Ցուցադրական ակցիա

02/04/2009

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները հայտնաբերել են Ալ-Ղաիդայի հետ կապ ունեցող 9 ահաբեկչական խումբ: Ըստ ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթի, այդ տեղեկատվությունը հրապարակել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար էլդար Մահմուդովը: «Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են 140 մարդու, 4 ահաբեկիչներ ոչնչացվել են տեղում»,- հայտարարել է Մահմուդովը: Հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն համարում է, որ այս հայտարարությունների միջոցով Ադրբեջանի իշխանությունները փորձում են Արեւմուտքին ցույց տալ, որ երկրում ահաբեկչության իրական վտանգ կա, եւ եթե այսօրվա իշխանությունները հեռանան, Ադրբեջանում կարող են իշխանության գալ մահմեդական ծայրահեղականները: Ալիզադեի այս տեսակետը մեջբերում է «Ազատություն» ռ/կ-ն: «Այս տրամաբանությունն է ընկած նախարարի հայտարարության տակ»,- ասել է Ալիզադեն: Այդուհանդերձ, իրավապաշտպան Արիֆ Յունուսովի կարծիքով՝ Մահմեդական գործոնն Ադրբեջանի շրջաններում գնալով ուժեղանում է: Իրավապաշտպանի գնահատմամբ՝ Ադրբեջանում 40-50 հազար մահմեդական ծայրահեղական կա, եւ նրանց թիվը գնալով ավելանում է: