Թթղ քիչ լինի, բայց իսկական

31/03/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Թատրոնի գոյության համար հարկավոր է երկու հարթության վրա գտնվող իրականություններ ունենալ. մեկը` պիտի կատարվի բեմում, իսկ մյուսը` դահլիճում: Այսինքն` պետք է ներկայացում ու հանդիսատես լինի: Առաջինը մենք քիչ թե շատ ունենք, քանի որ թատրոնները շատ են ու, բնականաբար, նրանք բավականին շատ բեմադրություններ են արտադրում (ըստ պլանի): Իսկ երկրորդ պարտադիր բաղադրիչը (հանդիսատեսը) թատրոնների ղեկավարների համար միշտ գլխացավանքի աղբյուր է հանդիսանում, քանի որ մարդիկ, չգիտես ինչու, չեն շտապում թատրոն գնալ: Ճիշտն ասած, բոլորս էլ գիտենք, թե ինչու հայաստանցին չի շտապում հանդիսատես դառնալ: Սակայն այդ պատճառների մասին մտորելու ու դրանցից հետեւություն անելու փոխարեն, թատրոնների ղեկավարներն ու թատրոնի ոլորտի պատասխանատուները որոշում են առանց ավելորդ հարցերի, վաղուց արդեն ձեւավորված արատավոր մոտեցումը կիրառել. նրանք մարդկանց պարտադրում են տոմս գնել, հանդիսատես դառնալ ու այնուհետեւ` Մշակույթի նախարարություն են ներկայացնում խմբագրված գեղեցիկ փաստերը (այն է` եթե հանդիսատես կա, ուրեմն թատրոն էլ կա)։

Հաճախելիություն ապահովելու մեխանիկան հիմնականում օգտագործվում է դեռահասների պարագայում, քանի որ մեծահասակներին հանուն թատրոնի գումարից հրաժարվել ստիպելն այդքան էլ հեշտ չէ, իսկ երեխային` հեշտ է: Տոմսերն իրացվում են հիմնականում մայրաքաղաքի ու մարզերի դպրոցներում (վերջերս՝ հատկապես մարզերում, Երեւանից դուրս ընդվզողներն ավելի քիչ են, իսկ ժամանցի վայրերը գրեթե բացակայում են): Եվ բնավ էլ հաշվի չեն առնվում երեխաների պահանջներն ու հոգեբանությունը: 8-ամյա երեխաներին կարող են պարտադրել Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմադրած «Համլետի» տոմս գնել: Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թատրոններն ու դպրոցները հենց այդպես են համագործակցում: Իսկ դպրոցի ուսուցիչները աշակերտների ծնողներին ներողամտության ակնկալիքով ասում են` դե, պետք է տոմսերը գնեք, ի՞նչ անենք, այդպես է կարգը, մեզ էլ են ստիպում: Մարզային դպրոցներից երեխաներ բերելու համար ավտոբուսներ են տրամադրվում, որպեսզի հանկարծ պատանի հանդիսատեսի «գլխաքանակը» չպակասի, որպեսզի թվեր նկարվեն, ու դահլիճը լիքը երեւա: Որոշ ռեժիսորներ, օրինակ, դիմում են թաղապետարաններին` դպրոցների համար տոմսեր գնելու խնդրանքով: Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ դահլիճը լիքը պիտի լինի։ Միգուցե, եթե մարզային դպրոցականները չլինեն, թատրոնների ղեկավարներն ավելի հստակ պատկեր կկազմեն իրենց հանդիսատեսի մասին ու կկարողանան ստուգել իրենց խաղացանկային ընտրությունը։ Չէ՞ որ, եթե հանդիսատեսը երեխաներ են, ուրեմն հենց երեխաների համար է պետք ներկայացում բեմադրել։ Սակայն շատ քիչ թատրոններում են երեխաների համար որակյալ ներկայացումներ ստեղծվում, երեխաներին պարզապես օգտագործում են մեծահասակների անճարությունը կոծկելու համար։

Այդ հակատրամաբանական մոտեցումը թատրոններին թույլ է տալիս աշխատանքային մթնոլորտի պատրանք ստեղծել: Զարմանալին այն է, որ այդ պատրանքին ուշիմ հավատում են հենց թատրոնների տնօրենները, որոնք հետո ասուլիսներ են հրավիրում ու ասում, որ իրենց թատրոններում 90%-անոց հաճախելիություն կա: Խորհրդային Միությունից ժառանգած այդ փտած կարգը թույլ չի տալիս հասկանալ` ով ով է մեր թատրոնում: Այդ մոտեցումը օգնում է հոգեվարքի մեջ գտնվող թատրոններին՝ ջրի երեսին մնալ, ու շատ հաջող նպաստում է երիտասարդ հանդիսատեսի ճաշակը փչացնելու գործին:

Վաղվա հանդիսատեսին այսօր են պատրաստում

Այդ արհեստականորեն «փակված» թատերային շրջանակը մի օր անպայման պետք է պայթի: Եվ պայթյունը պետք է սկանդալային լինի, ասենք` որեւէ ծնող պետք է դատի տա դպրոցի տնօրենին` իր երեխային բարոյական վնաս հասցնելու համար, կամ` որեւէ ազնիվ բեմադրիչ դատարան կհրավիրի թատրոնի տնօրենին` իր արած գործը նսեմացնելու մեղադրանքով: Եկեք ընդունենք, որ ռեժիսորի համար շատ ստորացուցիչ է, երբ իր գործը չի գնահատվում, իսկ նրան ասվում է` ոչինչ, խաբիր ինքդ քեզ, մենք քեզ համար հանդիսատես կապահովենք:

Վերջերս շատ խորհրդանշական նախադեպ տեղի ունեցավ Կամերային երաժշտական թատրոնում, որը Մշակույթի նախարարության կողմից հայտարարված է՝ որպես «ազատ բեմ», ու պետք է փորձարարական ներկայացումների հարթակ դառնա: Այդ թատրոնում ցուցադրվում էր Սերգեյ Դանիելյանի «Սերոժիկ» ներկայացումը (ռեժիսոր Սերժ Մելիք-Հովսեփյան), մի աշխատանք, որն աննկատ չմնաց մեր քաղաքում (ինչպես պատահում է շատ ներկայացումների դեպքում), տարաբնույթ կարծիքների առիթ տվեց, բայցեւայնպես՝ իր հանդիսատեսն ունեցավ։ «Սերոժիկը» առատ է ցենզուրայից դուրս բառերով, զվարճալի ու ճանաչելի դիմակ-բնավորություններով։ Սա ամբողջական ու ծիծաղելի (չշփոթել՝ խնդալու հետ) հեղինակային ներկայացում է, որը կարող են դիտել միայն 16 տարեկանից բարձր անձինք։ Այդ մասին նշվում է բոլոր պաստառներում ու տոմսերի վրա։ Ի դեպ, Սերգեյ Դանիելյանը միշտ շատ խիստ է մոտեցել այդ նախազգուշացմանը, եւ երբ դահլիճում մի քանի երեխա է տեսել, ներկայացումը սկսելուց առաջ նրանց խնդրել է դուրս գալ: Սակայն վերջերս ներկայացումը դիտելու էին եկել Արմավիրի մարզից ժամանած շուրջ 70 դպրոցականներ։ Եվ Ս. Դանիելյանը հրաժարվել է խաղալ իր ներկայացումը՝ պատճառաբանելով, որ աշակերտները 16 տարեկանից ցածր են։ Թատրոնն ու ներկայացման հեղինակները խզել են պայմանագիրն, ու Ս.Դանիելյանը վիրավորված հեռացել է թատրոնից՝ ասելով. «Կան բաներ, որոնք երեխաները չպիտի լսեն»։ Թատրոնի տնօրեն Դավիթ Հակոբյանն այդ պատմությունը բացատրում է Ս.Դանիելյանի սկզբունքայնությամբ. «Նա ընդվզեց՝ դահլիճում մանուկ հանդիսատես տեսնելով։ Դա շատ տհաճ միջադեպ ստեղծեց, քանի որ Սերգեյն առանց ինձ տեղյակ պահելու հեռացավ թատրոնից։ Մենք էլ դադարեցրեցինք մեր պայմանագիրը»։ Իսկ ինչո՞ւ են երեխաներին տոմս վաճառել, եթե պայմանագրում տարիքային սահմանափակում կա. այս հարցին նա պատասխանեց. «Անձամբ ես համարում եմ, որ 8-րդ դասարանցիներին մանուկ համարելն ուղղակի ծիծաղելի է, քանի որ նրանք շատ ավելի «բաց» ինֆորմացիայի են տիրապետում ինտերնետի միջոցով։ Եվ նրանք թատրոն էին եկել հատուկ Սերգեյ Դանիելյանին տեսնելու։ Ինչպե՞ս կարող էինք իրենց մերժել»։

Հասկանալի է, որ Սերգեյ Դանիելյանին երեխաները շատ են սիրում, սակայն նրա ներկայացումն ու սերիալում խաղացած դերը բոլորովին այլ բաներ են։ Եթե երկրորդը նրանք ընկալում են, ապա առաջինը հաստատ նրանց ականջների համար լինել չի կարող, քանի որ լի է «գոտկատեղից ներքեւ» արտահայտություններով ու իրավիճակներով, չնայած, որ ներկայացման վերնագիրը մանկական ենթատեքստ է հուշում։

«Ես 20 տարի իմ հանդիսատեսին հատիկ-հատիկ, մարգարիտների նման հավաքել եմ, եւ փորձում եմ հենց նրանց համար աշխատել: Ո՞վ ասաց, որ ներկայացման ժամանակ թատրոնն անպայման պիտի լիքը լինի, թող 30 հանդիսատես լինի, բայց ես կիմանամ, որ դա իմ հանդիսատեսն է, այն մարդիկ են, որոնք ինքնակամ են եկել թատրոն, փող են տվել ու գիտեն` ի՞նչ են ինձանից սպասելու»,- նեղսրտած ասում է Ս.Դանիելյանը: Դ.Հակոբյանը վստահեցնում է, որ իրենք «բաց դրամարկղի» սկզբունքով են աշխատում ու արհեստականորեն դահլիճ չեն լցնում։ «Մարզերից հայտեր ենք ստանում ու տոմսեր ենք վաճառում»,- ասում է նա։ Սակայն ստացվում է, որ «Սերոժիկի» դեպքում թատրոնը չկարողացավ մերժել երեխաներին, որոնք թատրոն էին եկել՝ չիմանալով, թե իրականում իրենց ինչ է սպասվում։ Իսկ թատրոնը գերադասել է այդ մասին չասել նրանց։ Եթե նույնիսկ դա արվել էր բարի մղումներից դրդված, դա խաբեություն էր։ Եվ պետական թատրոնին չհետաքրքրեց, որ երեխան՝ ոչ իրեն հասցեագրված ներկայացումը դիտելով՝ կարող է ընդհանրապես հիասթափվել թատրոնից ու մեծանալուն պես` այլեւս թատրոն գնալ չի ցանկանա: Եթե ներկայացումը խաղացվեր, ապա հոգեբանական վնասներն ավելի մեծ կլինեին, քան ֆինանսական կորուստները։

Շատ ուրախալի է, որ ամենալուրջ թատերային այս խնդիրները (ի՞նչ են սպասելու, ու ո՞վ է թատրոն գալու) բարձրացնում է հենց Ս. Դանիելյանը, քանի որ նա ոչ միայն լուրջ, շնորհալի ու կայացած դերասան է, այլեւ` իր էությամբ անկախ ու մոբիլ մարդ է: Նա փակուղու մեջ չի հայտնվի, նրան չեն կարողանա որեւէ բան ստիպել՝ ընկերական ու գումարային հարաբերությունները պահպանելու համար գործարքի գնալ: Ս. Դանիելյանի երկու վերջին՝ «Սերոժիկ» ու «Շարքային Դանիելյան, հուշեր բանակից» ներկայացումների ֆորմատը շատ կամերային է, նրանք ավանդական բեմական կառույցի կարիք չունեն: Սա թատրոնի այն տեսակն է, որտեղ մի դերասանը միաժամանակ հեղինակ ու բազմադիմակ թատերախումբ է: Եվ այն կարելի է ցանկացած հարթակում խաղալ։ Եվ այժմ Ս.Դանիելյանն իր ներկայացումները խաղում է ակումբներում, որտեղ պատահական հանդիսատես չկա, սակայն ճիշտ մթնոլորտ ու ճիշտ կազմակերպած կոմերցիա կա։ Այդպես հաստատ ավելի ազնիվ է։ Եվ դա ավելի շուտ հասկանում են մասնավոր ակումբների տերերը, քան պետական պլան ունեցող, պետական բյուջեից սնվող ու պետության «վզին» նստած թատրոնները, որոնք երեխաների միջոցով են փող բերում թատրոն ու վաղվա հանդիսատեսի ճաշակն են այլասերում՝ հանուն հենց հիմա դրամարկղում փող ունենալու մոլուցքի։