Հուլիսի 3-ը Էջմիածնի շրջանի Աղավնատուն գյուղում համայնքապետի ընտրության
օրն էր։ Միակ թեկնածուն գործող գյուղապետ անկուսակցական Աբիսողոմ
Մաթեւոսյանն էր։ Բնականաբար, երբ չկար որեւէ մրցակից, եւ միակ թեկնածուն
հենց գործող գյուղապետն էր, ընտրությունն անցավ շատ հանգիստ: Գյուղում
ձեւավորվել էր երկու ընտրատարածք։ 28/02 ընտրատարածքում ընտրողների թիվը
1141 էր, որոնցից ընտրության մասնակցել էին 808-ը։ Այս ընտրատարածքի
հանձնաժողովի նախագահը տեղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արմենակ Ավետիսյանն
էր։
28/03 ընտրատարածքում ընտրողների թիվը 1212 էր, որոնցից ընտրությանը
մասնակցել էին գրանցված ընտրողներից 505-ը։ Այս ընտրատարածքի հանձնաժողովի
նախագահը գյուղապետի տեղակալ Ավագ Պարսամյանն էր։
Ընտրողներն ակտիվ էին, ոմանք նույնիսկ եկել էին վարդե փնջերով։ 1294 կողմ,
12 դեմ ձայներով (55%) երրորդ անգամ անընդմեջ Աղավնատան համայնքապետ
ընտրվեց Աբիսողոմ Մաթեւոսյանը։ Նշենք նաեւ, որ ընտրելու իրավունք
ունեցողներից շուրջ 500-ը բացակայում են հանրապետությունից, եթե դա էլ
հաշվի առնենք, ապա ընտրված գյուղապետի ձայների տոկոսը շատ ավելի մեծ է
ներկայացվածից։
Բնակչության դժգոհությունը ծագեց, երբ պարզվեց, որ ավագանու ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերին։
Քանի որ «168 Ժամ»-ի նախորդ համարում ներկայացվել էր Աղավնատան խմելու ջրի
ցանցի անմխիթար վիճակը, ապա առիթն օգտագործելով՝ նույն հարցով դիմեցի
նորընտիր գյուղապետին. «Ես կարդացել եմ «168 Ժամ»-ում տպագրված նյութը եւ
ծանոթ եմ իրավիճակին։ Իմ ղեկավարման նոր շրջանում կփորձեմ կարգավորել բաց
թողնված խնդիրները։ Ծրագրեր կան ոչ միայն ջրամատակարարման, այլեւ
միջհամայնքային ճանապարհները նորոգելու, գյուղը հեռախոսակապով (շուրջ 500
կետ) եւ ավելի շատ բնակչի գազով ապահովելու, մշակույթի տան վերանորոգման,
մանկապարտեզի նոր շենքի կառուցման հետ կապված։ Գյուղն ունի նաեւ շուրջ 200
հա 5-րդ կարգի արոտավայրեր, որոնք աճուրդով պետք է վաճառվեն, որից ստացված
գումարներն էլ ծառայելու են այդ խնդիրների լուծմանը»։