Մարտի 27-ին Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հյուրընկալել էր թատերական գործիչներին: ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը օրվա կապակցությամբ պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով: Գ. Բեգլարյանը սիրված դերասանուհուն նույնացրել է իր առաջին ուսուցչուհու հետ։ «Դուք երկուսդ էլ ուղեկցել եք ինձ ողջ կյանքում»,- նշել է նա: Օրվա կապակցությամբ Գ. Բեգլարյանի կողմից պարգեւատրվել են 400-ից ավելի թատերական գործիչներ: Ամենատարեց 15 դերասաններին ծաղիկները եւ պարգեւատրումները հանձնել են նրանց փոխարինողները` ամենաերիտասարդ 15 դերասանները: Դերասաններին ուղղված շնորհավորական խոսքում Գ. Բեգլարյանն ասել է, որ իր կողմից ամեն ինչ արվելու է, որպեսզի վերականգնվեն հին ու գեղեցիկ ավանդույթները, երբ աշակերտները պարտադիր թատրոն էին այցելում` դասեր առնելու նաեւ բեմից: «Քաղաքապետարանը եւ անձամբ ես փորձելու եմ ամեն ինչով աջակցել ձեզ, լինել ձեր կողքին»,- նշել է նա: