Նախկին տնօրենը հաղթեց թաղապետարանի աշխատակցին

31/03/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Թեեւ մարտի 28-ին Երեւանի Նուբարաշեն համայնքի թիվ 175 դպրոցում դասեր չկային, բայց, այնուամենայնիվ, ուսուցիչներից ոմանք հավաքվել էին դպրոցում: Պատճառը դպրոցի տնօրենի ընտրությունն էր: Դեռ նոյեմբերի 13-ից դպրոցը մնացել էր առանց տնօրենի, ավելի ճիշտ` վերջինիս պաշտոնակատարի հույսին:

Մինչ տնօրենների մրցույթը կմեկնարկեր՝ դպրոցի բակում հավաքված ծնողները հանձնաժողովից արդարություն էին պահանջում: Իհարկե, հանձնաժողովն այս մասին չիմացավ, քանի որ դպրոցի սենյակներից մեկում մրցույթի նախապատրաստական աշխատանքներն էր տանում: «Արդեն երկու տարի է` մեր դպրոցն էնքան տեսուչ ու միլիցա եկավ, որ հաշվել չենք կարող: Արդեն բոլորին անուններով գիտենք: Էլ չէինք հարցնում` ասում էինք՝ դրանք էլի եկան դպրոցում: Ի՞նչ են ուզում անել: Ախր, ընկեր Բաբաջանյանի շնորհիվ մեր դպրոցը ոտքի կանգնեց»,- ասում էր ծնողներից մեկը, ում 4 երեխաներից երկուսը այժմ սովորում են դպրոցում: Ըստ նրա` եթե չլիներ տնօրենի խստապահանջությունը, իր երեխաները «ոսկե երիտասարդության» անդամներ կդառնային: Դպրոցի բակում հավաքված ծնողների կարծիքով` իրենցից որեւէ մեկը չէր կարող տնօրեն Անահիտ Բաբաջանյանին մեղադրել դրամահավաքության գործում: Ծնողները պատմում էին նաեւ տնօրենի համեստ կենցաղավարության մասին: Նրանք նկատելիորեն մեծ ցավով էին նշում, թե տնօրենը ինչպես է իր ամբողջ կյանքը նվիրաբերել դպրոցին: Ըստ նրանց` անգամ «Վերջին զանգին» նա որեւէ նվեր չի վերցնում, օրինակ, հենց նախորդ տարի աշակերտների նվերը տնօրենին ուսուցչանոցի մեծ գորգն էր: «Էս դպրոցի պատերից շատերն էլ մեր տնօրենն ա ներկել: Չեք հավատո՞ւմ` ներկն ու խոզանակը վերցրած ներկում էր»,- ասում էին ծնողները: Այնուամենայնիվ նոյեմբերի 13-ին տնօրենը ստացավ պաշտոնից ազատվելու մասին դիմումը: «Մեր տնօրենի հետ մենք էլ սկսեցինք պայքարել: Գնացինք կրթության նախարարի մոտ, խնդրեցինք մեր տնօրենին հետ բերել: Հետո մեկ էլ լսեցինք, որ դպրոցի տնօրենի համար մրցույթ են կազմակերպում: Տնօրենին ասացինք, որ դիմի դատարան` պաշտոնը վերականգնելու համար»,- ասում են ծնողները, ովքեր գոհ մնացին դատարանի որոշումից, ըստ որի` տնօրենին իրավունք է տրվում մասնակցելու իր տեղի համար հայտարարված մրցույթին, որի մեկնարկին մնացել էր մի քանի րոպե:

Կրքերը` մրցասենյակի ներսում

Դեռ մրցույթի մեկնարկին մի քանի րոպե կար, երբ ինձ արգելեցին մտնել այն սենյակ, որտեղ պետք է տեղի ունենար մրցույթը: «Քեզ արգելված ա: Մենք էլ չենք մտնում»,- ասացին երկու տղա, ովքեր, հետո պարզեցի, Նուբարաշենի թաղապետարանի ներկայացուցիչներ էին: Բայց, բարեբախտաբար, հանձնաժողովը որոշել էր մրցույթի առաջին փուլն անցկացնել համակարգչային սենյակում, ու թույլատրեցին հետեւել մրցույթի ընթացքին: Մրցույթն անցկացվում էր երեք փուլով, որի առաջին երկու փուլերը, ինչպես նշեց ԿԳՆ Հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Սամվել Պեպանյանը, պարտադիր չեն, բայց անհրաժեշտ են:

Առաջին փուլում նախատեսված էր համակագչային տարրական գիտելիքների ստուգում, երկրորդ փուլում` օտար լեզուների իմացությունն էր, իսկ երրորդ փուլում` թեստի միջոցով տնօրենի գիտելիքների ստուգումն էր: Դպրոցի տնօրենի երկու թեկնածուներից մեկը դպրոցի նախկին տնօրեն Անահիտ Բաբաջանյանն էր, մյուսը` Նուբարաշենի թաղապետարանի աշխատակազմի քարտուղար Վարսենիկ Հովակիմյանը: Մեր հարցին, թե ինչո՞ւ տիկին Հովակիմյանը հանկարծ որոշեց դպրոցի տնօրեն դառնալ ու թողնել թաղապետարանում իր գրաված դիրքը, վերջինս պատասխանեց, որ լսել էր տնօրենի տեղի համար անցկացվող մրցույթի մասին ու որոշել է մասնակցել: «Ես նուբարաշենցի եմ եւ, ինչո՞ւ չէ, ուզում եմ իմ համայնքի դպրոցի տնօրեն դառնալ: Լսելով մրցույթի մասին` ես էլ հայտ ներկայացրի»,- ասում է Վ. Հովակիմյանը: Իսկ տնօրենի տեղի համար մյուս թեկնածու Անահիտ Բաբաջանյանն էլ ասաց, որ 12 տարիների իր ղեկավարած դպրոցում ինքը դարձել է մրցույթի մասնակից ու հիմա պետք է ապացուցի դա: Իսկ յոթ անդամներից կազմված հանձնաժողովն արդեն սպասում էր մասնակիցներին, ովքեր պետք է հաղթահարեին առաջին փուլը: Յուրաքանչյուր փուլից հետո էլ հանձնաժողովը քննարկում էր մասնակիցների ցուցաբերած գիտելիքները: Առաջին երկու փուլերի ընթացքում մրցույթն ընթացավ բնականոն ու առանց տարաձայնությունների, բայց նույնը չի կարելի ասել երրորդ փուլի մասին, երբ հայտնի դարձան թեստի արդյունքները: Ի դեպ, ըստ մրցույթի կանոնադրության, թեստի 40 հնարավոր միավորից մասնակիցը պետք է հավաքեր նվազագույնը 32 միավոր, այսինքն` սխալները չպետք է լինեն 8-ից ավելի, հակառակ դեպքում մասնակիցը համարվում է մրցույթից դուրս: Տվյալ պարագայում մասնակիցներից Անահիտ Բաբաջանյանը 40 հնարավորից հավաքել էր 36 միավոր, իսկ տիկին Հովակիմյանը` 24 միավոր: Եվ ըստ կանոնադրության` վերջինս զրկվում է բանավոր փուլին մասնակցելու իրավունքից: Հենց այս հարցում էլ կրքերը թեժացան. հանձնաժողովի անդամ Գուրգեն Գասպարյանը, ով Նուբարաշենի թաղապետի օգնականն է, խնդրեց անվավեր համարել մրցույթը, քանի որ, ըստ նրա, առաջին փուլում իրենք Անահիտ Բաբաջանյանին ընդառաջեցին: Նկատենք այն, որ առաջին փուլում Ա. Բաբաջանյանը, թեեւ փոքր-ինչ դանդաղ, բայց կատարեց առաջադրանքը` համակարգչային Word ծրագրով էջ բացել-փակել, անվանել էջն ու պահպանել: Ինչեւէ, չնայած երկարատեւ քննարկումներին, Անահիտ Բաբաջանյանը հաղթահարեց նաեւ բանավոր փուլն ու փակ քվեարկության արդյունքների հիման վրա վերստին ստանձնեց դպրոցի տնօրենի պաշտոնը:

Հ.Գ.
Նորընտիր տնօրենին քննասենյակից դուրս գալուց հետո առաջինը շնորհավորեց Նուբարաշեն համայնքի ղեկավար Մհեր Հովհաննիսյանը: «Մենք կշարունակենք աշխատել համագործակցված` ի շահ համայնքի եւ երեխաների»: