Ծրագիրը հայտնի է

02/04/2009

Արդեն հստակեցվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` ապրիլի 5-ին Թուրքիա կատարելիք այցի ծրագիրը: Ըստ թուրքական «Աքշամ» թերթի, Օբաման Անկարա կժամանի ապրիլի 5-ի երեկոյան, իսկ հաջորդ օրն առավոտյան առաջին հերթին կայցելի Աթաթուրքի դամբարան: Այնուհետեւ կկայանա նրա հանդիպումը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Նույն օրը կեսօրին Օբաման կարճատեւ հանդիպում կունենա Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ: Այնուհետեւ նա ելույթ կունենա թուրք խորհրդարանականների առաջ: Նույն օրը Բ. Օբաման կհանդիպի Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ: Նույն օրը ԱՄՆ նախագահը կմասնակցի Ստամբուլում Քաղաքակրթությունների դաշնության հավաքի մասնակից երկրների նախագահների պատվին նախագահ Գյուլի կողմից Դոլմաբահչե պալատում տրվելիք ընթրիքին: Ապրիլի 7-ին նախագահ Օբաման Ստամբուլի «Կոնրադ» հյուրանոցում կհանդիպի տարբեր կրոնական առաջնորդների հետ, որին, ենթադրաբար, կմասնակցի նաեւ Կոնստանդնուպոլսի հայոց պատրիարքի փոխանորդը: ԱՄՆ նախագահը ելույթ կունենա Քաղաքակրթությունների դաշնության գագաթաժողովում եւ խորհրդանշական ուղերձներ կհղի քրիստոնեական եւ իսլամական աշխարհներին: Ստամբուլում փոքրաթիվ ուսանողների հետ կազմակերպվելիք հավաքին մասնակից Օբաման հեռուստատեսային կոնֆերանս կանցկացնի Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի մի շարք երկրների ուսանողների հետ եւ կպատասխանի նրանց հարցերին: Նշվում է, որ հնարավոր է՝ ԱՄՆ նախագահն այցելի Կոնստանդնուպոլսի հունաց պատրիարքարան: Օբամայի Ստամբուլ այցի օրակարգում են նաեւ Սուլթանահմի մզկիթ եւ Այա Սոֆիա տաճար նրա շրջագայությունները: