Երկու պայթյուն

31/03/2009

Ըստ Վրաստանի Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության, երկրի ՆԳՆ ոստիկանական մեքենան կիրակի օրը Հարավային Օսիայի Քարելի շրջանի Դվանի գյուղ ուղեւորվելիս` անցել է ականի վրայով: «Հինգ ոստիկաններ ծանր վիրավորվել են, որոնցից մեկը՝ Բադրի Ջիոշվիլին, արդեն հիվանդանոցում մահացել է: Այն պահին, երբ դեպքի վայր է ժամանել Ոստիկանության աշխատակիցների երկրորդ մեքենան, գործի է դրվել երկրորդ ականը, որի արդյունքում վիրավորվել են երկու ոստիկան»,- նշված է հաղորդագրության մեջ: Վրաստանի ԱԳՆ-ն ահաբեկչության համար արդեն մեղադրել է Ռուսաստանին եւ միջազգային հանրությունից պահանջել է «համապատասխան արձագանք հնչեցնել»: Իսկ Հարավային Օսիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ հարավօսական կողմը որեւէ առնչություն չունի Դվանի գյուղի մերձակայքում կատարված միջադեպի հետ: «Այն տեղեկությունը, որը հերթական անգամ տարածում է վրացական կողմը, սադրիչ բնույթ է կրում»,- հայտարարել է Հարավային Օսիայի պաշտպանության նախարար Իբրահիմ Գասիեւը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ երկու պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 10-ի: Կատարվածը դատապարտող հայտարարություններով երեկ հանդես են եկել Եվրամիության եւ ԵԱՀԿ դիտորդները: Տեղի ունեցածը նրանք որակել են որպես հրադադարի պայմանավորվածությունների «անընդունելի խախտում»: