«Առաջինը ես կուզենայի, որ նրանք ազատ լինեին»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` պատասխանելով «7-ի գործով» քաղբանտարկյալների վերաբերյալ հարցին: Հիշեցնենք, որ ՀՀ Գլխավոր դատախազության Հատուկ քննչական ծառայությունը ապրիլի 1-ին նոր մեղադրանք է առաջադրելու «7-ի գործով» անցնող քաղբանտարկյալներին` կապված Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների փոփոխության հետ: Ռ. Զոհրաբյանը երեկ հերթական անգամ ասաց, որ ինքը դատախազ չէ եւ չգիտի` դրա արդյունքում 7 քաղբանտարկյալներն ազատ կարձակվե՞ն, թե՞ ոչ: Բայց հետո կարծիք հայտնեց, թե 1 տարուց ավելի անազատության մեջ լինելը բավարար չափով պատիժ կարելի է համարել քաղբանտարկյալների համար, եւ նրանց գործը կարելի է կարճել: Քիչ անց, սակայն, Ռ. Զոհրաբյանը սովորության համաձայն՝ սկսեց ինքն-իրեն հակասել: Պատասխանելով այն հարցին, թե իր կարծիքով` ինչո՞ւ նախագահ Սերժ Սարգսյանը համաներում չի կիրառում, նա նշեց, թե ընդդիմությունն այսօր էլ է ակտիվ պայքարում, փորձում իշխանությունն իրենց ձեռքից «խլել», դրա համար էլ բաց չեն թողնում: «Ընդդիմությունը նրանց անունից նորից հայտարարում է, թե գալիս են քաղաքապետի ընտրությունների, նորից շարունակելու են, վարչակարգ են հեռացնելու, սահմանադրական կարգ են վերականգնելու, իշխանափոխություն, եւ այլն, եւ այլն: Բաց թողնենք, որ այդ բանա՞կը համալրենք, որ նորից դեմ դուրս գա՞ն: Այդ ընդդիմության ղեկավարը կոչ արեց, որ շարունակեն: Հավատի տեղ չեն թողնում»,- ասաց Ռ. Զոհրաբյանը: «Յուրահատուկ» էին նաեւ նախկին քաղբանտարկյալ համարվող Ռ. Զոհրաբյանի մտքերը մարդու իրավունքների եւ դրանց պաշտպանության վերաբերյալ: «Եթե մենք կայուն պետություն լինեին` ասենք, մի 30-40 տարվա, մեզ թույլ կտայինք մարդու իրավունքներ, ինչպես, ասենք, Ֆրանսիայում կամ Հունաստանում, որտեղ մարդիկ բողոքում են տարբեր բաների դեմ: Մենք անկախ պետականության կառուցման ճանապարհին ենք, արդեն փորձում են իշխանափոխություն անել»,- բառացիորեն ասաց իշխող կուսակցության փոխնախագահը: Ինչեւէ, Ռ. Զոհրաբյանի մյուս յուրահատուկ միտքն էլ այն էր, թե քաղաքական համարվող Երեւանի ավագանու ընտրությունները պետք չէ քաղաքականացնել: Ռ. Զոհրաբյանը, իհարկե, համաձայն էր, որ այն ընտրությունները, որին մասնակցում են քաղաքական կուսակցությունները իրենց համամասնական ցուցակներով, չեն կարող չլինել քաղաքական ընտրություններ: «Ընտրությունը քաղաքական է, դա ոչ ոք չի ժխտում»,- ասաց նա: Բայց, այնուամենայնիվ, պնդեց, թե պետք չէ քաղաքականացնել: «Ժողովուրդը բառիս բուն իմաստով զզվել է այս քաղաքականացված ընտրություններից, քաղաքականացված պրոցեսներից, իրար դեմ դուրս գալուց: 1988 թվականից քաղաքականացված բաների մեջ ենք»,- հայտարարեց Ռ. Զոհրաբյանը: Նա երեկ կրկնեց իր կուսակից Գալուստ Սահակյանի այն միտքը, թե մականուն ունենալը լավ բան է, եւ որ ինքը նախանձում է ՀՀԿ-ի մականունավորներին: «Բոլորիս էլ փոքր տարիքում մեր ծնողների, տատիկ-պապիկների կողմից տրվել են մականուններ, ասենք` «ճուտիկ», «բուլիկ», «պոնչիկ»: Երբ մեծանում ենք, շատ անուններ մոռացվում են, հատուկենտ մարդկանց մոտ է պահպանվում այդ մականուն կոչվածը, որը տվել են ծնողները կամ փողոցի ընկերները»,- հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավորը: Այնպես որ, ըստ նրա, մականունը չէր կարող խանգարել, որ Հանրապետականի ցուցակը գլխավորեր Գագիկ Բեգլարյանը: «Եթե մարդը կրում է մականունը, բայց իր գործնական աշխատանքում հասարակության պահանջներին բավարարում է. ասենք, թաղապետ է եղել, լավ է աշխատել, ի՞նչ կա դրանում, մականունն ի՞նչ է խանգարում»,- հարցնում էր Ռ. Զոհրաբյանը: Ավելին, ըստ նրա` կուսակցությունը հաշվի է առել ինչպես Գ. Բեգլարյանի, այնպես էլ Տարոն Մարգարյանի «պլյուսներն ու մինուսները» եւ որոշել Կենտրոնի` արդեն նախկին թաղապետին առաջադրել ցուցակի առաջին համարում: «Այնպես չէ, որ ես չեմ ուզում, որ Տարոն Մարգարյանը լինի ՀՀԿ ցուցակի առաջին տեղում: Դա կուսակցությունն է որոշում, եւ մենք հաշվարկել ենք եւ՛ Գագիկ Բեգլարյանի, եւ՛ Տարոն Մարգարյանի հնարավորությունները: Բացի նրանից, որ Գ. Բեգլարյանը թաղապետ է աշխատել, նաեւ ունի իր շուրջը համախմբված կուռ թիմ: Կուսակցությունը, պարզապես, իրեն օգնելու եւ թիկունք է կանգնելու: Տարոն Մարգարյանն էլ ունի թիմ, բայց, ի վերջո, որոշվել է Գագիկ Բեգլարյանին աջակցել, իսկ երկրորդ տեղում Տարոն Մարգարյանն է, որը պակաս տեղ չի»,- հայտարարեց Ռ. Զոհրաբյանը: Կոալիցիոն գործընկերների հետ ընտրություններին միասին չմասնակցելու հետ կապված հարցին էլ Ռ. Զոհրաբյանը պատասխանեց, որ եթե Հանրապետականը ձայների 40 տոկոսը չհավաքի, կոալիցիոն գործընկերների հետ իրենք միասնաբար կքվեարկեն «կոալիցիայի թեկնածուի օգտին»: Մեկնաբանելով այն տեղեկությունները, որ բնակիչներից անձնագրերի տվյալներ են հավաքում` ստիպելով ստորագրել, որ քվեարկելու են ՀՀԿ-ի օգտին, Ռ. Զոհրաբյանը պատասխանեց, թե ինքը չգիտի, որ նման բան կա: «Սա առաջին ընտրությունը չէ մեր երկրում: Մենք գիտենք, ոնց է կատարվում: Ամեն անգամ ընտրություններից առաջ այդ հին երգն են երգում: Գուցե եւ եղել են նման բաներ, բայց դա այդպես մասսայական չէ: Մենք ունենք մեր ձայները, առաջին անգամ չենք ընտրությունների մասնակցում եւ մենք մեր ձայներն ենք վերցնելու»,- հայտարարեց Ռ. Զոհրաբյանը: