Օրերս խմբագրություն էին դիմել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի աշակերտների մի խումբ ծնողներ եւ բողոքել, որ երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել` պահանջելով աշակերտներից ներկայացնել իրենց ծնողների անձնագրերի տվյալները` Երեւանի ավագանու ընտրություններին ՀՀԿ համամասնական ցուցակի օգտին քվեարկելու համար: Նրանց պատմելով` աշակերտների ծնողների եւ ընդհանրապես` նրանց ծանոթ-բարեկամների անձնագրերի տվյալներ հավաքելու աշխատանքներ են կատարում նաեւ Հեքեքյանի երգչախմբի ավագները, որոնք, ըստ այդմ, սկսել են զանգահարել աշակերտներին` տեղեկացնելու համար մաեստրոյի ցուցումների մասին: Մեզ հետ զրույցում Տ. Հեքեքյանը նշեց, որ ինքը նման բան չի արել: «Ես ոչ ոքի անձնագրի տվյալներ չեմ ուզել: Այդտեղ ուրիշ բան է եղել, ես զրույց եմ ունեցել եւ խնդրել եմ, հորդորել եմ, որ անպայման գնան ընտրության: Ես ընտրում եմ Սաղմոսավան գյուղում, եւ բավական դժվար է ինձ համար ամեն անգամ գնալ ընտրության, բայց բոլոր ընտրություններին էլ` գյուղապետի, ԱԺ-ի, նախագահի (ցավոք` այնքան շուտ-շուտ են վերջերս լինում), իմ այս սուղ ժամանակով գնում-հասնում եմ այնտեղ, դրանով ուզում եմ օրինակ ցույց տալ: Այդպիսի բան չկա: Բայց նույնիսկ, եթե լինի էլ այդպիսի բան, ինձ թվում է, թե դա ինչ-որ թեմա չէ: Ասենք թե ես, օրինակ, ինչպես դուք եք ասում` ինչ-որ բան արել եմ, ասել եմ, դա իմ խնդիրն է, իմ իրավունքն է առաջարկել, ինչ-որ մեկն էլ կարող է ասել` չեմ ուզում: Ընդամենը: Բայց ես Ձեզ ասացի` ինչպես է իրականում դա եղել: Ես մի 5 տարի առաջ ընտրություններին «Բարի լույս» ծրագրով ելույթ եմ ունեցել, ասել եմ՝ ես գնալու եմ ընտրության եւ հորդորում եմ բոլորին ընտրել, որովհետեւ, եթե մենք չենք ընտրում, մենք թույլ ենք տալիս, որ մեկը մեր փոխարեն ընտրի: Կամ երբ հասարակությունը չի ընտրում, դա նշանակում է, որ հասարակությունն անտարբեր է: Ավելի ահավոր բան չկա, քան անտարբեր հասարակությունն է: Այն, ինչ որ մենք ունենք այսօր պառլամենտում, դա մենք ենք, մեր շնորհիվ է: Մեկն իր ձայնը տալիս է ուրիշին, մեկն իր ձայնը ընդհանրապես չի օգտագործում, մյուսը գնում է հանուն ինչ-որ մի բանի: Հետեւաբար՝ ես միշտ հորդորում եմ գնալ ընտրությունների, եւ եթե ինչ-որ մի ծնող լավ չի հասկացել, դա արդեն իր խնդիրն է: Փառք աստծո, ես ինչ անում եմ, անում եմ բաց` բոլորի ներկայությամբ»,- ասաց Տ. Հեքեքյանը: