Վերծանման տեքստում «հորթ» եւ «տխմար» արտահայտություններ չկան

31/03/2009

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ շարունակվեց «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը:

Հիշեցնենք, որ Գ. Շամշյանը մեղադրվում է նույն դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանին վիրավորելու մեջ: 2008թ. օգոստոսի 8-ին «Հանրապետություն» կուսակցության անդամ Սմբատ Այվազյանի դատավարության ժամանակ Գ. Ավետիսյանի կարգադրությամբ դատական կարգադրիչները ֆոտոլրագրողին ուժով դուրս են հանել դահլիճից եւ նրան 1,5 ժամ պահել են աստիճանավանդակի տակ:

Եվ ահա երեկվա նիստի ժամանակ վկայություն էին տալիս Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 4 աշխատողներ` Արթուր Փիլոսյանը, Ռաֆայել Ստեփանյանը, Շահեն Օհանյանը ու նիստերի քարտուղար Հասմիկ Ջալալյանը: Ընդ որում, քրեական գործի նյութերը կազմվել են բացառապես դատարանի աշխատողների ցուցմունքների հիման վրա: Մինչդեռ Ս. Այվազյանի դատերի ժամանակ դահլիճում են լինում նրա հարազատները, ընկերները եւ բազմաթիվ լրագրողներ, որոնցից եւ ոչ մեկի վկայությունը չի հետաքրքրել նախաքննող մարմնին, ու գործի նյութերը կազմվել են միակողմանի ցուցմունքների հիման վրա:

Կարգադրիչներն ու քարտուղարը միմյանց կրկնելով երեկ պատմում էին, թե դատավորը դատի սկզբում 5 րոպե ժամանակ է տվել նկարահանումների համար, բայց Գ. Շամշյանը դրանից հետո էլ շարունակել է նկարել: Ասում էին, որ Գ. Շամշյանը դատավորին ասել է «հորթ», «տխմար»: Նրանք, սակայն, Գ. Շամշյանի փաստաբան Հովիկ Արսենյանի հարցերին իրարամերժ պատասխաններ էին տալիս: Մեկ ասում էին, թե Շամշյանը դատավորին վիրավորել է իր նկատմամբ սանկցիա կիրառելուց հետո, մեկ ասում էին, թե վիրավորել է լուսանկարելն արգելելուց հետո: Իր ասածը ոչ մի կերպ չէր կարողանում կոնկրետացնել հատկապես Հ. Ջալալյանը, ով այդ նույն նիստի ժամանակ եղել է դատարանի քարտուղարը: Հ. Արսենյանին հետաքրքրում էր, թե Գ. Ավետիսյանը երբ ներս է մտել, հայտարարե՞լ է, որ նիստը սկսվում է, կամ մինչ այդ հնչե՞լ է` «ոտքի դատարանն է գալիս» արտահայտությունը: «Այո»,- պատասխանեց Հ. Ջալալյանը: Դատական նիստի ժամանակ դատավորը կարող է լրագրողներին արգելել տեսանկարահանել եւ լուսանկարել, եթե ստանում է երկու կողմերի` մեղադրողի ու պատասխանողի համաձայնությունը: Արսենյանին նաեւ հետաքրքրում էր, թե արդյոք Գ. Ավետիսյանը այդ համաձայնությունը ստացե՞լ է: Հ. Ջալալյանը նորից դրական պատասխանեց: Սակայն անցած տարվա օգոստոսի 8-ի դատական նիստի ձայնագրության վերծանման տեքստում նման արձանագրություններ չկան: Ավետիսյանը դահլիճ մտնելուն պես ասել է՝ «ոչ մեկը կանգնած չլինի», ու արգելել է նկարելը: Դատը սկսվելու մասին հայտարարություն չի արել: Հետո, երբ Շամշյանն ասել է, թե ձայնագրում է, դատավորը նորից է կարգադրել` «Դադարեցրեք, ասում եմ Ձեզ»: Արձանագրության մեջ նշված չէ, որ Գ. Ավետիսյանը նկարահանումն արգելելու համար ստացել է կողմերի համաձայնությունը, նաեւ բացակայում են «հորթ» եւ «տխմար» արտահայտությունները, որոնցով իբր Գ. Շամշյանը վիրավորել է դատավորին: Իսկ Հ. Ջալալյանը պնդում էր, որ ձայնագրիչը նիստի ողջ անցուդարձը ձայնագրում է: Ու այսպիսով պարզ է դառնում, որ կարգադրիչներն ու քարտուղարը նախօրոք «ինստրուկտաժի» են ենթարկվել, թե ինչ պիտի պատասխանեն նիստի ժամանակ, սակայն, հավանաբար, չեն ենթադրել, որ պատասխանող կողմը կկարողանա ձեռք բերել օգոստոսի 8-ի նիստի արձանագրությունը: Իսկ արձանագրության տեքստը հակասում էր վկաների տված ցուցմունքին: «Ինչպես որ միայն ոստիկանների ցուցմունքի հիման վրա մարդկանց 316 հոդվածով չպետք է դատել, այդ նույն մեխանիզմը եկել է այստեղ: Միայն դատական կարգադրիչների ցուցմունքի հիման վրա չի կարելի դատել: Նրանք ակնհայտ ստում են այնքանով, որքանով քրեական գործում առկա է օբյեկտիվորեն գոյություն ունեցող իրեղեն ապացույցներ: Փառք Աստծո, այսօր դատարանները ձայնագրում են ամբողջ դատական նիստը»,- ասաց Հ. Արսենյանը: Ի դեպ, դատավոր Արմեն Խաչատրյանը երեկ նախազգուշացում կիրառեց «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրող Վահագն Հովակիմյանի նկատմամբ: Վերջինս կողքի նստածից ճշտում էր վկաներից մեկի անունը: Նախազգուշացում կիրառվեց նաեւ Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի նկատմամբ:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 2-ին, ժամը 12:30-ին: