Պետությունը ես եմ

31/03/2009

«Ես եմ ղեկավարում պետությունը, ես եմ պետության գլուխը: Պարոն Պուտինը հանդիսանում է կառավարության ղեկավարը: Դա շատ մեծ եւ բարդ աշխատանք է: Սակայն պետության անունից հիմնական որոշումները կայացնում է նախագահը»,- այս շաբաթ մեկնարկող աշխարհի ամենազարգացած 20 երկրների գագաթաժողովի նախօրեին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` ի պատասխան լրագրողի հարցին, թե ո՞վ է այսօր ղեկավարում Ռուսաստանը: Մեդվեդեւը խոսել է տնտեսական ճգնաժամի, Իրանի եւ Աֆղանստանի մասին, անդրադարձել է ռուս-բրիտանական եւ ռուս-ամերիկյան հարաբերություններին: Պատասխանելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ կայանալիք առաջին հանդիպման մասին հարցին` ՌԴ նախագահն ասել է, թե շատ հարցերում ինքը համամիտ է Օբամայի հետ: Իսկ հարցին`արդյո՞ք ինքը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել հաջորդ նախագահական ընտրություններին, Ռուսաստանի նախագահը պատասխանել է, թե նախ կուզենար այս ժամկետն ավարտել: