Ցուցահանդես՝ մուտանտների մասին

31/03/2009

ՆՓԱԿ-ում բացվել է «Հայաստանի Հանրապետություն. Սոցիալական մուտացիա» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը տարբեր տարիքի ստեղծագործ-նկարիչների աշխատանքների հավաքածու է եւ միաժամանակ՝ մանիֆեստ է։ Ստեղծագործությունների ոճն ու թեմաներն ուշագրավ մտորումների առիթներ են տալիս։ Գովազդային պաստառների ու բուկլետների ոճն ու լեզուն, շինությունների պատերի վրա գրառումներ անելու ժանրը՝ գրաֆիտին, պատկերապատումների՝ կոմիքսների շրջանակները, քանդակն ու կոնկրետ իրերի խաղարկումը ծառայում են մի նպատակի՝ լայնացնում են մեր պատկերացումները հասարակական ձեւափոխումների մասին։ Ճաշատեսակներով լի սեղանի շուրջ նստած էակներն արդեն մարդիկ չեն, ուղղակի կենդանիներ են, քանի որ կենդանավարի են ուտում-խմում։ «Մի մոռացեք հետեւել նորաձեւությանը»՝ գրված է պլաստիկ վիրահատություն անելու հրավիրող գովազդային պաստառին, իսկ պաստառի վրա «մինչ» եւ «հետո» աղջիկն է, որի դեմքը դանդաղորեն այլանդակվում է։ «Մի պիտակավորեք մեզ»,- աղաղակում են գրաֆիտի-մարդիկ։ Գիրք-պատկերապատումի հերոսները իրար հետ զրուցում են անձի արժանապատիվ կյանքով ապրելու ու սեփական իրավունքների գիտակցման անհրաժեշտության մասին։ Իսկ քաղաքի երկաթյա-գործարանային ֆոնի մեջ մխրճվում են մուլտֆիլմերի հերոսների պես գունեղ ու անստվեր էակները։ Քայլում են հրեշներն, ու գլուխկոտրուկ-կտավներ են ստեղծվում, իսկ զինվորական համազգեստի վրա գրվում է՝ «Գազպրոմ»։ Հեղինակները վստահ են, որ այս մուտացիաները անձի նյարդերն առավելագույնս քայքայող հանգամանքներ են, որոնք վերարժեքավորման սկիզբ կարող են դառնալ։ Ցուցահանդեսի համադրող Գոռ Ենոքյանը սոցիալական մուտանտներին ամենուրեք է տեսնում։ Մուտանտներ են ֆեմինիստները, պատրիարխատի ջատագովները, Արամ Ասատրյան լսողներն ու «կեղծ ջակի-ջուկի լինելու կեղծ ձգտում» ունեցողները։ «Սոցիալական մուտացիայի հանդեպ ունեցած դրական, բացասական կամ անտարբեր վերաբերմունքը կարեւոր չէ, կարեւորը այն փաստի ընդունումն է, որ սոցիալական մուտացիան ուղղակի գոյություն ունի»,- ասում է նա։ Ցուցահանդեսը սպառողական հասարակության մուտացիոն երեւույթների մասին հենց մուտացիայի ենթարկված միջոցներով է խոսում, եւ այդ խոսակցությանը հետեւելը շատ հետաքրքիր է։