Բարի ցանկություններ

28/03/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Երեւանի ավագանու ընտրություններն իրենց որակով եւ բովանդակությամբ կարելի է հավասարեցնել համապետական ընտրությունների հետ: Երեկ նման տեսակետ է հայտնել «Ակունք» քաղաքական-վերլուծական կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Ըստ նրա` այս ընտրությունների պատճառով կա՛մ կարող է մեծանալ ներկայիս լարվածությունը եւ հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների, կա՛մ էլ կարող է մեղմվել այդ լարվածությունն ու հոգեմաշ իրավիճակը: Ռ. Հակոբյանի կարծիքով՝ ներքաղաքական կյանքը բնականոն զարգացման հուն կարող է տեղափոխվել, եթե լինեն համեմատաբար արդար ընտրություններ, որից գոհ լինեն ընտրողները: Ռ. Հակոբյանը համաձայնեց, որ եթե ժողովուրդն ընտրությունների հետեւանքով փողոց է դուրս գալիս եւ իր անհամաձայնությունն է հայտնում ընտրությունների արդյունքների կապակցությամբ, ապա դա ցույց է տալիս, որ արդար ընտրություններ չեն անցկացվել: «Եթե ժողովուրդն իսկապես տեսնում է, որ ընտրությունները կեղծվել են, եւ դուրս է գալիս փողոց, եւ մյուս կողմից՝ նրան ասել, թե Ձեր նախընտրած թեկնածուն չի հաղթել, դրա համար եք դուրս եկել, սա երեսպաշտություն է: Ժողովուրդը միշտ ճիշտ է: Նույնիսկ այն մարդիկ, որոնցից կաշառելով ձայն են խլել, նրանք իրենց ներսում դժգոհություն ունեն, ընդվզում են: Ժողովուրդը, եթե տեսնում է, որ արդար ընտրություններ են եղել, չի կարող դուրս գալ փողոց եւ աղաղակել»,- վստահեցրեց բանախոսը: Նա նաեւ ներկայացրեց արդար ու ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու իր ծրագիրը, որը բաղկացած էր 4 կետերից: Առաջին կետի համաձայն՝ համամասնական ցուցակները ղեկավարող քաղաքապետի թեկնածուները միասին ստորագրում են հուշագիր-հայտարարություն` արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Ըստ Ռ. Հակոբյանի՝ սա տարածված պրակտիկա է ժողովրդավարացման ուղին բռնած բազմաթիվ երկրների համար: Երկրորդ կետը վերաբերում էր նրան, որ մինչեւ ընտրությունների ավարտն իրենց լիազորությունները վայր են դնում պետական համակարգում աշխատող քաղաքապետի թեկնածուները, որպեսզի վարչական ռեսուրսները չօգտագործեն իրենց օգտին: Սա, իհարկե, առաջին հերթին վերաբերում էր Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Գագիկ Բեգլարյանին: Ռ. Հակոբյանը նշեց, որ ճիշտ չի գնահատում նրան ընտրություններից մի քանի ամիս առաջ քաղաքապետի պաշտոնակատար նշանակելը: «Ինձ համար անհասկանալի է, որ կոալիցիոն գործընկերները լռելյայն համաձայնեցին այս նշանակմանը»,- ասաց նախկին դաշնակցական Ռ. Հակոբյանը` հավելելով, որ, հնարավոր է, ինչ-որ պայմանավորվածություններ կոալիցիոն ուժերի միջեւ կան այս առումով: «Բայց նաեւ չի բացառվում, որ այս ընտրությունները կոալիցիայի քայքայվելու պատճառ դառնան, եթե իսկապես անարդար գործընթաց լինի»: Ռ. Հակոբյանը վստահ էր, որ եթե այս երկրորդ կետի պահանջը կատարվի, ապա Տիգրան Կարապետյանն էլ որպես մասնավոր հեռուստաընկերության ղեկավար՝ չի օգտվի իր հեռուստաընկերությունն օգտագործելու առավելություններից: Ռ. Հակոբյանի ծրագրի երրորդ կետը վերաբերում էր հանրային խորհրդին: Ըստ նրա` խորհրդի հիմնական առաքելությունը հասարակության եւ իշխանությունների միջեւ միջնորդ հանդիսանալն է, եւ խորհուրդը կարող է ամբողջությամբ ընդգրկվել Երեւանի ավագանու ընտրությունների գործընթացի մեջ: Ռ. Հակոբյանի կարծիքով՝ Հանրային խորհուրդը պետք է ընտրությունների արդար անցկացման համար պատասխանատվություն կրելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես գա, իսկ ընտրություններից հետո ժողովրդի կողմից խորհրդի գնահատականը ինքնըստինքյան կգա: «Այսինքն` կերեւա, թե խորհուրդն իսկապե՞ս իրականացնում է այն առաքելությունը, որի համար կոչված է, որը կա իր կանոնադրության մեջ, թե սա հերթական կամ հերթապահ մի կառույց է, որը ծառայում է իշխանությանը»,- ասաց Ռ. Հակոբյանը: Ծրագրի չորրորդ կետը վերաբերում էր լրատվամիջոցների հավասար օգտագործմանը բոլոր թեկնածուների կողմից: Ռ. Հակոբյանը նշեց, որ հեռուստաալիքները գտնվում են իշխանությունների վերահսկողության տակ, սակայն վերջիններս պետք է կամք դրսեւորեն եւ թույլ տան, որ համամասնական ցուցակի ղեկավարները միասնաբար, օրենքի շրջանակներում, համաձայնեցված ձեւով լրատվամիջոցներից օգտվելու տարբերակ մշակեն եւ իրագործեն: Բանախոսը շեշտեց, որ իր նշած այդ չորս կետերի իրականացման համար, այնուամենայնիվ, անհրաժեշտ է «իշխանության բարի կամեցողությունը», եւ եթե իշխանությունը ցանկանա, այդ կետերը կիրականացվեն: Ըստ նրա՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է մեծ պատասխանատվություն վերցնի իր վրա եւ պետք է քաղաքական կամք դրսեւորի` այս ընտրություններում ապացուցելու համար, որ իր խոսքն ու գործը համապատասխանում են: «Ես այնքան միամիտ չեմ, որ չպատկերացնեմ, որ ի վերջո իշխանությունն իր լծակներն օգտագործելու գայթակղությունից չի օգտվի: Քաղաքապետի հիմնական թեկնածուներից մեկին այդ պաշտոնում նշանակելով` նա արդեն իսկ հայտ է ներկայացնում, որ օգտվելու է վարչական ռեսուրսներից: Բայց կարծում եմ, քանի դեռ ոչինչ արված չէ, կարելի է քաղաքական կամք դրսեւորել եւ օգտագործել խոսքը գործի վերածելու այս հնարավորությունը»,- եզրափակեց Ռ. Հակոբյանը: