«Երեւանում պրոֆեսիոնալ հանդիսատես կա»,- ասում է ռեժիսոր, դերասան Նարեկ Դուրյանը

02/04/2009

– Ի՞նչը ձեզ բերեց Հայաստան։

– Այսօր Հայաստանում ինչ-որ ճանապարհ հաղթահարվել է՝ լավ թե վատ սերիալներով (չեմ ուզում այդ մասին խոսել, թեեւ կարելի է խոսել), լավ թե վատ գովազդներով, լավ թե վատ դուբլյաժներով… սա ուրիշ հարց է: Ի՞նչն է լավ, եւ ի՞նչն է վատ՝ հանդիսատեսը թող որոշի։ Բայց թատերական բազմազանության, քանակի առումով, մեկ քայլ առաջ թե մեկ քայլ ետ՝ Երեւանն առաջ է գնում, ինչը շատ ուրախալի է։ Բացի այդ, ես միշտ երազել եմ խաղալ հայաստանյան հանդիսատեսի առաջ, եւ 2008թ. իրագործվեց երազանքս։ Ինձ համար, որպես օրինակ, Վարդան Պետրոսյանը եղավ։ Մենք լավ ընկերներ ենք, Փարիզում հաճախ ենք հանդիպում։ Ես հասկացա, որ Երեւանում իսկապես պրոֆեսիոնալ հանդիսատես կա, եւ կարող ենք սպասված լինել։ Կարեւոր է, հավանաբար, նաեւ տարիքս. եթե 22-23 տարեկան լինեի, հնարավոր է մտածեի Փարիզում կարիերա անելու մասին եւ չհամարձակվեի Երեւան գալ։ Անցյալ տարի Արաբկիրի թաղապետարանի աջակցությամբ (իմ ընկերոջ` համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանի գլխավորությամբ) «Մորաքույրը Փարիզից» ներկայացումը բեմադրեցինք երեւանյան հանդիսատեսի համար, որը մեծ հաջողություն ունեցավ: Մինչ օրս խաղում ենք, եւ դեռ կխաղանք: Դահլիճը լեփ-լեցուն է հանդիսատեսով, հաճախ լրացուցիչ աթոռներ ենք դնում, որպեսզի մարդիկ ոտքի վրա չմնան:

– Սպասելիքներն արդարացա՞ն:

– Այո, հայ հանդիսատեսը հրաշք է։

– …ինչպես Ֆրանսիայի՞նը։

– Առանձնապես տարբերություն չկա, եթե չհաշվենք, կոպիտ ասած, երեսառածության հարցը: Փարիզում, ասենք, Մադոննան, Էլթոն Ջոնը տարեկան մեկ անգամ պարտադիր համերգ են տալիս. դա վիտրինա է։ Փարիզյան հանդիսատեսի պահանջները, ավելի ճիշտ՝ մոտեցումնե՛րն են տարբեր։ Ֆրանսիացիները, օրինակ, չեն սիրում ավելորդ վերամբարձություն, պաթոս, չեն սիրում, երբ ամեն ինչ ուղիղ է ասվում։ Ասենք, երբ բեմում նմանակվում է որեւէ քաղաքական գործիչ կամ խոսք է գնում այս կամ այն հայտնի երեւույթի մասին, Փարիզի հանդիսատեսը նախընտրում է, որ անուն-ազգանուն չտրվի, որպեսզի դրա մասին ակնարկվի։ Այսինքն` ենթատեքստ ունեցող, իրենց հասկանալու բան թողնող խոսք են սիրում։ Իսկ մեզ մոտ ավելի սիրում են ուղիղ խոսքը, կոնկրետ անուններ։ Թերեւս սա է տարբերությունը։

– Հաճախ լսելի է, որ թատերասեր (եւ առհասարակ) մեր հասարակության պահանջը ցածր է։ Այդպե՞ս է։

– Հնարավոր է՝ այո, բայց մի բան ընդհանուր բնույթ ունի, եւ միայն Հայաստանին չի դա վերաբերում։ Ցավոք, գլոբալիզացումը աշխարհով մեկ է, ուղղակի մեզ մոտ շատ բան նոր է սկսվում. բրազիլական սերիալները թեեւ ոչ մի հանճարեղ բան չունեն, բայց առավել որակյալ են, քան մերը, որովհետեւ արդեն տասնամյակների կյանք ունեն։ Մեր սերիալներն էլ մի 20 տարի հետո ավելի լավը կլինեն, բայց սերիալ են։ Ես դրան նորմալ եմ վերաբերվում։ Նույնը կարող եմ ռաբիս երաժշտության մասին ասել. եթե 20 տարի առաջ մակարդակն ավելի ցածր էր, ապա հիմա պատահում է՝ այդ ոճի մեջ այնպիսի գործիքավորումներ եմ լսում, որ հաճելիորեն զարմանում եմ։

– Հարցն այն է, որ հաճախ վատ արված գործը արդարացվում է՝ իբրեւ պատասխան հասարակական պահանջմունքի։

– Հնարավոր է, բայց դա մեծամասնությունը չէ։ Մեր օրերում հասարակության պահանջը նախկինը չէ, մի բան հստակ է՝ այսօր հասարակությունը լացել չի ուզում։ Կյանքը ծանրացել է, մարդիկ չեն ուզում տխրել։ Ես այսօր, ասենք, գերադասում եմ գնալ Ռոսսինի լսել, քան Ստրավինսկի։ Բայց ոչ այն պատճառով, որ հանճարների համեմատություն եմ տանում, չէ՜։ Ուղղակի, ես կասեի, հասարակայնության պահանջը ոչ թե ընկել է, այլ, լավ իմաստով, թեթեւացել է։

– Հարցազրույցներից մեկում ասել եք. «Ակադեմիական թատրոնն իմ ժանրը չէ»։

– Ինձ համար այն տեսակն է թատրոն, երբ պայմանական ոչինչ չկա. երբ փոքրիկն իր տիկնիկի համար մամա է խաղում, ուշադրություն դարձրեք, ոչ մի դերասանուհի չի կարող այդ տեսակ մայր խաղալ։ Կամ մանչուկը խաղալիք հրացանով կրակում է այնպես, ասես իսկապես կռվի է դուրս եկել։ Սա է իմ թատրոնը, սա է ինձ համար թատրոնը՝ երեխան, իրական կյանքը, այլ կերպ ասած` բացես սառնարանը եւ ինչ-որ բան վերցնես։ Այսինքն, երբ թատրոնում թատրոն չես խաղում։ Հայտնի խոսք կա՝ թատրոն մի խաղա, որ շատ եմ սիրում։ Բայց կա կարեւոր մի բան եւս՝ ես բնավ չեմ ժխտում ակադեմիականը։ Պարզապես ինձ համար նախընտրելին այս ձեւն է, երբ հանդիսատես-բեմ կապն այնքան անմիջական, ինքնաբուխ է, որ թվում է՝ բեմ չկա։ Այսինքն` կա, բայց նաեւ՝ չկա։

– «Աստված իմ, շնորհակալություն» բեմադրությունը ամիսներ շարունակ չի իջել, փարիզյան բեմերից։ Երեւանում չե՞ք ներկայացնելու այն։

– Խաղալու եմ։ Բայց որոշակի փոփոխությունների ենթարկելուց հետո միայն։ Կտորներ կան ֆրանսիական ուղղագրության, քաղաքականության, կենցաղի մասին, որոնք չեն ընկալվի Երեւանում։ Ես դրանք ստիպված փոխում եմ, թեեւ ներկայացման մեջ գործողությունները կիսով չափ տեղի են ունենում Ֆրանսիայում։

– Նույն պիեսի մեջ գլխավոր հերոսը՝ Մելսը, ամուսնանում է ֆրանսուհու հետ եւ երջանիկ չէ։ Ինչո՞ւ…

– Երջանիկ չզգալու պատճառը փարիզուհու հետ ամուսնանալը չէ (սա, ի դեպ, կենսագրական հիմք ունի)։ Նրա երազը ազատությունն էր, որ Փարիզում չգտավ։ Եվ պատահական չէ, որ Մելսը համեմատում է դիկտատուրան դեմոկրատիայի հետ, եւ սկսում ենք հասկանալ, որ ամեն ինչ հարաբերական է, որ տոտալիտարիզմը, ըստ էության, մնացել է նույն տոտալիտարիզմը՝ անկախ այն բանից, որ փոխվել են ժամանակները։ Եվ հերոսը չի կարողանում հասկանալ, թե ո՞ր ազատության համար էր ինքը կռիվ տալիս։ Հանուն ինչի՞, եթե, ի վերջո, ինչպես Մելսն է ասում, «ազատությունդ չափվում է քո իսկ վանդակի մեծությամբ»։

– Ինչո՞վ է զբաղված ձեր հիմնադրած «Բոհեմ» թատերախումբը հիմա։

– Այս օրերին ոչինչ չի անում։ «Բոհեմի» գործունեությունը, այսպես ասած, մի քիչ սառած վիճակում է, քանի որ ամբողջովին կենտրոնացել եմ նոր բեմադրության վրա, որ շուտով՝ ապրիլի 26-ին, Երեւանում պիտի ներկայացնեմ։ Ծննդյանս 50-ամյակի առթիվ է այն ստեղծվել: Չեմ ուզում ընդունված ձեւով նստել բեմում, գովեստի խոսքեր լսել։ Ես ուզում եմ բեմ դուրս գալ, ներկայացում խաղալ եւ իմ ամբողջ կյանքը պատմել հանդիսատեսին։ Բեմադրությունը դրամատուրգիական կառուցվածք ունի։ Կոմեդիայի ժանրը չեմ ընտրել, որ չկրկնեմ ինքս ինձ։ Հուսով եմ՝ կտարբերվի այն մյուս իմ ներկայացումներից։

– Ի՞նչ տվեց ֆրանսիական բեմը Նարեկ Դուրյանին՝ որպես ռեժիսորի եւ դերասանի։

– նե մուդրիտ, կամ, ինչպես հայերս ենք ասում՝ «խելքին զոռ չտալ»։ Երեւանում Մոլիեր են բեմադրում եւ … ճիշտ նույնն է, թե նրանք Պարոնյան խաղան։ Ինչ-որ կտորներ ենք ՎցՊՐՌՑՖ անում։ Ես տեսել եմ՝ ոնց է ֆրանսիացին Մոլիեր խաղում։ Ես տեսել եմ՝ ոնց են անգլիացիները Շեքսպիր խաղում։ Մերոնք Շեքսպիրը դարձրել են չգիտեմ ինչ։ Ախր, բնական է, որ բեմադրել պետք է, բայց պետք է նաեւ ավելորդ բաներ չմոգոնել։ Շեքսպիրից ավել ի՞նչ կարելի է ասել։

– Հանրահայտ դիրիժոր Օհան Դուրյանի որդին եք։ Նրա անվամբ Ձեզ ներկայացնելիս վատ չե՞ք զգում, չե՞ք բարդույթավորվում:

– Բացարձակապես։ Ես անչափ հպարտ եմ, որ նման հայր ունեմ, եւ շատ բնական է, երբ նաեւ այդպես են ինձ ներկայացնում։ Հիմա էլ տղայիս համար են ասում՝ Օհան Դուրյանի տղայի տղան է։ Դա ինձ մեծ պատիվ է բերում։ Պատիվ է բերում նաեւ այն, որ մեկ անգամ բախտ եմ ունեցել Մարսելում իր հետ աշխատելու. բեմադրել ենք «Անուշ» օպերան (ինքը չափ էր տալիս, ես բեմադրիչն էի)։ Բացի այդ, ես հորս հետ հրաշալի հարաբերություններ ունեմ։ Միշտ ինձ խորհուրդներ է տալիս, իհարկե, լինում է՝ չեմ համաձայնում։

– Հայաստանում կատարվող տարբեր իրադարձությունների վերաբերյալ հրապարակավ հանդես չեք գալիս։

– Քաղաքական հարցերի մեջ ես չեմ խառնվում։ Կտրականապես մերժում եմ քաղաքականությունը։ Անշուշտ, ունեմ իմ կարծիքը, բայց դա ընդամենը կարծիք է։ Սփյուռքի ամենամեծ թերությունը, ինչը դուր չի գալիս հայաստանցիներին, հենց այն է, որ դրսից դաս են տալիս, թե այստեղ ոնց պետք է ապրել։ Համոզված եմ` որքան էլ կարդանք, տեղեկացված լինենք Հայաստանի մասին, միեւնույն է, մենք՝ սփյուռքահայերս, իրավունք չունենք ուղղորդող դիրք գրավել ու կարծիք թելադրել այստեղի շատ ու շատ երեւույթների մասին։ Ես կարող եմ Սարկոզիի, նրա վարած քաղաքականության մասին խոսել, վերլուծել, ասել՝ նա լավն է, որովհետեւ …, կամ՝ նա վատն է, որովհետեւ…։ Ես չեմ կարող նույն կերպ խոսել ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ էլ մյուսների մասին։ Սխալ խոսք է, բայց ես այստեղ չեմ ապրում եւ իրավունք չունեմ Հայաստանում տեղի ունեցող այս կամ այն իրադարձության մասին դատողություններ տարածելու, կարծիք «թափահարելու»։

– Այնուամենայնիվ, Երեւանում ի՞նչը դուր չի գալիս։

– Ճարտարապետական պոռնոգրաֆիան (Հյուսիսային պողոտա)։ Բառիս բուն իմաստով ես դա կոչում եմ պոռնոգրաֆիա, ընդ որում՝ վատ պոռնոգրաֆիա։ Նեղվում եմ կենցաղային որոշ անդուր բաներից՝ մարդկանց մեքենա քշելու կուլտուրայից, երթեւեկության կանոնները հաճախ են խախտում, նաեւ խցանումներից, թեեւ պիտի հիշենք, որ վերջին հանգամանքը զարգացած երկրներում լավ կյանքի նշան է։ Գիտեմ, որ սրանք մանրուքներ են, առավել դժվար բաներ էլ կան՝ թանկացումներ, դոլարային տատանումներ, եւ այլն, եւ այլն, գիտեմ, թե գյուղերում որքան դժվարություններ կան։ Ի վերջո, Հայաստանը միայն Երեւանը չէ, ինչպես Ֆրանսիան՝ Փարիզը։ Բայց, կարծում եմ, այս ամենով հանդերձ, երկիրը առաջ է գնում։

Արմինե ԽԱՉԻԿՅԱՆ