«Փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործով կան նոր վարկածներ, եւ բոլորի ուղղություններով աշխատանքներ են տարվում»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանը: «Ոստիկանության պետի, ԱԱԾ ղեկավարի եւ ՀՀ գլխավոր դատախազի համատեղ հրամանով ստեղծվել է համատեղ քննչական խումբ, որտեղ ընդգրկված են լուրջ, փորձառու աշխատողներ: Բոլոր ուղղություններով աշխատանքները շարունակվում են այս դրությամբ նույնպես: Թող տպավորություն չստեղծվի, որ երբեւէ աշխատանքները կարող են դադարել, եթե ոչ ամեն օր, ապա գոնե երկու օրը մեկ հավաքվում, քննարկում ենք աշխատանքների ընթացքը»,- նշել է Հունան Պողոսյանը` չմանրամասնելով, թե ինչ վարկածների մասին է խոսքը: Հիշեցնենք, Գ. Մհերյանը սպանվել էր փետրվարի 3-ին իր բնակարանի մոտ: Ի դեպ, ոչ պաշտոնապես շրջանառվող սպանության մի քանի վարկածների թվում ոմանք չէին բացառում, որ դա կարող է կապված լինել կեղծ անձնագրերի թողարկման հետ: Իսկ նախօրեին պաշտոնապես հաղորդագրություն է տարածվել, որ կեղծ անձնագրերի տրամադրման մեղադրանքով ձերբակալվել են իրավապահ համակարգի որոշ պաշտոնյաներ: