Դեռեւս հունվարին «7-ի գործով» քաղբանտարկյալ պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանն ու եւ Հակոբ Հակոբյանը դիմել էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` պահանջելով արտահերթ նիստ հրավիրել իրենց եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մասնակցությամբ:
Ավելի քան 1 տարի առաջ` 2008թ. մարտի 4-ի ԱԺ արտահերթ նիստում Ա.Հովսեփյանն ԱԺ-ին միջնորդություն էր ներկայացրել այն մասին, թե բավարար հիմքեր կան կասկածելու, որ նշված երեք պատգամավորները, ինչպես նաեւ՝ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, իշխանությունը բռնությամբ զավթելու նպատակով զանգվածային անկարգություն են կազմակերպել: Եվ այս 1 տարվա ընթացքում Ա.Հովսեփյանի ղեկավարությամբ «7-ի գործի» քննությունն այդպես էլ չի կարողացել այդ մեղադրանքներով բավարար ապացույցներ ներկայացնել ազատազրկված 3 պատգամավորներին եւ հետախուզման մեջ գտնվող Խ.Սուքիասյանին: Ավելին, դատավարական փակուղուց դուրս գալու եւ ԵԽ ԽՎ պահանջները կատարելու համար իշխանությունները գրեթե ամբողությամբ փոխեցին Քրեական օրենսգրքի 225-րդ եւ 300-րդ հոդվածները: Եվ ահա 2 ամիս անց քաղբանտարկյալ երեք պատգամավորները նորից են դիմել ԱԺ նախագահին ու պատգամավորներին` պահանջելով արտահերթ նիստ հրավիրել եւ չեղյալ համարել 2008թ. մարտի 4-ի այն որոշումը, որի համաձայն՝ իրենք զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից: Դեռեւս փետրվարի 2-5-ը ընթացող քառօրյայի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը փորձում էր պատգամավորներից ստորագրություններ հավաքել, որպեսզի ապահովվեր գլխավոր դատախազի ու քաղբանտարկյալ պատգամավորների ներկայությամբ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախագծի քննարկման համար անհրաժեշտ ստորագրությունները: Նախագիծը շրջանառության մեջ դնելու համար պահանջվում էր առնվազն 44 ստորագրություն, սակայն քաղբանտարկյալների առաջարկին միացել էին ընդամենը 7 պատգամավոր` «Ժառանգության» 5 անդամները եւ անկախ պատգամավորներ Տիգրան Թորոսյանն ու Վիկտոր Դալլաքյանը:
Երեկ փորձեցինք ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներից ճշտել` ՔՕ այդ հոդվածների փոփոխությունից հետո, երբ Հատուկ քննչական ծառայությունը դատարանին խնդրել է 10 օր ժամանակ տալ քաղբանտարկյալների մեղադրանքը վերաձեւակերպելու եւ օրենքների նոր տարբերակին համապատասխանեցնելու համար, պատգամավորներն այս անգամ չե՞ն ընդառաջելու իրենց գործընկերների առաջարկին: Գլխավոր դատախազին չե՞ն հրավիրի ԱԺ` բանտարկված ու հետախուզման մեջ գտնվող պատգամավորներին կալանքի մեջ պահելու նոր հիմնավորումներ պահանջելու համար:
«Մեր գործընկեր պատգամավորների նամակն օրվա երկրորդ կեսին է հասել խորհրդարան: Բնականաբար, խնդիրը պետք է քննարկվի խմբակցություններում: Կոնկրետ մեր խմբակցությունում դեռ չի քննարկվել, մեր պատգամավորները դեռեւս ծանոթ էլ չեն նամակի բովանդակությանը: Ու քանի որ վաղն էլ աշխատանքային օր չէ, մենք սպասում ենք, որ եկող շաբաթվա առաջին օրերին խնդիրը կքննարկենք եւ կունենանք մեր խմբակցության պատասխանը: Ես ինքս ծանոթ եմ պատգամավորների հիմնավորմանը, բայց քանի որ իրավաբան չեմ, չեմ ցանկանում սիրողական մակարդակով մեկնաբանություն անել, ուստի ես տեսնում եմ զուտ պրոֆեսիոնալների խորհրդատվության անհրաժեշտությունը: Կարծում եմ նաեւ, որ առաջիկայում խնդիրը պետք է քննարկվի մեր կոալիցիոն գործընկերների հետ: Բայց մի բան հստակ է, որ նշյալ հոդվածների վերաձեւակերպումը եւ վերախմբավորումը առաջացնում է նաեւ մեղադրանքը վերաձեւակերպելու խնդիր»,- ասում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Արտյուշա Շահբազյանն էլ կարծում է, որ առայժմ լավ կլինի սպասել ու տեսնել, թե ապրիլի 1-ին ՀՔԾ-ն կալանավորված պատգամավորների նկատմամբ ի՞նչ նոր մեղադրանք է ներկայացնելու: Դաշնակցական պատգամավորը դեռ ծանոթ չէր իր գործընկերների ներկայացրած դիմումին ու հիմնավորումներին: Սակայն` որպես ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ՝ նա շատ լավ ծանոթ է ՔՕ հոդվածների փոփոխություններին: Արդյո՞ք այդ փոփոխությունները պարոն Շահբազյանին այս հարցում ոչինչ չեն հուշում:
«Դրա համար հիմք կծառայի Դատախազության արձագանքը, թե իրենք ինչ պետք է անեն, նոր մեղադրա՞նք են շարադրելու, նոր մեղադրանքն ինչպե՞ս պետք է շարադրեն: Ճիշտ կլինի, որ Դատախազության պատասխան քայլից հետո նոր որոշենք մեր անելիքը»,- պատասխանեց պարոն Շահբազյանը:
Անձեռնմխելիությունից զրկված 4 պատգամավորներն էլ մեղադրվում են ՔՕ 225-րդ հոդվածի 3-րդ եւ 300-րդ հոդվածի 1-ին մասերով, որոնք փոփոխությունների արդյունքում այլեւս չեն գործում: Պատգամավորներն ԱԺ-ին ուղղված իրենց դիմումում նշել են, թե քանի որ այդ հոդվածներով այլեւս չի կարող քրեական հետապնդում իրականացվել եւ իրենց գործողություններում հանցակազմ չկա, ուրեմն գլխավոր դատախազի` անցած տարվա ներկայացրած միջնորդությունը չի կարող հիմք ծառայել իրենց անձեռնմխելիությունից զրկելու համար: Հետեւաբար՝ նրանք ԱԺ-ից պահանջում են անհապաղ նիստ գումարել եւ վերականգնել իրենց պատգամավորական անձեռնմխելիությունը:
Իսկ ի՞նչ են մտածում պատգամավորների նոր դիմումի վերաբերյալ ԱԺ «Հանրապետական» խոմբակցությունում: Ըստ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի, այս պահին խմբակցությունում նման հարց չի քննարկվում, եւ այդ «հարցը պետք է քննարկել ոչ թե ԱԺ-ում, այլ իրավական հարթության մեջ»: «Այս պահին քննարկում չեմ ծավալել, մենք չենք ստորագրել, որովհետեւ նման հարց օրակարգում չկա, եւ երկրորդը գտնում ենք, որ այդ հարցն իրավական հարթության մեջ է»,- ասաց Շարմազանովը:
«Ժառանգությունը», սակայն, երեկ իր գործընկերների դիմումը քննարկել է ոչ միայն խմբակցությունում, այլեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը տեղեկացրեց, որ ինքը եւ խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը երեկ կեսօրին հանդիպել են Հ.Աբրահամյանի հետ: «Որքան հասկացա մեր խոսակցությունից, նա երկուշաբթի պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկի: Հասկացա նաեւ, որ հարցը արտահերթ նիստ հրավիրելուն չի հասնի»,- ասաց տիկին Բախշյանը:
Տեղեկացնենք, որ ԱԺ հաջորդ քառօրյան սկսվելու է ապրիլի 6-ին, իսկ «7-ի գործով» դատավարությունը վերսկսվելու է ապրիլի 1-ին: Մինչեւ քառօրյայի սկսվելը հայտնի կլինի, թե ինչ նոր մեղադրանք է ներկայացվելու քաղբանտարկյալներին: Տիկին Բախշյանը նաեւ ասաց, որ եթե մինչեւ ապրիլի 6-ը ոչինչ չարվի, իրենց խմբակցությունը պատգամավորների անձեռնմխելիությունը վերականգնելու նոր քայլեր կձեռնարկի: