Վաստակավոր գործարարների կյանքից

31/03/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Գրանդ քենդի» ընկերության տնօրեն Արմեն Բաբայանը շաբաթ օրը ծեծի է ենթարկել գործարանի պահակային ծառայության պետ, 51-ամյա Սամվել Բալասանյանին: Ծեծելու գործում տնօրենին «օգնել» է նաեւ Ս. Բալասանյանի տեղակալը` Մարատ անունով: Ս. Բալասանյանին նախ ասել են, թե գնում են տարածքը ստուգելու, հետո, երբ հասել են գործարանի պահեստային հատված, սկսել են ծեծել նրան: Ս.Բալասանյանի պատմելով` իրեն նախ մեղադրել են այն բանի համար, թե իբր ինքը ցանկացել է Վարդանյանների «ընտանիքի վրա թուղթուգիր անել տա»: «Ինձ ասեցին, թե՝ ուզեցել ես մեր առողջությանը վնաս պատճառել: Իբր թե լսող սարքեր են տեղադրել իմ սենյակում, ու այդպիսով իմացել են, որ ես թուղթուգիր եմ ուզում անել տալ Վարդանյանների փոքր տղայի` Կարենի վրա»,- պատմում էր Ս. Բալասանյանը: Նրա սենյակում եղել է «Դե ֆակտո» ամսագրի այն համարը, որտեղ պատկերված է եղել անցյալ տարի ամուսնացած Կ.Վարդանյանն իր հարսնացուի հետ (ում պսակադրության արարողությունը տեղի էր ունեցել Սոչիում): Ու ըստ Վարդանյանների, իբր Բալասանյանն այդ ամսագիրը ցանկացել է փոխանցել «թուղթուգիր անող» մի կնոջ: «Բայց ախր այդ ամսագրից բոլորիս տները կա: Հարսանիքից հետո իրենց բոլոր աշխատողներին բաժանեցին այդ ամսագրից»,- ասում է Ս. Բալասանյանի կինը` Նարինե Գյոզալյանը: Ծեծի ընթացքում Ս. Բալասանյանն ուշաթափվել է: Ուշքի գալուց հետո նրան հասցրել են տուն: Սկզբում ասել են, որ դեպքի առիթով ոչ մեկին ոչինչ չպատմի, կատարվածի մասին չհայտնի իրավապահներին: Բժիշկ են տարել տուն, անգամ տանը սոնոգրաֆիկ հետազոտություն է իրականացվել: «Բայց երբ տեսանք, որ վիճակը վատանում է, շտապ օգնության կանչ արեցինք ու տեղափոխեցինք հիվանդանոց»,- ասում է Ն.Գյոզալյանը:

Երեկ դեպքի առիթով փորձեցինք մեկնաբանություն ստանալ «Գրանդ Հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանից` ԱԺ պատգամավորներ Կարեն ու Միքայել Վարդանյանների հորից: Վերջինս մեր հարցը լսելուն պես, անմիջապես սկսեց պատմել, որ Ս. Բալասանյանը փորձել է իր աշխատասենյակում բռնաբարել աշխատողներից մեկին, տեղակալն էլ կնոջ բղավոցի աղմուկը լսելով` ներս է մտել ու ապտակել է նրան: «Նրանց են միացել այլ պահակներ: Տուսովկա է եղել»,- ասում է Հ. Վարդանյանը: Ապտակի արդյունքում Ս. Բալասանյանի աջ աչքն ամբողջությամբ կապտուկներով էր պատված: Բուժող բժիշկ Էդգար Գեւորգյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, թե, նախնական տվյալներով՝ Ս. Բալասանյանը գլխուղեղի ցնցում է ստացել, կոտրվել է 9-րդ կողոսկրը, կրծքավանդակի ու աջ աչքի փափուկ հյուսվածքների սալջարդ ունի եւ առայժմ պետք է մնա բժիշկների հսկողության տակ: «Ապտակից», այնուամենայնիվ, աշխարհում դեռեւս ոչ ոք սալջարդ եւ կողոսկրի կոտրվածք չի ստացել: Երեկ Ս. Բալասանյանին են այցելել նաեւ Շենգավիթի ոստիկանության աշխատակիցները: Տուժողը, սակայն, դատական փորձաքննության դեռեւս չի ենթարկվել:

Հ.Վարդանյանը պատմում է, թե Ս. Բալասանյանը մինչ այդ փորձել է բռնաբարել նաեւ այլ կանանց: Ըստ Հ. Վարդանյանի, իրենք նախ Բալասանյանին զգուշացրել են: «Եթե ուզում ես, որ գործը անպատիժ մնա, երկուշաբթի արի, գրի, թե ինչ ես արել, փասափուսեդ հավաքի ու ռադդ քաշի: Մենք կմտածենք, թե ինչ կանենք` կտա՞նք օրգաններին, թե՞ ոչ»,- Բալասանյանին տրված զգուշացումը մեզ հետ զրույցում այսպես փոխանցեց Հ. Վարդանյանը: «Սուտ է, բացարձակ սուտ է, նման բան չի եղել»,- Հ.Վարդանյանի պատմածը հերքում է Ս. Բալասանյանը:

Մինչ «Գրանդ քենդիում» աշխատելը Ս. Բալասանյանը նախ աշխատել է Վարդանյաններին պատկանող «Հայրենիք» հեռուստաընկերության պահակային ծառայությունում: Հետո նրան նշանակել են «Հայրենիք» հեռուստաընկերության տնօրենի պաշտոնում: Իսկ անցած տարվա նոյեմբերին Բալասանյանը նշանակվել է «Գրանդ քենդի» ընկերության պահակային ծառայության պետ: Ավելի քան 4 տարի նա աշխատել է Վարդանյանների մոտ: Արդյոք այդ ընթացքում չե՞ն զգացել, որ Բալասանյանը սեռական հակումներ ունի իր գործընկեր կանանց նկատմամբ: «Սկզբնական շրջանում նման բան չկար»,- ասում է Հ. Վարդանյանը: Անհասկանալի պատճառներով պահակային ծառայության պետի այդ հակումներն ի հայտ են եկել միայն «Գրանդ քենդիում» աշխատելու ժամանակ: Բալասանյանն ասում է, թե իր համար անակնկալ է եղել այդ պատճառաբանությունը: «Կարող էին շատ հանգիստ ասել, որ էլ չեն ուզում ինձ հետ աշխատել, ես էլ հանգիստ դուրս կգայի: Ես ավելի քան համոզված եմ, որ Կարեն Վարդանյանին օգտագործել են, սխալ ինֆորմացիա են տվել, եւ ինքն էլ մինչեւ վերջ չհասկանալով` ինձ ծեծել է տվել»,- ասում է Բալասանյանը: «Եթե նա վատ աշխատող լիներ ու նրան չընդունեին, այդքան գործ կվստահեի՞ն, միլիոնների ապարատուրա են բերել, դրանց փաստաթղթերը Սամվելին կվստահեի՞ն: Գնաց «Հայրենիք», ամբողջ գործերը կարգավորեց, հետո եկավ այստեղ կարգավորեց: Ինչ-որ մեկին նրա մնալը ձեռ չէր տալիս, որ այդպես արեցին»,- ասում է Սամվելի կինը:

Ս. Բալասանյանն էլ պատմում է, որ զարմացել է, երբ որպես իր տեղակալ նշանակել են Մարատին, ով մինչ այդ այլ բաժնում է աշխատել: Բալասանյանն ասում է, թե հասկացել է, որ նշանակել են մեկին, ով հետեւելու է իր քայլերին: Ըստ Բալասանյանի, Մարատը գործարանի տնօրեն Ա. Բաբայանի մտերիմներից է եղել: Ընդ որում` մինչեւ հիմա գործարանում է մնացել Բալասանյանի մեքենան` փաստաթղթերով: Հիվանդի խոսքերով` իրեն ասել են, թե «մեքենան էլ քոնը չէ»: Պահակակետի չհրկիզվող պահարանի մեջ էլ Բալասանյանը թողել է 140.000 դրամ գումար, որը տուժողի ասելով` վարկով գնված մեքենայի ամսական վճարն է: Գործարանից նախ խոստացել են, որ մեքենան ու գումարը կվերադարձնեն, սակայն մինչեւ երեկ երեկոյան չէին վերադարձրել: «Մեքենան ստայանկում է, երբ ուզում է, թող վերցնի: Իսկ սեյֆի բանալիներն էլ իր մոտ է, ոչ մեկը իր փողին ձեռք չի տա»,- ասաց Հ. Վարդանյանը: Ս. Բալասանյանի պատմելով, սակայն, Վարդանյաններն իրենց հետ շփվում են երրորդ մարդու միջոցով: Նրա խոսքերով՝ սպառնացել են վնասել իր ընտանիքին ու աղջիկներին: «Ասել են, թե՝ տունդ ձեռիցդ կառնենք: Դուք տուն տվե՞լ եք, որ առնեք: Դուք Աստվա՞ծ եք, կյա՞նք եք տվել, որ հիմա ծեծելով ուզում եք առնել: Մենք այնքան էինք վախեցած մեր աղջիկների համար, որ սկզբում ոչ մի տեղ չդիմեցինք, բայց հենց տեսանք, որ վատացավ, բժշկի կանչ ենք արել: Հիվանդանոցից էլ ահազանգ է գնացել»,- ասում է Բալասանյանի կինը` Ն.Գյոզալյանը: