Նոր մանրամասներ

31/03/2009

«Թուրքիան եւ Հայաստանը արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել դիվանագիտական կապեր հաստատելու եւ սահմանը բացելու վերաբերյալ»,- երեկ նման տեղեկատվություն է հրապարակել թուրքական «Hurriyet» թերթը: Ըստ այդմ, «պաշտոնական Անկարան եւ Երեւանը համաձայնություն են ձեռք բերել պատմական համերաշխության հիմնական չափորոշիչների վերաբերյալ` գաղտնի բանակցությունների ընթացքում»: «Hurriyet»-ը, սակայն, նշում է, որ ներկայումս Թուրքիայի համար սկզբունքային նշանակություն ունի այն հանգամանքը, թե երբ կհայտարարվի 2 երկրների միջեւ ձեռք բերված համաձայնության մասին` Օբամայի` Թուրքիա ծրագրված այցից առա՞ջ, թե՞ հետո: Մինչ այդ թերթը մանրամասնում է, որ Թուրքիան եւ ՀՀ-ն պատրաստվում են ստորագրել դիվանագիտական արձանագրություն, որը կողմերին պարտավորեցնում է հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ ձեւավորել հանձնաժողովներ, որոնք կզբաղվեն տարաբնույթ հարցերով՝ սկսած սահմանի վերահսկումից, մաքսային ծառայության աշխատանքից՝ մինչեւ պատմական փաստերի ուսումնասիրությունը: «Ծանր աշխատանքն արված է: Բոլորը հավատում են, որ գործարքի մասին շուտով հրապարակավ կհայտարարվի»,- «Hurriyet»-ի հետ զրույցում նշել է գործող թուրք դիվանագետներից մեկը` չհրապարակելով իր անունը: Վերջինս նշել է, որ այդ դիվանագիտական արձանագրությունը կհաստատի Թուրքիայի եւ ՀՀ-ի միջեւ ամբողջական դիվանագիտական հարաբերությունների մեկնարկը, ինչից հետո հնարավոր է նաեւ Անկարայում եւ Երեւանում 2 երկրների դեսպանատների բացումը: Դիվանագետի հաղորդմամբ, Թուրքիան կներկայացնի իր գործողությունների ծրագիրը ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ: 2 երկրների նոր սահմանի չափորոշիչները կհստակեցվեն հատուկ ձեւավորված հանձնաժողովի կողմից, մինչդեռ, որպես բարի կամքի ապացույց, կիրականացվեն որոշակի անհապաղ միջոցառումներ՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը բացելու համար: