Սեռական խնդիրներին վերաբերող մի քանի հարցերի շուրջ պարզաբանում ստանալու համար զրուցեցինք Երեւանի Պետական բժշկական համալսարանի սեքսապաթոլոգիայի կլինիկայի սեքսապաթոլոգ Ռուզաննա Ազատյանի հետ
– Առանց բժշկի ցուցման կարելի՞ է սեքսուալ ֆունկցիայի խթանիչներ օգտագործել:
– Ընդհանրապես բժշկության բնագավառում, բուժման լիարժեքության եւ էֆեկտիվության համար անհրաժեշտ է ընտրել այնպիսի դեղամիջոցներ եւ միջամտություններ, որոնք ունեն ոչ թե սիմպտոմատիկ, այլեւ էթիոպաթոգենետիկ ազդեցություն: Այսինքն՝ վերացվում է պատճառը, որի ազդեցությամբ զարգացել է հիվանդությունը, այնուհետեւ` հետեւանքները: Հաճախ տղամարդիկ, ունենալով սեռական թուլություն, առանց բժշկի դիմելու դեղատնից ձեռք են բերում նմանատիպ պրեպարատներ (վիագրա եւ այլն) էրեկցիան լավացնելու համար: Այս դեպքում նրանք չունեն բուժիչ ազդեցություն: Պարզապես հնարավոր է՝ տվյալ պահին օգնում է նրանց, սակայն հիվանդությունը չի բուժվում: Մինչդեռ նմանատիպ պրեպարատները ունեն նաեւ հակացուցումներ, որոնք բժիշկների հսկողության ու մանրակրկիտ հետազոտության բացակայության դեպքում հնարավոր է վնասեն նրանց: Սեքսոլոգները որոշ դեպքերում կիրառում են այդ դեղամիջոցները կոմպլեքս թերապիայի շրջանակում` էրեկցիայի խանգարումների շտկման համար:
– Կյանքի տեմպն ազդո՞ւմ է սեռական ֆունկցիայի վրա:
– Սեռական ֆունկցիան գտնվում է հոգեբանական, կենսաբանական, նաեւ սոցիալական գործոնների ազդեցության տակ: Ուստի մարդու կենսակերպը, կյանքի տեմպը որոշակի չափով անդրադառնում է սեռական ֆունկցիայի վրա, բայց սեռական ֆունկցիան մեծապես կախված է սեռական կոնստիտուցիայից: Այդ է պատճառը, որ միեւնույն սոցիալական պայմանների եւ կամ կյանքի տեմպի պարագայում սեքսուալ ֆունկցիայի դրսեւորումը խիստ տարբեր է:
– Ի՞նչ է ենթադրում սեռական նորման:
– Չնայած սեռական նորման բնորոշվում է որոշ չափանիշներով, այնուամենայնիվ, այն ունի անհատական բնույթ: Օրինակ` հաճախ մեր այցելուները հարցնում են` ո՞րն է սեռական հարաբերության տեւողության կամ հաճախականության նորման: Այն չունի հստակ ցուցանիշներ: Իրականում սեռական մերձեցումը պետք է կրի համաձայնեցված բնույթ, լինի հաճույքի աղբյուր:
– Օրգազմի բացակայությունը համարվո՞ւմ է հիվանդություն:
– Այո, օրգազմի բացակայությունն անվանվում է անօրգազմիա, այն ավելի հաճախ հանդիպում է կանանց շրջանում: Իսկ եթե այն համարվում է հիվանդություն, ապա կան որոշակի բուժական միջամտություններ, որի օգնությամբ լուծվում են նմանատիպ խնդիրները: Հաճախ կանանց կողմից այն դեզակտուալիզացվում է, այսինքն` չի կարեւորվում օրգազմի բացակայության հանգամանքը: Անօրգազմիան հանգեցնում է կանանց նեւրոտիզացիայի, ինչո՞ւ չէ` հնարավոր է նաեւ հորմոնալ տեղաշարժ: Այդ է պատճառը, որ պետք է ճիշտ ժամանակին հայտնաբերել, ճանաչել եւ բուժել այն:
– Սեքսուալ աններդաշնակության դեպքեր շա՞տ են հանդիպում:
– Սեքսուալ աններդաշնակությունները մեր կլինիկական գործունեության ժամանակ կազմում են 25%: Սեքսուալ աններդաշնակությունները հետեւանք են կանանց եւ տղամարդկանց սեռական խանգարումների, միջանձնային հարաբերությունների դժվարությունների, ինչպես նաեւ՝ աղավաղված ինֆորմացիայի կամ ընդհանրապես ինֆորմացիայի պակասի: Տեւական ամուսնական աններդաշնակությունը հանգեցնում է ամուսինների նեւրոտիզացիայի, որն էլ իր հերթին խորացնում է սեռական խանգարումները: Այս պատճառով անհրաժեշտ է ճիշտ ժամանակին ճանաչել եւ դիմել մասնագետի՝ հետագա բարդություններից խուսափելու համար:
– Որքանո՞վ է կարեւոր ինֆորմացիայի դերը:
– Կարծում եմ՝ բոլոր ասպարեզներում տեղեկացված լինելը որոշ չափով առողջության գրավական է: Այդ թվում նաեւ՝ սեքսուալության վերաբերյալ: Մեր կլինիկական գործունեության ժամանակ հաճախ հանդիպում են դեպքեր` ախտաբանական վիճակներ, որոնց հիմնական պատճառն ինֆորմացիայի բացակայությունն է կամ դեզինֆորմացիան (խեղաթյուրված տեղեկատվությունը): Օրինակ` աղջիկների շրջանում տարածված է այն թյուր կարծիքը, որ կուսազրկումն ուղեկցվում է դաժան ցավով եւ արյունահոսությամբ, որն էլ նրանց մոտ առաջացնում է անհաղթահարելի վախ սեռական հարաբերությունից: Իսկ վախն իր հերթին պատճառ է հանդիսանում սեռական այնպիսի հիվանդությունների զարգացմանը, ինչպիսիք են` սեռական հարաբերության ժամանակ ցավը կամ վագինիզմը: Նման դեպքերում ամուսնական զույգը հնարավոր է երկար տարիներ ապրի միմյանց հետ առանց սեռական մերձեցման:
– Երեխային ինչպե՞ս է պետք տալ սեռական խնդիրների մասին անհրաժեշտ ինֆորմացիան:
– Ինֆորմացիան երեխաների համար պետք է լինի խիստ անհատական, համապատասխան տվյալ երեխայի ինտելեկտին եւ տարիքին: Ինֆորմացիան տրվում է ծնողների, դաստիարակների, ուսուցիչների կողմից: Պարտադիր չէ, որ այն բացատրական բնույթ կրի (խիստ մանրամասնությունների մասին է խոսքը), ի վերջո, երբ ասում ենք՝ տեղեկատվություն, այն չի նշանակում միայն սեռական հարաբերության մասին տեղեկություն, այլ ավելի գլոբալ բնույթ է կրում: Կարեւոր է ծնողների վերաբերմունքը միմյանց, նրանց դերը ընտանիքում, յուրաքանչյուրի սեռադերային վարքը, շփումը երեխաների հետ, որոնք հանդիսանում են անուղղակի ինֆորմացիա երեխայի համար, ինչն էլ հետագայում ազդում է նրա դիրքորոշումների, սեքսուալ դրսեւորումների ու վարքի վրա:
– Ազգային մշակույթն ու կրոնը անդրադառնո՞ւմ են սեռական հարաբերությունների դրսեւորման վրա:
– Իհարկե, կան հասարակական եւ կրոնական նորմեր, որոնք որոշակի ազդեցություն ունեն սեքսուալության դրսեւորումների եւ ակտիվության վրա: Նշված նորմերը անհատի մոտ սահմանում են որոշակի դիրքորոշումներ, որոնք անդրադառնում են սեքսուալության վրա: Օրինակ` հնդկական որոշ նահանգներում աղջիկների մինչամուսնական սեռական կապերը նույնիսկ խրախուսվում են, մինչդեռ հայկական իրականության համար կնոջ կուսությունը, եթե ոչ պարտադիր, ապա ցանկալի հանգամանք է համարվում: Հասարակական նորմերը գտնվում են նաեւ ժամանակային հոսքի ազդեցության ներքո: Օրինակ` եթե միեւնույն հասարակության համար սեքսուալ որեւէ վարքագիծ կամ սեքսուալ ակտիվության տեսակ նախկինում քննադատվում էր, ապա այժմ անտարբեր են կամ դառնում են սեքսուալ կենսակերպի տարատեսակ: Բայց ամեն դեպքում պետք է ավելացնեմ, որ նշված նորմերը խիստ անհատական բնույթ են կրում, այսինքն՝ կախված են անձնային առանձնահատկություններից, եւ միեւնույն հասարակական եւ կրոնական նորմերի ներքո ձեւավորվում են տարբեր սեքսուալության դրսեւորումներ եւ հետագայում՝ վարքագիծ: