է Աշոտ Բայանդուրի նկարով, որը կոչվում է «Անցած էտապ»: