Գործ են հարուցել

31/03/2009

Երեկ միանգամից մի քանի տեղեկություն է հրապարակվել «Նաիրիտ գործարանի» վերաբերյալ: Պարզվում է` ՀՀ կառավարության եւ ԱՊՀ Միջպետական բանկի միջեւ բանակցություններ են ընթանում` կառավարության կողմից բանկի նկատմամբ «Նաիրիտի» ունեցած շուրջ 140 մլն դոլարի պարտավորությունը ստանձնելու վերաբերյալ: Իսկ ապրիլի առաջին կեսին արտադրանք թողարկելու մասին գործարանի ղեկավարության հավաստիացումներն այս անգամ էլ, ամենայն հավանականությամբ, չեն իրականանա: Բանն այն է, որ երեկ, երբ «Նաիրիտի» ղեկավարությունը հանդիպել է հարկադիր պարապուրդում գտնվող աշխատողների մի մասի հետ եւ հայտնել աշխատանքների վերսկսման մասին, աշխատողները ղեկավարներից պահանջել են վճարել իրենց ժամկետանց աշխատավարձերի գծով պարտավորությունը` հրաժարվելով աշխատել առանց այդ պահանջը կատարելու: Սրան ի պատասխան՝ գործարանի ղեկավարությունն ասել է, թե «փող չկա»: Արտադրության գծով գործադիր տնօրեն Ռուբիկ Սաղաթելյանն էլ հայտարարել է, թե ում «ձեռք չի տալիս, թող դիմում գրի՝ ազատվի աշխատանքից»: Նշենք նաեւ, որ Շենգավիթ համայնքի ոստիկանության հետաքննության բաժնում քրեական գործ է հարուցվել անցած տարի գործարանի արտադրած արտադրանքը դիտավորությամբ խոտանի վերածելու կապակցությամբ: Այդ մասին ավելի մանրամասն` առաջիկայում: