Արվեստի քննադատ, համադրող Եվա Խաչատրյանն այն երիտասարդ կանանցից է, ով համոզված է, որ կնամեծար, ուռճացված կոմպլեմենտար գարնանային կանանց տոները, որոնք սկսվում են մարտի 8-ին ու ավարտվում ապրիլի 7-ին, շատ զայրացնող են իրենց կեղծ բնույթով:
Եվան արդեն մի քանի տարի կին արվեստագետների ցուցահանդեսներ, կանանց անլիարժեք դերակատարության դեմ պայքարի անհրաժեշտությունը ընդգծող երթեր ու տարբեր հնչողության փերֆորմանսներ է կազմակերպում, որոնց միջոցով ահազանգում է. կնոջ իրավունքները ոտնահարող ավանդույթները պետք է ոչնչացնել: «Կանանց ռեսուրսներ կենտրոն», «Ուտոպիանա» կազմակերպությունների հետ համատեղ Եվան մարտի 8-ին Երեւանում երթի նախաձեռնող դարձավ: Թեեւ երթի հիմքում բավականին էպատաժային`«կարմիր խնձորի» թաղումն էր, սակայն երթի դուրս եկած մարդկանց համար կարեւորը ոչ թե երթի արտաքին ֆորման էր, այլ` բովանդակությունը, հիշեցումն այն մասին, որ Մարտի 8-ը ոչ թե ծաղիկ նվիրելու, այլ` կանանց իրավունքների համար պայքարելու օր է: Կուսության ֆետիշացումը մի ավանդույթ է, որը նսեմացնում է կնոջը: Ինչպես նաեւ նսեմացնում է կնոջ մարմնի գովազդային շահագործումը էկրաններում, պաստառներում ու գունազարդ ամսագրերում: Ե.Խաչատրյանն իր կազմակերպած ցուցահանդեսներում փորձում է ընդգծել այն միտքը, որ կանայք պետք է տեսանելի լինեն ոչ միայն իրենց արտաքինով ու գեղեցկությամբ, այլեւ` մտքով ու գործունեությամբ: «Միջավայրը կասկածի տակ է դնում ազատությանը ձգտող կնոջը` արգելափակելով նրա ձերբազատումը լռության խոստումից, պահանջվող համեստությունից, խոնարհությունից, հնազանդությունից, վիրավորանք կուլ տալուց, չարտահայտվելուց ու, վերջապես, սեքսուալ օբյեկտ լինելուց»,- այս կոնցեպցիայով է Ե.Խաչատրյանը 2007 թվականին համադրել «Ակտիվ կանայք` Women in Action» ցուցահանդեսը:
Իսկ այսօր` ապրիլի 2-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթական համալիրի նորաբաց մեդիա-կենտրոնում բացվելու է «Ամբողջը եւ հիմա» ցուցահանդեսը, որի մասնակիցներն են Թենի Վարդանյանը, Կարինե Մացակյանը, Արեւիկ Արեւշատյանը, Սոնա Աբգարյանը, Անիտա Առաքելյանը եւ այլք: Այդ ցուցահանդեսն այն ակցիաների շարքում է, որոնց միջոցով փորձ է արվելու ձեւավորել պաշտոնական կանանց միամսյակի ալտերնատիվ հարթությունը: Պաշտոնական պատկերաշարերը կնոջը որպես ծաղիկ, գարուն, վերացական գեղեցկություն ու մայրություն են ներկայացնում, իսկ «Այսօր ու հիմա» ցուցահանդեսը ներկայացնելու է այն արվեստագետ կանանց, որոնք արվեստն ու հասարակության զարկերակն իրարից չեն տարանջատում: Համադրելով այս ցուցահանդեսը` Ե.Խաչատրյանը ցանկացել է հաստատել այն միտքը, որ արվեստը հասարակությունը վերաձեւելու ուժ պիտի ունենա:
– «Կարմիր խնձորի թաղման» ակցիան ի՞նչ հետք թողեց եւ ի՞նչ մտքեր առաջ բերեց:
– «Կարմիր խնձորի» թաղման» ամենահետաքրքիրը երթն էր, որը շատ տարբեր, նույնիսկ` ագրեսիվ արձագանքների արժանացավ: «Թաղումը» աննկատ ու սիմվոլիկ ակցիա էր, որը տեղի ունեցավ բակում, մենք կարեւորում էինք ոչ թե այդ ակցիայի, այլ` երթի մասսայականությունը:
«Կարմիր խնձորը» այն ավանդույթներից մեկն է, որը ցույց է տալիս կնոջ իրավունքների ոտնահարված լինելը, դա անիմաստ ավանդույթի օրինակ է, որը մեզ թույլ տվեց խոսել ավելի լուրջ խնդիրների մասին: Մենք աղջիկներին ու կանանց թռուցիկներ էինք բաժանում, որտեղ գրված էր տոնի բուն իմաստի` իրավունքների պաշտպանության մասին: Իսկ շատ կանայք դրանք ստանալով, կարծում էին, որ շնորհավորական բացիկ են ստանում: Երթի կազմակերպելու գաղափարի մեջ կար նաեւ ընդդիմական կերպար, որը մեզ որոշ չափով օգնեց: Չէ՞ որ, եթե Մարտի 8-ը կանանց տոն է, մենք էլ կին ենք, ուրեմն կարող ենք այդ տոնը մեր քաղաքում այլ կերպ նշել, ասենք` պաստառներով փողոց դուրս գալով:
– Իսկ երթի թույլտվություն ունեի՞ք:
– Մենք քանակով քիչ էինք, մոտ 40 մարդ, ու թույլտվության կարիքը չկար: Թեեւ ոստիկանները մեզ մի քանի անգամ կանգնեցրեցին, փորձեցին հասկանալ` կարելի՞ է, թե՞ չի կարելի փողոցով քայլել: Եղավ հանդիպում ֆաշիստական տրամադրություններ ունեցող մարդկանց հետ, սակայն ամեն դեպքում մենք մեր երթը առանց լուրջ խոչընդոտների անցկացրեցինք:
– Իսկ արդյոք կանանց իրավունքների պաշտպանությունը միայն կանա՞նց գործն է, թե՞ դա կարեւոր է նաեւ տղամարդկանց համար:
– Իհարկե, դա պիտի լինի նաեւ տղամարդկանց խնդիրը, քանի որ վերջիվերջո բոլորիս նպատակը միացյալ ուժերով առաջադեմ հասարակություն ունենալն է: Վերջերս եղավ «Ֆեմինիզմ» ցուցահանդեսը, որին տղամարդիկ էլ էին մասնակցում: Պարզապես մի տարօրինակ վիճակ է ստեղծվել, եւ կանանց հետ կապված խնդիրներում առաջին հերթին հենց կինն է մեղադրվում: Բոլորս պետք է վերլուծենք ու հասկանանք` արդյո՞ք դա այդպես է: Եվ դրա համար պետք է հաճախ խոսենք, լսենք իրար: Կինը պետք է ընդունի, որ հասարակական գործընթացներում ներգրավված լինելը չպիտի տղամարդկանց նախաձեռնությամբ տեղի ունենա: Կինն ինքը պիտի որոշի իր ներգրավվածության չափը: Իհարկե, ելակետը պիտի լինի յուրաքանչյուր մարդուն իր արժանիքներով գնահատելը, բայց մեզ մոտ կանայք ճնշված են իրենց զգում: Իրական սեռական հավասարության մասին խոսելը շուտ է, կանայք դեռ պիտի կարողանան իրենց արտահայտել: Շատ կանայք հանգիստ, առանց հեղափոխությունների կարողանում են ինքնարտահայտվել, բայց ես համոզված եմ, որ շատ կանայք օգնության կարիք ունեն: Թեկուզեւ` խորհրդի, ոգեւորության տեսքով:
– Իսկ արվեստով զբաղվող կանայք հանդիպո՞ւմ են դիսկրիմինացիայի:
– Էն էլ ինչպիսի: Տղամարդիկ կան, որոնք հայտարարում են, որ կինը արվեստով զբաղվելու իրավունք չունի, նա կարող է միայն բնորդուհի լինել: Սա իրավունքների ոտնահարման ամենացայտուն դեպքերից մեկն է միայն:
– Միգուցե շատ բան կարող են անել կին քաղաքական գործիչները, հանրությանը ծանոթ կանայք (մենք, օրինակ, երկու կին նախարար ունենք), որոնք իրենց տեսքով, իրենց պահվածքով կփոխեն հասարակության վերաբերմունքը ու կստիպեն լրջությամբ խոսել կանանց խնդիրների մասին:
– Իհարկե, կանանց հիմնախնդիրները լուծելու համար նախեւառաջ քաղաքական ֆունդամենտ պետք է դրվի: Արվեստով զբաղվող կանայք չունեն այն ազդեցությունը, որն ունեն կին քաղաքական գործիչները: Բայց մեզ մոտ ստացվել է այնպես, որ կինը` պաշտոն զբաղեցնելով` կանանց իրավունքների պաշտպանության համար ոչինչ չի անում: Մենք չունենք նման հայ կնոջ օրինակ, պաշտոն ունեցող կինը հիմա ընդամենը տղամարդկանց հրամանները կատարող է: Սեփական կարծիքն ունեցող, ինքնուրույն կնոջ նախադեպ քաղաքականության մեջ մենք չունենք: Եվ այդ պատճառով էլ ես միշտ բերում եմ Ալեքսանդրա Քոլոնթայի օրինակը, որից շատ ոգեշնչված եմ եւ հաճախ եմ նրա մտքերը մեջբերում:
– Կանանց միամսյակն ինձ, օրինակ, հիշեցնում է սովետական պլանային «հնգամյակը» կատարելու պարտադրանքը: Կանանց շքանշաններ են հանձնվում, ծաղկեփնջեր են նվիրվում, սիրուն խոսքեր են ասվում: Եվ հետո մտածում ես` է՜, հետո ինչ:
– Եվ հենց դա է բարկացնողը: Մեզ մոտ կանանց տոնը աղավաղված է, ընդունված է մեկ ամսվա ընթացքում կնոջը մեծարել, ծաղիկներ նվիրել, կարծես տարվա մնացած օրերին կինը պարզապես գոյություն չունի: Իսկ Մարտի 8-ը կանանց պաշտպանության օր է, այլ ոչ թե` ծաղկի տոն: Այդ ծաղիկներով ու նվերներով փակում են կանանց բերանը: Առանց այդ էլ նրանց բերանը փակ է, բայց որոշում են ավելի շատ փակել: Եվ շատ գայթակղիչ բաներ են առաջարկվում (օրինակ, անվճար բժշկական ծառայություններ), որպեսզի կանայք ոչինչ անել չուզենան, ձեռքերը ծալեն ու սուսուփուս նստեն տանը: Այդ վիճակում նրանք չեն էլ փորձի սեփական իրավունքների մասին խոսել: Եվ եթե կինը մտնում է այդ համակարգի մեջ, նա այլեւս չի կարող ինքնուրույն մտածել ու գերադասում է ենթարկվել ընդունած կարծիքին: Բայց այդպես չպիտի լինի, կինը պետք է ժամանակ առ ժամանակ հակադրվելու ցանկություն ունենա:
– Հակադրվելը քմծիծաղով է ընդունվում:
– Հենց կինը ակտիվանում է, սկսում են ասել, որ նա «համը հանում է»: Շատ սխալ պատկերացում է ստեղծվել, կարծես միայն տղամարդն ունի «համը հանելու» իրավունք: Թող մի քիչ էլ կինը «համը հանի»: Հեռուստատեսությունում, օրինակ, գրեթե չի խոսվում կանանց իրավունքների մասին: Եվ միակ կինը, որն այդ հարցերը բարձրացնում է` Վիոլետ Գրիգորյանն է, որը մեդիա-տարածքում երեւալով՝ կնոջ դիրքորոշումն է արտահայտում:
– Իսկ «Այսօր եւ հիմա»-ի շրջանակներում միայն հայուհիներ են ներկայանում:
– Մեր ցուցահանդեսին մասնակցում են նաեւ իտալուհիներ, սլովակուհիներ: Մենք ուղարկել ենք ցուցահանդեսի կոնցեպտը, ու շատ նկարիչներ ցանկություն են ունեցել մասնակցելու: Ինձ համար շատ կարեւոր է ոչ միայն նրանց աշխատանքները տեսնել, այլեւ` լսել կին արվեստագետների մտքերը, իսկ ցուցահանդեսը խոսակցություն սկսելու համար լավ առիթ է տալիս:
– Իսկ խորագիրը նշանակում է` տվեք մեզ ամեն ինչն ու հենց հիմա՞:
– Ինչպես ուզում ես, կարող ես հասկանալ: Դա 1968 թվականի հեղափոխականների գրաֆիտիներից մեկն էր, որը շատ լավ տեղավորվում է կանանց իրավունքների ենթատեքստում:
– Նկարիչները սովորաբար դժգոհում են, որ ցուցադրվելու տարածք չունեն, որ ցուցասրահներում հերթեր են գոյանում, եւ իրենք չեն կարող հաճախ ներկայանալ: Դա այդպե՞ս է:
– Ցուցահանդես կազմակերպելու համար տարածք գտնելու խնդիր չեմ տեսնում: Պարտադիր չէ, որ ցուցահանդեսը ցուցասրահում լինի, այն կարող է ամեն տեղ լինել` ակումբում, խանութում, պարզապես փողոցում: «Ամեն ինչն ու հիմա»-ն ցուցադրելով Բանգլադեշում, մենք որոշակի պրովոկացիա ենք անում, քանի որ մայրաքաղաքի կենտրոնում չափից դուրս իրադարձություններ են տեղի ունենում, իսկ արվարձաններում ոչինչ չկա, ո՛չ ֆիլմեր են ցուցադրվում, ո՛չ էլ ցուցահանդեսներ են բացվում: Եվ մենք ուզում ենք կենտրոնը ծայրամաս տեղափոխել: Գոնե որոշ ժամանակով ծայրամասին կենտրոնական դեր տալ: Սա մի նախաձեռնություն է, որով ուզում ենք քաղաքականության ու արվեստի կապն ընդգծել, նաեւ` այդ կապը արտահայտելու համար նոր միջոցների մասին խորհել: