Դատարանը սխալ է

28/03/2009

Փաստաբանների պալատը որոշել է վարույթներ հարուցել «7-ի գործով» մեղադրվող քաղբանտարկյալների 5 պաշտպանների նկատմամբ: Պալատի այս որոշման առիթը «7-ի գործով» դատավոր Մնացական Մարտիրոսյանի դիմումն է` փաստաբանների նկատմամբ կարգապահական սանկցիա կիրառելու վերաբերյալ: Արդյո՞ք դա նշանակում է, որ Փաստաբանների պալատն ընդունում է փաստաբանների կողմից անհարգալից վերաբերմունք դրսեւորելու փաստը: Պատասխանելով այս հարցին՝ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ կարգապահական վարույթի հարուցումը դեռեւս չի նշանակում, որ «փաստաբանների արարքում կա այն խախտումը, որը ներկայացրել է դիմող կողմը»` դատավոր Մնացական Մարտիրոսյանը: «Հովիկ Արսենյանի մասով, միանշանակ, ես գտնում եմ, որ դատարանը սխալ է: Մյուսների մասով չեմ ուզում արտահայտվել, որովհետեւ դատական ատյանի ղեկավար եմ տվյալ դեպքում»,- ասել է Սահակյանը: Ըստ նրա, համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի 314 պրիմ հոդվածի, դատարանի սանկցիայի առկայության պայմաններում Փաստաբանների պալատի խորհուրդը պարտավոր է հարուցել կարգապահական վարույթ եւ այլ որոշում կայացնել չի կարող: Փաստաբանների պալատի վարույթը փոխանցվել է Կարգապահական հանձնաժողովին, որը պետք է որոշի` կա՞ խախտում, թե՞ ոչ, եւ համապատասխան տույժ` տուգանք կամ զգուշացում սահմանի փաստաբանների նկատմամբ: Հիշեցնենք, որ «7-ի գործով» դատավարության մարտի 17-ի նիստում Մնացական Մարտիրոսյանը որոշել էր, որ պաշտպանները, որոնք մարտի

16-ին լքել էին դատարանի դահլիճը, իսկ մարտի 17-ին չէին ներկայացել, այդպիսով անհարգալից վերաբերմունք են դրսեւորել դատարանի նկատմամբ, եւ որոշել էր սանկցիա կիրառել եւ այդ հարցով դիմել Փաստաբանների պալատ: Նշենք նաեւ, որ «7-ի գործով» դատապարտյալների փաստաբաններն են` Մելանյա Առուստամյանը (ով նաեւ Փաստաբանների պալատի խորհրդի անդամ է), Ստեփան Ոսկանյանը, Վարդուհի Էլբակյանը, Հովիկ Արսենյանը, Լիպարիտ Սիմոնյանը։