Երեկ Իսպանիայի Վալենսիա քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է նաեւ Հայաստանի կողմից ԵԽ ԽՎ վերջին` 1643 բանաձեւի պահանջների կատարման հարցը: Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին մասնակցող ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի կողմից պարտավորությունների կատարման հարցի քննարկման արդյունքում երեկ որեւէ որոշում չի ընդունվել: Ըստ նրա` համազեկուցողներն ասել են, թե «դրական փոփոխություններ կան Հայաստանի կողմից կատարվելիք պարտավորություններում»: Իսկ հարցին, թե հատկապես ի՞նչն են դրական համարել համազեկուցողները, Ա. Ռուստամյանը, բնականաբար, պատասխանել է. «Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները»: Սակայն, ըստ Ա. Ռուստամյանի` քանի որ այդ փոփոխությունները դեռեւս գործնականում չեն կիրառվել, Հայաստանի հարցը կքննարկվի ԵԽ ԽՎ ապրիլյան լիագումար նստաշրջանում: Իսկ արդյոք Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում համազեկուցողների կամ այլ մասնակիցների կողմից քաղբանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ որեւէ առաջարկ արվե՞լ է: Այդ հարցին ի պատասխան՝ Ա. Ռուստամյանն ասել է. «Դեռեւս ոչ»: Նա նաեւ նշել է, որ ՀՀ-ի վերաբերյալ որոշումը կընդունվի, ամենայն հավանականությամբ, այսօր: Հիշեցնենք, որ հունվարյան նստաշրջանում ԵԽ ԽՎ-ն ՀՀ-ին չզրկեց ձայնի իրավունքից` եւս մեկ անգամ «հնարավորություն տալով» մասնավորապես քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում կոնկրետ քայլեր իրականացնել: ՀՀ իշխանություններն այդ ուղղությամբ որեւէ քայլ չեն արել, բացի ՔՕ հոդվածների` շատ կասկածելի փոփոխություններից: Սակայն, ամենայն հավանականությամբ, ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու կամ պատժամիջոցներ չկիրառելու վերաբերյալ որոշման ընդունման ժամկետը կերկարացվի եւս մեկ ամսով: Այսպիսով, հերթական անգամ ապացուցվում է, որ ԵԽ ԽՎ-ն իրականում գնահատում է ՀՀ իշխանությունների կողմից ոչ թե ԵԽ ԽՎ բանաձեւերում արձանագրված, այլ միանգամայն այլ հարցերում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: Դատելով հայ-թուրքական հարաբերություններում օր օրի խորացող «լավատեսական մթնոլորտից», այդ գնահատականը եղել է առնվազն «բավարար»: Իսկ ԵԽ ԽՎ-ում ավելի ազնիվ կլինեն, եթե փոխեն Հայաստանի մասին ընդունվող բանաձեւերի անունը: