– Ձեր կարծիքով` Երեւանի ավագանու ընտրություններն իրականում այդքան կարեւոր նշանակություն ունե՞ն, թե՞ Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումն է այն այդպիսին դարձնում:
– Իմ կարծիքով` քաղաքապետի ընտրությունը, եթե հաշվի առնենք Երեւանի տեսակարար կշիռը թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ մշակութային կյանքում, իհարկե կարեւոր է: Ավագանու ընտրություններն, ըստ էության, կարեւոր են այնքանով, որքանով պետք է ավագանու միջոցով քաղաքապետ ընտրվի, քանի որ մեզ մոտ այդ ընտրությունը երկաստիճան է: Այսինքն` մեզ մոտ լիարժեք, ժողովրդավարական ընտրություններ չեն: Բայց, այնուամենայնիվ, երեւանցիներն առաջին անգամ հնարավորություն ունեն ընտրելու քաղաքապետին թեկուզ միջնորդավորված` ավագանու ընտրությունների միջոցով: Այդ իսկ պատճառով այդ ընտրությունները կարեւոր են, եւ իհարկե դրանք քաղաքական են իրենց բնույթով: Եթե Լ. Տեր-Պետրոսյանն ընտրվեց քաղաքապետի պաշտոնում, ապա երկրում կստեղծվի երկիշխանություն, եւ դա կարող է հզոր ապակայունացման սկիզբ դնել: Եթե ընդդիմությունը ստանա այնքան ավագանու տեղեր, որպեսզի կարողանա կազմալուծել ավագանու աշխատանքը, ապա դա կարող է հանդիսանալ ամբողջ պետական մեքենայի կազմաքանդման սկիզբ: Ընդդիմությունը հենց այդ ծրագրով է մասնակցում այս ընտրություններին: Ինձ մեծագույն հաճույք է պատճառում, երբ Լ. Տեր-Պետրոսյանն իր իսկ հիմնադրած պետությունը, որի հիմքերը ծուռ եւ խախուտ են դրվել (ինչի մասին ես գրել եմ դեռեւս 1990-ական թվականներին), անվանում է ավազակապետություն: Այսինքն` դա հաստատում է հասարակության ուշադրությանը ներկայացված իմ բոլոր վերլուծությունների ճշմարտացիությունը:
– «Ժառանգություն» կուսակցությունը չմիանալով ՀԱԿ-ին, արդյոք չնվազեցրե՞ց ՀԱԿ-ի հաղթանակի հնարավորությունը: Նաեւ Ձեր ասած երկիշխանության հնարավորությունը` իր հնարավոր բոլոր զարգացումներով:
– Անշուշտ, Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցությունը միասնական ցուցակով չափազանց կարեւոր էր, որովհետեւ նրա առաջնորդությամբ ԱԺ մուտք գործած «Ժառանգությունը» միակ ընդդիմադիր կուսակցությունն է, որն ընտրական հանձնաժողովներում տեղեր ունի: Եվ եթե «Ժառանգությունը» չի մասնակցում ընտրություններին, ապա նրա ներկայացուցիչներն ընտրական հանձնաժողովներում, ինչ էլ այսօր ասեն «Ժառանգության» առաջնորդները, հասկանալի է, որ լիարժեքորեն իրենց պարտականությունները չեն կատարելու, որովհետեւ իրենց հանձնաժողովներ գործուղած կուսակցությունը չի մասնակցում ընտրություններին: Եվ ով էլ ինչ ասի` անժխտելի է, որ ընտրությունների արդար գործընթաց ապահովելու առումով նրանց գործունեությունն անխուսափելիորեն պակաս արդյունավետ է լինելու: Սա փաստ է: Եվ արդեն իսկ միայն այդ հանգամանքը, իհարկե, նվազեցնում է հաջողության հասնելու հնարավորութունները: Սակայն այդ հնարավորություններն, այնուամենայնիվ, կլինեին, եթե ՀԱԿ-ն իր ցուցակի ձեւավորման հարցում որդեգրեր այլ մոտեցում, քան այն, որը որդեգրեց: Մասնավորապես` ես ուղղակի ապշեցի, երբ ցուցակում տեսա միեւնույն ազգանուններով մարդկանց: Այս մոտեցումը հարիր չէ ժողովրդավարական չափանիշներին, որոնք մերժում են ֆեոդալական ժառանգականության սկզբունքը: Մի՞թե ՀԱԿ-ին անդամակցող կուսակցությունների ամենաարժանի դեմքերը հենց դրանց առաջնորդների զավակներն են: Մի՞թե այդքան սուղ է այդ կուսակցությունների կադրային ներուժը: Իսկ եթե դա այդպես է, էլ ի՞նչ Հայ Ազգային կոնգրեսի մասին կարող է խոսք լինելգ Կարծում եմ, ցուցակը պետք է ձեւավորվեր շատ պարզ սկզբունքով. առաջին երեք տեղերում պետք է լինեին քաղաքական դեմքեր, իսկ մնացածները` պրոֆեսիոնալներ, մարդիկ, ովքեր տեղական ինքնակառավարման խնդիրներում փորձառու են: Այսինքն` եթե ընդդիմությունը փորձում է ապացուցել, որ մոնղոլ-թաթարականությունը ոչ թե հայաստանյան քաղաքական դաշտի ընդհանուր արատն է, այլ բնորոշ է միայն գալուստսահակյաններին, ցուցակում հայր եւ որդիների ընդգրկումը պետք է բացառվեր:
– Իսկ Դուք ինչո՞ւ չկաք ՀԱԿ ցուցակում:
– Կներեք, բայց ես ի՞նչ կապ ունեմ տեղական ինքնակառավարման հետ: Ամենադժվար ժամանակաշրջանում ես եղել եմ ԱԺ երկրորդ եւ երրորդ գումարումների պատգամավոր, եւ երբեք չեմ եղել մարզպետ կամ թաղապետ: Ես զբաղվում եմ աշխարհաքաղաքական խնդիրներով եւ հայտնի եմ իմ քաղաքագիտական վերլուծություններով: Ես ժամանակ չունեմ խորամուխ լինել քաղաքի բազմաթիվ կենցաղային հարցերում: Տարօրինակ կլիներ, եթե ես ձգտեի դառնալ ավագանի: Եթե հնարավորություն ունենամ ուղղել իմ սխալը, երբ չմասնակցեցի 2007թ. ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով, եթե հնարավորություն լինի մեծամասնական ընտրակարգով, մասնակցելու որեւէ տեղի համար` անպայման կմասնակցեմ:
– Լ. Տեր-Պետրոսյանն ու Ստեփան Դեմիրճյանն էլ երբեք մարզպետ կամ թաղապետ չեն եղել:
– Ասացի, որ առաջին երեք տեղերը պետք է զբաղեցնեն քաղաքական դեմքեր, իսկ դրանից հետո` պրոֆեսիոնալներ: Այսինքն` ոչ թե տարբեր կարգի կուսակցապետեր ու քաղաքական դեմքեր: Ասենք` Լյուդմիլա Սարգսյանը չպետք է լիներ այդ ցուցակում: Նա շատ լավ տիրապետում է Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների խնդիրներին, բայց, իհարկե, մասնագետ չէ այն բազմաթիվ կենցաղային հարցերում, որոնց պետք է տիրապետի ավագանին: Եթե դու չգիտես աղբահանության բոլոր դետալները` թե ինչպես կարելի է այդ գործում սողանքներ գտնելով` փողեր յուրացնել, դու չես կարող վերահսկել քաղաքապետի եւ քաղաքապետարանի ապարատի գործունեությունը: Եթե պրոֆեսիոնալիզմի այս չափանիշների վրա հիմնվեին, չէր ստեղծվի այս տգեղ, գարշելի իրավիճակը, որն, իմիջիայլոց, կարող է ՀԱԿ-ին շատ ավելի վնասել, քան Ր. Հովհաննիսյանի չմասնակցելը: Մարքսիստ Դավիթ Հակոբյանի հայտարարությունները ՀԱԿ-ի համար շատ ավելի վտանգավոր են, քան «Ժառանգության» որդեգրած կեցվածքը, նրանց մի կողմ քաշվելը: Այս ներքին գզվռտոցը, փոխադարձ մեղադրանքները չէին լինի, եթե պարզ լիներ սկզբունքը: Այսինքն` առաջին երեք տեղերը քաղաքական դեմքեր են, մյուսները` պրոֆեսիոնալներ:
– Հայաստանի Աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը, ում կուսակցությունը նույնպես մասնակցում է առաջիկա ընտրություններին, հայտարարել էր, թե ընտրություններում օգտագործելու է Կարեն Դեմիրճյանի անունը, քանի որ ինքը լումա է ունեցել ՀԺԿ գործունեության մեջ: Դուք որպես ՀԺԿ հիմնադիրներից մեկը` ի՞նչ կասեք այս առնչությամբ:
– Այո, ես ծանոթ եմ նրա հայտարարություններին: Ես պետք է ճշտեմ` նա չի մասնակցել ՀԺԿ-ի հիմնադրմանը, որովհետեւ ինքը գտնում էր, որ մենք պետք է ձեռնպահ մնանք ՀԺԿ հիմնադրումից եւ հենվենք իր ՀԱՍԿ-ի վրա: Այդ նույն հավակնությունն ուներ նաեւ Կոմկուսը` Սերգեյ Բադալյանի գլխավորությամբ: Նրանք էլ էին այն կարծիքին, որ Կ. Դեմիրճյանը պետք է վերադառնա ՀԿԿ եւ այլն: Մ. Շահվերդյանը, ով գրանցել էր իր կուսակցությունը, գտնում էր, որ Կ. Դեմիրճյանը պետք է հենվի այն միակ կուսակցության վրա, որը 1998թ. իրեն սատարել է նախագահական ընտրությունների ժամանակ: Բայց Կ. Դեմիրճյանը նպատակ չէր դրել հենվելու որեւէ կուսակցության վրա, եւ դրա համար նա առանձնապես մեծ ցանկություն էլ չուներ, որ որեւէ կուսակցություն իրեն պաշտպաներ: Ինքը գալիս էր որպես այլընտրանք` եղած բոլոր քաղաքական ուժերին: Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ Դեմիրճյանը պետք է ստեղծի կուսակցություն, հետո պայքարի նախագահի պաշտոնի համար: Դեռեւս 1992թ. սկսած՝ ես համոզել եմ Կարեն Սերոբիչին ստեղծել կուսակցություն` ՀԺԿ անվանումով: 1993թ., երբ ռուսաստանյան մամուլում ակտիվ գրվում էր այն մասին, որ Թելման Գդլյանն, ով այն ժամանակ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր էր, կարող էր նշանակվել ՌԴ փոխվարչապետ` շատ լուրջ գործառույթներ կենտրոնացնելով իր ձեռքում, իշխող «Վիբոր Ռոսիի» կուսակցությունը դիմել էր Ելցինին` առաջարկելով՝ որպեսզի Ելցինը Գդլյանին նշանակի իրավապահ մարմինների գործունեությունը վերահսկող փոխվարչապետ: Այդ ժամանակ, երբ Թ. Գդլյանը սպիտակ ձիու վրա էր եւ սպասում էր, որ ուր որ է իրեն կնշանակեն այդ պաշտոնում, նրան հանդիպեցրեցի Կ. Դեմիրճյանի հետ: Ես Գդլյանին փորձում էի դարձնել իմ համախոհը, եւ դարձրել էի, հորդորելով, որ երբ հանդիպենք Դեմիրճյանին, երկուսով համոզենք, որպեսզի կուսակցություն ստեղծի եւ դրանով արձանագրի իր վերադարձը մեծ քաղաքականություն: Նախապատմությունը սա է: Ինչ վերաբերում է Մ. Շահվերդյանին, ապա նա երբեմն այցելում էր Կ. Դեմիրճյանին` գործարան: Դեմիրճյանն իր խառնվածքով շատ սրտամոտ անձնավորություն էր, եւ իմիջիայլոց ինքը դրանով էապես տարբերվում էր Տեր-Պետրոսյանից: Տեր-Պետրոսյանն իր քաղաքական վտարանդության 10 տարիների ընթացքում շփվել է հիմնականում իր իշխանության տարիներին իր ենթակայության տակ աշխատած մարդկանց հետ: Նրա շփման շրջանակը շատ նեղ է եղել, ինչն իրեն հետագայում` քաղաքականություն վերադառնալու օրոք խանգարեց: Դեմիրճյանն` ընդհակառակը, շփման լայն շրջանակ ուներ: Այլ բան է, որ տանը նա հանդիպում էր միայն իր մտերիմ մարդկանց հետ: Ինքս այդ շրջանակի մեջ մտա 1994-ից: Իրեն հետաքրքիր էր հանդիպել ոչ միայն Ռայկոմի քարտուղարների հետ, որոնց հետ նա աշխատել էր, այլեւ այնպիսի մարդկանց հետ, ովքեր կոմունիստական տարիներին իր դեմ էին (օրինակ, գործարանում հաճախ հանդիպում էր նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանի հետ): Նրան դա էր հատուկ:
Այո, Մովսեսը 1998թ. նախագահական ընտրությունների ժամանակ որոշակի լումա ներդրել է, եւ եթե այն մարդիկ, ովքեր այն ժամանակ դուրս էին եկել մեր դեմ (օրինակ, նույն Ա. Գեղամյանը), իրենց իրավունք են վերապահում վկայակոչել Կ. Դեմիրճյանի անունը, նաեւ այնպիսի մարդիկ, ովքեր առհասարակ որեւէ լումա չունեին, ապա Մ. Շահվերդյանի դեպքում պատկերն այլ է. Նա մեզ հետ էր` 1998թ. անկեղծորեն պաշտպանում էր Կ. Դեմիրճյանին, սակայն, իհարկե, դա նրան իրավունք չի տալիս ուռճացնել սեփական դերակատարությունը: Եթե Արմեն Խաչատրյանի նմանները կարող էին օգտագործել մեր արածը, մեր քրտինքն ու բարձր պաշտոններ ձեռք բերել, ապա Մ. Շահվերդյանի այս չարաճճիությունը` սեփական համեստ դերակատարության գերագնահատումը, այդքան մեծ վրդովմունք չպետք է առաջացնի: Չնայած դրան, խորհուրդ եմ տալիս նրան տեղավորվել էթիկայի շրջանակներում: