«Ինչպե՞ս պետք է պետությունը նայի անպաշտպան, խոցելի այդ երիտասարդների աչքերին»,- հարցնում է Անահիտ Բախշյանը

28/03/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը չի դադարում ահազանգել այն մասին, որ ինչպես նախորդ տարիներին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մանկատան շրջանավարտների համար բնակարան գնելու գումարները «շորթեց», այնպես էլ ներկայումս նրանց համար բաց է այն ճանապարհը, որով շարունակելու են այդ գումարները «լվանալ»: Մասնավորապես անդրադառնալով 2009թ. պետբյուջեով նախատեսված «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրին` Ա. Բախշյանը վստահեցնում է, որ բյուջեի հոդվածներում առկա տողերն անհասկանալի եւ անվերահսկելի են: ԱԺ պատգամավորը բյուջեի նախագծի քննարկման ժամանակ առաջարկել է «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի կատարումը վերցնել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գործառույթից եւ այն վերապահել մեկ այլ վստահելի գերատեսչության կամ մրցույթ հայտարարելով՝ հանձնել մի հասարակական, անկախ կազմակերպության: «Ես ասացի, որ Վերահսկիչ պալատի մանկատան շրջանավարտների փողերն ուտելու աղաղակող փաստերից հետո` պետք չէ կրկին այդ գործը վստահել քաղաքական այդ ուժին, բայց մարդիկ կրկին նրանց հանձնեցին: Մենք ականատես եղանք, որ տարիներ շարունակ տապալում են այդ ծրագիրն ու փոշիացնում բյուջեի փողերը, բայց…»,- ասում է Ա. Բախշյանը, ում տեղեկություններով` այդ չարաշահումների փաստերի մասին բացահայտումից հետո որոշ մարդիկ այնուամենայնիվ ձերբակալվել են: Ի դեպ, 2009թ. բյուջեի հոդվածներով նախատեսված հսկայական գումարների տրամադրումն այնքան էլ հիմնավորված չէ, հետեւաբար, չկան այն չափորոշիչներն, ըստ որոնց՝ օրենսդիրը կվերահսկի այդ գումարները: Օրինակ` «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի համար բյուջեի 153-րդ էջում ամրագրված է. «ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին աջակցություն եւ խորհրդատվություն» ծրագրի համար տրամադրել 42.7մլն դրամ», «ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների կրթաթոշակի եւ միանվագ դրամական օգնություն տրամադրելու համար` 4.8 մլն դրամ»: Բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Ա. Բախշյանը հայտարարել է` «Անտրամաբանական է, որ աջակցության եւ խորհրդատվության համար նախատեսվող գումարը 10 անգամ գերազանցում է որբ երեխաներին կրթաթոշակ եւ դրամական օգնության տրամադրման համար հատկացվող գումարներին»: Հետեւաբար նա առաջարկել է 4.2.7մլն դրամը տրամադրել կրթաթոշակների եւ միանվագ դրամական օգնության, իսկ 4.8 մլն-ը` աջակցության եւ խորհրդատվության համար, մինչդեռ առաջարկը չի ընդունվել: 2003-ից սկիզբ առած այս ծրագրի համար պետբյուջեով տարիներ շարունակ հսկայական գումարներ են տրամադրվել, սակայն հատկապես վերջին երկու տարիներին, ըստ Ա. Բախշյանի, բյուջեից ոչ մի դրամ չի ծախսվել շրջանավարտների համար: «Բյուջեից հոսող գումարները չեն ծախսվել իրենց նպատակին, եւ այս նախադասության տակ հսկայական չափերի հանցագործ գործունեություն կա: Եթե մեր դժվար կայացող բյուջեի գումարները չեն ծախսվել մեր երկրի նպատակային ծախսերի համար, ուրեմն` ո՞ւր են այդ գումարները, ի՞նչ հանցավոր գործարքների, ո՞ւմ թույլտվությամբ, ո՞ւմ անտարբերության արդյունքում են դրանք գրպանվել…»,- հարցնում է նա` ավելացնելով, որ այս հարցերի պատասխանը պիտի իրավապահ մարմինները եւ ՀՀ Դատախազությունը տան: Այդուհանդերձ, ըստ տիկին Բախշյանի՝ այն քաղաքական ուժը, որը ստանձնել էր «Պետական աջակցություն մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի կատարումը եւ ձախողել էր` պետք է ենթարկվեր քաղաքական պատասխանատվության, իսկ ՀՀ Դատախազությունից պահանջվում էր հետեւողական, հիմնավոր գործունեություն խոշոր չափի կոռուպցիայի արմատը բացահայտելու համար. «Ի՞նչ պատասխան պիտի տա պետությունն այդ անպաշտպան, խոցելի երիտասարդներին, ի՞նչ համարձակությամբ պիտի նայի նրանց աչքերին: Ինչպե՞ս կարող է մեր պետությունն ասել, որ մարդու իրավունքները պաշտպանվում են, մարդն ուշադրության կենտրոնում է: Այս բոլոր փաստերը վկայում են, որ մեր պետությունն անչափ հեռու է սոցիալական արդարությունից, մարդու իրավունքների պաշտպանությունից եւ վերջապես պետական բյուջեն պաշտպանելու կամքից»: Ինչեւէ, Վերահսկիչ պալատի կողմից բացահայտված մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու խոշոր չափի գումարների չարաշահումներն, այնուամենայնիվ, դաս չտվեցին գործադիր մարմնին, քանի որ 2009-ի բյուջեի հոդվածները կրկին ենթադրում են փողերի «լվացում»: Ստորեւ ներկայացնում ենք բյուջեի այն կետերը, որոնց կատարումն ըստ էության դժվար վերահսկելի է, եւ խոշոր չափի գումարների ծախսերը հիմնավորված չեն:

1. Շրջանավարտների հիմնահարցերի ուսումնասիրություն – 452.4 հազ. դրամ:

2. Անհատական ծրագրերի կազմում – 2,908.8 հազ դրամ:

3. 2008թ. ծրագրի շահառուների հետագա կյանքի պայմանների վերահսկողություն – 3,056.6 հազ. դրամ:

4. Շահառուներին մանկատնից դուրս գրվելուց հետո հետագա կյանքին կեսճանապարհային ենթածրագիր – 3,216.0 հազ. դրամ:

5. Գնված բնակարանները շահառուներին հանձնելու պայմանագրերի պետական գրանցման ծախսեր – 2,273.3 հազ. դրամ:

6. Շահառուների մասնագիտական կողմնորոշման, ուսուցման եւ վերապատրաստման ծախսեր – 7,050.0 հազ. դրամ:

7. Փափուկ գույքի եւ գրենական պիտույքների ձեռքբերում ու տրամադրում – 4980.5 հազ. դրամ:

8. Բժշկական օգնության տրամադրում շահառուներին – 2,609.6 հազ. դրամ:

9. Ծրագրի իրականացման համակարգման աշխատանքներ – 16,161.2 հազ. դրամ:

ԱԺ պատգամավոր Ա. Բախշյանը չի հավատում բյուջեի վերոնշյալ տողերով նախատեսված ծախսերի արդյունավետությանը: Չկան այն չափորոշիչներն, ըստ որոնց՝ բյուջեի կատարողականը քննարկելիս կարելի է կողմնորոշվել, ստուգել այդ ծախսերը: Օրինակ` մատնանշելով 3-4-5-9-րդ կետերը՝ տիկին Բախշյանն ասում է, որ բացակայում են այն մեխանիզմները, որոնցով առաջնորդվելով պետք է ծախսվեն եւ վերահսկվեն այդ գումարները: Հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ բյուջեի տողերով անհամեմատ բարձր են այն գումարները, որոնք նախատեսված են համակարգման, աջակցության եւ խորհրդատվության համար, մինչդեռ շրջանավարտներին տրվող գումարները շատ փոքր են:

«ՀՀ կառավարությունն ընդդիմությանն առաջարկում է մասնակցել կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրին: Պարզապես չենք հավատում, չենք տեսնում այն կամքը, որ ուզում են կանխել կողոպուտը: Հանցագործությունների շղթայի ամեն օղակը մի պաշտոնյա է, եւ այդ օղակներին իրարից կտրելը շատ բարդ է»,- հայտարարում է տիկին Բախշյանն՝ ասելով, որ իրականում Վերահսկիչ պալատի բացահայտումները մնացին անպատիժ, ինչը ենթադրում է նոր հանցագործություն: